Երեկ երեկոյան ձերբակալվել է Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը: Հիշեցնենք, որ սույն hրամանատարը դաժան ծեծի էր ենթարկել ժամկետային զինծառայող 18-ամյա Էրիկ Գրիգորյանին, ինչի հետևանքով զինծառայողը կոտրվածքներով և այլ վնասվածքներով տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ: Ծեծի փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ և մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով («Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»), սակայն նրան կալանքի տակ չէին վերցրել: Այժմ արդեն նրան ձերբակալել են և մեղադրանք առաջադրել նույն հոդվածով, ինչով որ հարուցվել էր քրեական գործը: Նշենք նաև, որ սա վերջին մի քանի ամիսների ընթացքում Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալի կողմից զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի երկրորդ դեպքն է: Նախորդ դեպքից հետո նա չէր կալանավորվել և քիչ ժամանակ անց հայտնի դարձավ, որ գազանաբար ծեծել է Գեղարքունիքի մարզից հինգ ամիս առաջ բանակ զորակոչված Էրիկ Գրիգորյանին: “Երեխան արդեն ուշագնաց ընկած է եղել, բայց ինքը խփել է: Հետո, ուշաթափված վիճակում, զինվորները տարել են լվացնելու, բռնացրել լվացարանի մոտ նորից ծեծել է”, լրատվամիջոցներին պատմել էր հայրը: Զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը 18-ամյա Էրիկ Գրիգորյանին ծեծի էր ենթարկել դաժանորեն, բազմաթիվ զինվորների աչքի առաջ. Ծեծը շարունակվել էր մեկ ժամից ավելի` առավոտյան ժամանակին չարթնանալու համար: Ձերբակալման ժամկետը 72 ժամ է, և այն լրանալուց հետո դատարանը կլուծի խափանման միջոցի հարցը: Հուսանք, որ այս դեպքում կալանքը կկիրառվի, և նրան ազատ չեն արձակի, ինչպես դա արվեց Ռոժ մականունով հրամանատարի դեպքում:
No comments:
Post a Comment