Սովորաբար, ինչ կանի որեւէ նորմալ, քաղաքակիրթ երկիր իր այն լրտեսին, որը բացահայտվել է արտերկրում: Երեւի թե կփորձի դրա մասին քիչ խոսել, կփորձի լրտեսին քիչ ի ցույց դնել հանրությանը, կփորձի ինչ որ կերպ ապահովել այդ անձի հետագա գոյությունը, սակայն ձգտելով այդ ամենը քիչ հրապարակայնացնել եւ հանրության աչքից պահել հեռու: Ի վերջո, այդ լրտեսն ինքն էլ թերեւս շահագրգռված կլինի հեռու մնալ հրապարակային կյանքից: Չէ որ դա նաեւ պետք է բնավորություն լինի նրանց համար, գործի բերումից ելնելով: Սակայն հետեւելով այն ամենին, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, լրիվ հակառակ պատկերացում ես կազմում լրտեսների «հետլրտեսային» կյանքի մասին: Ռուսաստանում, այդ երկրի արտերկրում բացահայտված լրտեսները դառնում են շոու բիզնեսի աստղեր կամ նման մի բան: Մասնավորապես, ԱՄՆ-ում մի քանի ամիս առաջ բացահայտված լրտեսների խումբը, որ վերադարձավ Ռուսաստան, այդ երկրում արժանացավ վարչապետ Պուտինի եւ նախագահ Մեդվեդեւի պարգեւներին, իսկ հիմա էլ, այդ խմբի որոշ անդամներ, մասնավորապես Աննա Չապմանը, կարող են դառնալ հեռուստաաստղ: «Ռոսիա 2» պետական հեռուստաալիքի ղեկավարությունը հաստատել է, որ հանդիպում է ունեցել Չապմանի հետ եւ քննարկել ինչ որ հեռուստանախագիծ: Ավելի մանրամասներ դեռ չկան: Միայն նշվել է, որ խոսքը մարզական կամ լրատվական հաղորդավարուհու պաշտոնի մասին չէ: Այդպիսով, բացահայտված լրտեսներին մեծ հանդիսավորությամբ պետական պարգեւներ հանձնելուց հետո, ՌԴ իշխանությունը ձեռնամուխ է լինում նրանց նաեւ այսպես «աստղացնելու» գործին: Օրինակ, նույն Աննա Չապմանը վերջերս հանդես էր եկել տղամարդկանց ամսագրերից մեկի համար արված էրոտիկ ֆոտոսեսիայով: Թերեւս հենց այդ դեպքերի համար է նաեւ ասել բանաստեղծը, որ Ռուսաստանին խելքով հասկանալ չի լինի: Ռուսաստանում բացահայտված լրտեսը դառնում է բավական հաջողակ հրապարակային գործիչ, պարգեւատրվում, լուսանկարվում, հեռուստանախագծերի մասնակցում: Եվ այդ ամենը միայն մի բանի համար` ինադու: Այն երկրի ինադու, որտեղ բացահայտվել են լրտեսները: Թող ամերիկացիները տեսնեն ու «տրաքեն», որ իրենց բացահայտած լրտեսներին ռուսները գլխների վրա են ման տալիս: Շատ նման իրավիճակ է օրինակ Հայաստանի հասարակության զգալի մասի մոտ: ԱՄՆ-ում ձերբակալել են հայկական հանցախմբի, իսկ այստեղ հանրության որոշ մասր հպարտանում են, որ Պզոն լավ է արել ամերիկացիներին թալանել է: Թեեւ, ինչպես ասում են, ասա բարեկամդ ով է, ասեմ դու ով ես: Ռուսաստանի հետ դարավոր բարեկամությունը պետք է հասցներ այնտեղ, որ Հայաստանին էլ խելքով հասկանալ չի լինի: Ինադու ապրելու այդ մղումը, որը դարձել է կենսական լիցքերի միակ աղբյուրն այդօրինակ ժողովուրդների համար, ուտում է նրանց ներսից, սպանում է կառուցողական ամեն բան: Այդ ժողովուրդները լավագույն դեպքում կարողանում են ընդամենը աշխարհի ամենաշքեղ կրկեսը կառուցել, ինչպես Չեչնիայում, ուր ամեն շաբաթ մի ահաբեկություն է լինում, իսկ տեղի իշխանությունը կրկես է կառուցում` ահաբեկիչների ինադու: Կամ ինչպես Հայաստանում, ուր միայն փող են ստանում արտասահմանից ու ծախսում, իսկ իշխանությունը ճոպանուղի է կառուցում, քննադատների ինադու, որ չասեն, թե Հայաստանում ոչինչ չի փոխվում: Այդպես էլ ապրում են, մեկը ամերիկացիների ինադու, մյուսը ահաբեկիչների ինադու, մյուսը թուրքերի ինադու, քննադատների ինադու: Մինչդեռ փոփոխության էությունը պետք է հենց այն լինի, որ երկիրը, հասարակությունը, ժողովուրդը եւ վերջապես գլխավորը` «էլիտան» դադարի ինադու ապրելուց, եւ սկսի ապրել վասն: Բայց ոչ վասն դատարկ եւ պոռոտ հայրենասիրության, այլ վասն մարդու, այդ պետության եւ հասարակության ամեն մի անդամի, նրա հնարավորությունների, նրա ստեղծագործական կարողությունների համար հնարավորին լայն դաշտ ստեղծելու, որ հաջողություն եւ հեղինակություն ձեռք բերելու գրավականը չլինի ԱՄՆ-ում բացահայտված լրտեսի կամ բռնված գողի կարգավիճակը:
No comments:
Post a Comment