«ՀՀԿ տարբեր գործիչներ հայտարարում են, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններում ունենալու են 50 տոկոսից ավելի ձայն և բաշխում են մյուս ձայները։ Սա անընդունելի գործելաոճ է, հարիր չէ մի երկրի, որը հայտարարում է, թե ժողովրդավարության ուղին է բռնել»,– նշեց նա։ Ընտրությունները, նրա խոսքով, «փոցխ են, որի վրա հինգ տարին մեկ կանգնում ենք, դեռ կկանգնենք, եթե չկայանանք որպես հասարակություն»։ Ըստ Արզումանյանի՝ իշխանությունն անում է ամեն ինչ, որ ապահովի իր մեծամասնությունն ապագա խորհրդարանում։ «Դա կանի կոալիցիոն փոքրիկ գործընկերների, թե հաճախորդների միջոցով, ցույց կտա ժամանակը։ Իշխանությունն ամեն ինչ անում է վերարտադրվելու համար և ցանկանում է ամբողջովին իր ձեռքը վերցնել ընտրությունների անցկացման գործընթացը»,– նշեց Արզումանյանը՝ հավելելով, որ դա է փաստում այն, որ «Ժառանգության» և ՀՅԴ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները իշխանության համար ընդունելի չեն։ Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ այսօրվա ընդդիմադիր դաշտը նախապատրաստվում է ոչ թե արտահերթ, այլ 2012թ.–ի հերթական խորհրդարանական ընտրություններին։ Ընդդիմությունը պետք է ձևավորի միասնական ճակատ՝ ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար։ Սակայն, ըստ Արզումանյանի, այսօր նման մոտեցումներ ընդդիմադիր դաշտում չեն նկատվում։ «Ընդդիմությունը պետք է «մեկ պատուհան» լինի, որի միջոցով հասարակությունը իր բողոքն է արտահայտելու։ Այս պահին ներքին քաղաքական դաշտում մեզ դիվանագիտությունն է պակասում, որպեսզի ընդդիմադիր ուժերը կամ իրենց ընդդիմադիր հռչակողները նստեն բանակցային սեղանի շուրջ և համատեղեն ուժերը»,– նշեց Արզումանյանը՝ համոզմունք հայտնելով, որ հասարակության մեծ մասն այսօր դեմ է գործող իշխանություններին և կկանգնի ընդդիմության կողքին։ Ինչ վերաբերում է արտահերթ նախագահական ընտրություններին, ապա Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ, որպես կանոն, առանց ֆորսմաժորային իրավիճակների նախկին ԽՍՀՄ երկրներում արտահերթ նախագահական ընտրություններ չեն անցկացվում։ «Տեր–Պետրոսյանն ասում է, որ երկիրը կործանման եզրին է, դրանից լավ ֆորսմաժո՞ր»,– նշեց նա։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններում նոր ուժերի ի հայտ գալուն, ապա Արզումանյանը կարծում է, որ դրա անհրաժեշտությունը առաջ է գալիս այն ժամանակ, երբ ընտրությունները կեղծելու ցանկություն է լինում։ «Քանի որ կասկած չկա, որ կեղծելու են ընտրությունները, ուրեմն կլինի այդ ուժի անհրաժեշտությունը»,– ասաց նա։
No comments:
Post a Comment