Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 11, 2010

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Կոռուպցիայի դեմ պայքարը, որի մասին հայտարարել է կառավարությունը, հայրենի օլիգարխների համար թերեւս վերածվել է հերթական “մուծվելուն”: Հարկային ոստիկանությանը հրահանգ է տրվել վերհանել այն ընկերությունները, որոնք աշխատում են ստվերում: Հանրային հեռուստատեսության եթերում մի քանի օր առաջ հարկայինի աշխատակիցը մանրամասն պատմում էր, թե ներկայում կազմում են այն ընկերությունների ցուցակը, որոնք շուկայում բավական ամուր դիրքեր են զբաղեցնում, սակայն հարկային տեսչություն ներկայացրած փաստաթղթերով դրանք աշխատում են իբր վնասով: Դա նշանակում է, որ ընկերությունները թաքցնում են իրենց շահույթը, վրդովված ասում էր տեսուչը եւ խոստանում կազմել բոլոր նրանց ցուցակը, ովքեր հարկեր չեն վճարում: Փաստացի, կառավարությունը հարկային ծառայությունից պահանջել է նրանց ցուցակները, ովքեր մեծ փողեր ունեն: Ինչո՞ւ հանկարծ կառավարությանը պետք եղան նման ցուցակներ: Հնարավոր է, հայրենի օլիգարխները, ում մինչ այժմ թույլատրված էր հարկեր չվճարել, փոխարենը մուծվել “օբշակին”` ստվերային բյուջե, հրաժարվել են դա անել: Ահա եւ կառավարությունը որոշել է օլիգարխներին սպառնալ “իսկական հարկերով”, եթե վերջիններս չմուծեն ստվերային հարկերը: Ավելին, ասում են, թե գնաճի հետ կապված ստվերային հարկերի “դրույքաչափերն” աճել են: Սպառնալիքները երեւում է կազդեն, եւ օլիգարխներն ամենայն հավանականությամբ կսկսեն վճարել ստվերային հարկերը, քանի որ սկսել են թանկացնել իրենց ապրանքների գները: Նրանք իհարկե վրդովվել են, սակայն հնար չունեն: Այն մասին, որ սպառնալիքներն ազդել են, վկայում է նաեւ այն, որ ստվերային ընկերությունների ցուցակը չհրապարակվեց, եւ առայժմ ոչ մեկը չի ենթարկվել հրապարակային “գանակոծման”: Քանի որ թերեւս չեն պատրաստվում “գանակոծել”, այլ ընդամենը` “բզել”:

No comments:

Post a Comment