Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար՝ «Տաթևի թևեր» ճոպանուղին կանգնած է։ Մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 23-ին, Տաթևի ճոպանուղու տարածքը մարդաշատ էր։ Բոլորն ուզում էին տոմս գնել, որպեսզի վայելեն այդ հաճույքը։ Պատմում են, որ իշխանությունները հորդորել էին համայնքների ղեկավարներին՝ պարտաղիր տոմս առնել, որպեսզի մեկնարկը բարով լինի։ Սակայն ճոպանուղու հանդիպակաց վագոնիկները անսպասելիորեն մնացել են օդում կախված։ Հալիձորից եկող վագոնիկի մեջ է եղել նաև Սյունիքի մարզպետն ընտանիքի անդամներով, մտերիմներով, իսկ Տաթևից գնացողի մեջ շարքային քաղաքացիներ են եղել։ «Երբ կանգնեց, մտածեցինք, որ երևի ծրագիր է, պետք է հիանանք բնությամբ։ Բայց 10 րոպեից հասկացաք, որ մի բան էն չի։ Ճիշտն ասած, կանայք ու երեխաները վախեցան, նույնիսկ վատացողներ եղան»,–պատմում է օդում մնացած կապանցի Գառնիկ Հակոբյանը։ Անսարքությունը վերացվել է մոտ 45 րոպե անց։ Ուղևորությունը կիսատ է մնացել։ Տաթևից դուրս եկածները վերադարձել են Տաթև, Հալիձորից ուղևորվողները՝ Հալիձոր։ Տաթևցիների խոսքով, կարճ ժամանակում կառուցված ճոպանուղու սարքավորումները չեն համապատասխանում գորիսյան խստաշունչ ձմռանը ու «վարի են քեցալ»։ Հալիձոր-Տաթև ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ճոպանուղին չի գործելու մոտակա 4 օրերին։ «Սա պայմանավորված է ձմեռային եղանակային պայմաններին անցնելու համար նախատեսված տեխնիկական աշխատանքներով»,–ասաց նա։ Ընդհանուր առմամբ, ըստ Տ. Ղազարյանի, ճոպանուղին գտնվում է աշխատանքային վիճակում, և նշված միջոցառումներն անհրաժեշտ է իրականացնել տարեկան 2 անգամ՝ ձմեռային և ամառային ռեժիմներին անցնելու ժամանակ։ «Հսկող համակարգի վերածրագրավորման աշխատանքների ավարտից հետո ճոպանուղին կվերսկսի իր կանոնավոր աշխատանքը»,– հավաստիացրեց կառավարիչը։
No comments:
Post a Comment