Աղդամը դարձնել “մեր հայրենիքը”, այն վերանվանելով Ակն: Դա իհարկե վատ չէ: Բայց մեծ է հավանականությունը, որ Ղարաբաղի իշխանությունն այդ բանն անելու համար ստացել է Սերժ Սարգսյանի հավանությունը, այլապես դժվար է պատկերացնել, որ ԼՂՀ իշխանությունն այդօրինակ հակասության մեջ մտներ Սերժ Սարգսյանի հետ: Էականն այստեղ իհարկե այն է, որ նկատելի է վերաբերմունքի որոշակի փոփոխություն: Թե ինչ դեր է ունեցել այդ գործում հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի ունեցած հանդիպումը, կամ դրանից առաջ ԵԱՀԿ դաշտային առաքելությունը, դժվար է ասել: Համենայն դեպս հատկանշական է, որ այդ ամենից հետո, եւ Աստանայի ԵԱՀԿ Վեհաժողովին ընդառաջ, Ղարաբաղի իշխանությունը որոշել է Աղդամը վերանվանել եւ դարձնել Ակն: Հարցն այն է, թե արդյոք Ղարաբաղն ու Հայաստանը կարողանալու են հասնել նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում մի օր էլ օգտագործվի Աղդամ/Ակն արտահայտությունը, ինչպես որ օգտագործվում է Ստեփանակերտ/Խանքենդին: Դա է թերեւս խնդիրը, այլապես եթե միայն մենք մեր համար պիտի ասենք Ակն ու բավարարվենք դրանով, դա երեւի թե կլինի ինքնախաբեություն: Ավելին, որեւէ քաղաքի անվանումը պայմանականություն է դառնում, եթե չկա դրանից բխող գործընթաց: Այսինքն, Աղդամը, եւ ընդհանրապես ազատագրված մյուս տարածքները, ոչ թե անուն, այլ կյանք են ուզում, ոչ թե հայկական անուն, այլ հայկական կյանք: Ավելին, կյանքն է, որ ամրագրում է քաղաքների անունները: Պատրաստվում է արդյոք Ղարաբաղի իշխանությունը կյանք տալ Աղդամին, եւ ընդհանրապես` ազատագրված մյուս տարածքներին: Սա է թերեւս հարցը, որ ամենից էականն է: Այլապես կարելի է անուններ տալ անթիվ անհամար, կարելի է նույնիսկ քաղաքի հայկական անունները փոխել ռոտացիոն կարգով: Դրանից իրավիճակը շատ քիչ է փոխվում:
No comments:
Post a Comment