Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, July 25, 2011

Արմեն և Սաշիկ Սարգսյանները նույն ՙախպերներն՚ են

ՙՊեպսիկո՚ բրենդի երևանյան ձեռնարկության բացումը մեկտեղել էր Հայաստանի քաղաքական և գործարար ՙէլիտայի՚ մի քանի տասնյակ ներկայացուցիչների, որոնցից շատերի ուշադրությունն ու հետաքրքրասիրությունը բևեռվել էր նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի /նա եղբոր սպանդից կարճ ժամանակ անց դատապարտվեց հեռուստամեկնաբան Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուի, ասում են, շինծու մեղադրանքով - Ժ.Մ./ և Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ պատգամավոր Ալեքսանդր` Սաշիկ Սարգսյանի ջերմ ու միմյանց ականջին անընդհատ փսփսացող հարաբերությունների վրա:



Նախ, բոլոր գործարարները ՙզոնտիկների՚ ստվերում կանգնած սպասում էին Սերժ Սարգսյանի ժամանմանը: Հետո` ՙպռոտոկոլների՚ կողմից հայտարարվեց, թե մինչև բոլորդ չնստեք բեմի առջև դրված աթոռներին, Սերժ Սարգսյանը չի գա: Գործարարներն ու նախարարներն էլ` բնականաբար, աշակերտի պես շարվեցին աթոռակներին, ով ուզում էր նախագահ աշխատողի աչքին շուտ երևալ` ավելի առաջավոր շարքերում, ՙլոթի՚-ները` հետևում: Արմեն Սարգսյան - Սաշիկ Սարգսյան նորահայտ ՙախպերությունը՚ գրեթե միջին հատվածում էր, կողք - կողքի, կիպ նստած, շարունակ փսփսում էին ու մեկ - մեկ էլ վզները երկարում, երբ բեմում դեռահաս տղաները բրեք - դանսի ճարպիկ շարժումներ էին կատարում: Հատկապես նրանց ուշադրությունը գրավել էր թմբլիկ տղայի պարը` հենված մեկ ձեռքի վրա:
Հետո` Սերժ Սարգսյանը շրջեց արտադրամասում, նրանք էլ հետևեցին ՙախպորը՚: Սպասեցինք մինչև դուրս եկան, մեր բախտից Սաշիկ Սարգսյանն իր թիկնապահների հետ նախընտրեց շուտ հեռանալ ու լավ հնարավորություն ստեղծվեց հետաքրքրվելու, թե Արմեն Սարգսյանին ի±նչն է բերել ՙՊեպսի՚-ի գործարանի բացմանը. ՙԻ±նչը պիտի բերի: Ես Արսենյան Աշոտի ընտանիքի քավորն եմ և որպես քավոր այսօր ներկա եմ իմ հարազատների, բարեկամների կազմակերպած նոր գործարանի բացմանը՚: ՙԽի±, զարմանալի ա±, որ ես էստեղ եմ՚,- հարցնելու նախաձեռնություն դրսևորեց Արմեն Սարգսյանը: Հետաքրքիր է, թե ո±վ չէր զարմանա, երբ եղբայրը` Արամ Զ. Սարգսյանը Կոնգրեսի շարքերում պայքարում է ավազակապետերի դեմ, իսկ Արմեն Սարգսյանն ավազակապետերի հետ ՙախպերություն՚ է անում: Այդ մասին հարցրեցինք նրան, մասնավորելով` Սաշիկ Սարգսյանի հետ այդքան ջերմ հարաբերությունները. ՙԻ±նչ է եղել: Մենք ժամանակին լավ բարեկամներ ենք եղել, լավ ընկերներ: Տարօրինակ բան կա± դրա մեջ: Վազգենը եղել է Սերժ Սարգսյանի ընկերը, եղբայրներով էլ իրար մոտ ենք եղել՚:
Ստիպված եղանք հանրության շրջանում ամենաքննարկվող և ամենացավոտ հարցը տալ Արմեն Սարգսյանին, այսինքն` Դուք բացառո±ւմ եք Հոկտեմբերի 27-ին այնժամ ՆԳ և ԱԱԾ միաժամանակյա պետ Սերժ Սարգսյանի մասնակցությունը: Պատասխանը միանշանակ էր. ՙԱյո’, բացառում եմ՚:
Ավելի ուշ` հեռանալուց առաջ Արմեն Սարգսյանն ակնարկեց, թե` ՙպրովակացիա ես անում՚: Մենք էլ` փորձեցինք պարզաբանել, թե` լրագրողական հարց ենք տալիս` ի դեպ, այն, ինչը շուրթեշուրթ է հանրության շրջանում: Եվ ամենակարևորը` դա անում ենք անկեղծ մտահոգությամբ ու հարգալից հոգածությամբ:

No comments:

Post a Comment