Նուբարաշենի զորամասում սպան այնպես է ծեծել զինվորին, որ վերջինիս բազմաթիվ կապտուկներով ու վնասվածքներով տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ։ Հրամանատարի դաժան ծեծի արդյունքում Մուրացանի հոսպիտալի դիմածնոտային բաժին էր տեղափոխվել 18-ամյա Էրիկ Գրիգորյանը։ Էրիկին զորամասից հիվանդանոց են տարել բազմաթիվ սալջարդերով, կոտրված քթով ու գլխուղեղի ցնցումով։ Հարազատների պատմելով՝ Էրիկն այդ օրը չի մասնակցել առավոտյան նախավարժանքին, ոտքը մեխ է մտած եղել։ Արմեն Բարեղամյանը դրա համար 1 ժամ 40 րոպե ծեծել է զինվորին, ընդ որում՝ ծեծը շարունակել է, երբ զինվորն արդեն ուշագնաց է եղել։ Հարազատների պատմելով՝ այնուհետև տարել է լվացարանի մոտ, ջուր է լցրել վրան, ուշքի բերել ու շարունակել է ծեծը՝ այս անգամ տաբուրետկայով։ Էրիկի հայրը՝ Գագիկ Գրիգորյանը, շատ տխուր էր. «Տղաս լավ չի, գլխի հետ կապված պրոբլեմներ ունի, քիթն էլ է կոտրված։ Ողջ մարմինը ցավում է, չի կարողանում սնվել, չի կարողանում նորմալ խոսել»։ Նա «ամենավերջին պատիժն» է ակնկալում ծեծող սպայի համար։ «Ինչի զինվորի հետ ս՞ենց են վարվում։ Մենք մեր տղային ուղարկել ենք, որ իրա երեխեքին պաշտպանենք, ոչ թե, որ ջարդվի, բերվի-գցվի էստեղ»։ ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնից ասել են, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն սպան դեռ կալանավորված չէ, նրան մեղադրանք դեռ չի ներկայացվել։ Լրատվության պատասխանատու Մերի Սարգսյանը փոխանցել է հետևյալը. «Փոխգնդապետ Արմեն Սուրենի Բարեղամյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ծեծի է ենթարկել ժամկետային զինծառայող Էրիկ Գրիգորյանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Փաստի առթիվ 01.11.2010 թ.-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժնում 375 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ»։ Ի դեպ, զորամասի հրամանատարի տեղակալ, սպա Արմեն Բարեղամյանի դեմ արդեն իսկ դատական հայց կա. մոտ մեկ ամիս առաջ նա մեկ այլ զինվորի էլ է ծեծել, և այդ գործն արդեն դատարանում է։ Սակայն անգամ այդ փաստը չի զսպել սպային։ Ավելին՝ նա չի ազատվել աշխատանքից ու փաստորեն նույն եռանդով շարունակել է զինվորների ծեծը։ Ի դեպ, տվյալ զորամասի հրամանատարը Վ. Վարդանյանն է։
No comments:
Post a Comment