Այս տարվա դեկտեմբերին նախատեսված որակավորման քննությունները առավել քան ներկայացուցչական են լինելու, որոնց մասնակցելու են մասնավորապես, հայտնի պաշտոնյաների զավակներն ու հարազատները` վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր աղջիկը` Տաթեւիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի անդամ, Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանի աղջիկը` Հասմիկ Շահինյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանի կինը` Էմիլյա Առուստամյանը, ջավախահայության հիմնական հովանավորներից մեկը համարվող մոսկվաբնակ Նորիկ Թեւանյանի հարսը` Սյուզաննա Նազինյանը, գեներալ Աստվածատուր Պետրոսյանի հարսը եւ այլն: Oրենքի համաձայն, նոտարների որակավորման քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուն ունենա նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա ստաժավորում, եւ քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր աղջկա ստաժը մեկ տարուց քիչ է եղել, քննությունները ամռանից հետաձգել են դեկտեմբեր: Արդարադատության նախարարի համար առանձնապես մեծ դժվարություն չէր եղել, որակավորման քննությունը մի քանի ամիս հետաձգել: Ընդ որում, քաջատեղյակ մեր աղբյուրների մատուցմամբ, այս բոլոր թեկնածուների համար արդեն բարեխոսել են համապատասխան պաշտոնյաները: Իսկ Նորիկ Թեւանյանն ամենուրեք հայտարարել է, որ իր հարսն արդեն հունվարից աշխատելու է, ու նույնիսկ նրա աշխատասենյակն է պատրաստ: Թերեւս, հասկանալի է, որ նախարարի եւ ՀՀ վարչապետի մակարդակով ամեն ինչ արվելու է այս մարդկանց ոչ միայն քննությունն անցկացնելու, այլեւ նրանց աշխատանքի հարցը լուծելու համար:
No comments:
Post a Comment