Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, May 3, 2011

Այս մեկը, որը պատմում է ՙնվիրական՚ Ստալինի մասին ...

Բացի առկա հասարակական գործիչ, գրող, գրականագետների կարծիքներից, թե ի վերջո ո±վ էր Նաիրի Զարյանը, մեր պրպտումները շարունակվում են Սովետական մամուլի էջերում: Զորօրինակ, թերթի նախորդ համարներում տպագրեցինք Ն. Զարյանի տարբեր տարիներին գրված հուշագրությունները Եղիշե Չարենցի և Ակսել Բակունցի մասին (N3, 4, 5): Այս մեկը, որը պատմում է ՙնվիրական՚ Ստալինի մասին տպագրվել է ՙԱվանգարդ՚ թերթում (9.03.1953), որտեղ հեղինակը ՙառաջնորդի՚ մահից հետո ջանք ու եռանդ չի խնայում գովեստի շռայլումներից զերծ մնալու համար: Սրանով մենք չենք ասում, որ մեր մյուս մեծերը ձոներգեր չեն հյուսել ՙբեղավորի՚ մասին: Պարզապես այժմ բանավիճում ենք Ն. Զարյանի կերպարի շուրջ: Շարունակաբար կտպագրենք նաև Նաիրի Զարյանի հոդվածներից Բերիայի ու այլ նմանօրինակների մասին, ինչու չէ նաև գովեստ պարունակող նյութեր իրեն Նաիրի Զարյանի մասին: Թերթը պարզապես հավատարիմ է մնում ՙԲազմակարծության ռինգի՚ իր որդեգրած ուղուն` բոլոր բնագավառներում:


Չկա մի մարդ, մի քաղաքացի մեր Միության մեջ և ամբողջ աշխարհում, որ մտովին տեսած չլինի ընկեր Ստալինին: Ընկեր Ստալինը մեզ հետ է մեր կյանքի ամեն քայլափոխին, մեր երևակայության մեջ, մեր երազներում: Կյանքի ամենադժվար խնդիրները լուծելիս մենք դիմել ենք միշտ ընկեր Ստալինին, դիմել ենք նրա հանճարեղ գրքերին, դիմել ենք իրեն անմիջականորեն: Եվ ընկեր Ստալինից մենք միշտ ստացել ենք լուսավոր պատասխաններ:
Ընկեր Ստալինը ամեն մի աշխատավոր մարդու հոգու մշտական բնակիչն է, ամեն ընտանիքի հարազատ անդամը, ամենքի հարազատ հայրը:
Այս բոլորը ոչ մի կապ չունի մահվան հետ: Մահը վրա հասավ հանկարծակի, անժամանակ: Այո°, անժամանակ, որվհետև ընկեր Ստալինը ծերացած չէր, նրա հզոր միտքը գործում էր երիտասարդ օրերի պայծառությամբ և թափով: Ի¯նչ հանճարեղ հեռատեսությամբ և տրամաբանության ի¯նչ վիթխարի ուժով նա գրեց ծրագրային իր աշխատությունը` ՙսոցռեալիզմի տնտեսական պրոբլեմները ՍՍՌՄ-ում՚: Ինչպիսի վիթխարի ուժով ու թափով հնչեց նրա պատմական ճառը պարտիայի 19-րդ համագումարում:
Իր անժամանակ մահվանից շատ քիչ առաջ ընկեր Ստալինը դիվանագիտական ներկայացուցիչներ էր ընդունում, միջազգային ականավոր գործիչների էր հանդիպում և իր կենսախինդ կայտառությամբ առաջացնում բոլորի հիացմունքը: Մինչև կաթվածի ճակատագրական վայրկյանը ընկեր Ստալինի պողպատյա ձեռքը նույն տիտանական ուժով վարում էր Սովետական պետության և համաշխարհային պատմական պրոգրեսի ծանր ղեկը:
Այժմ այլևս չի բաբախում ընկեր Ստալինի մեծ սիրտը:
Մեր երևակայությունն անզոր է ընդգրկելու այս կորստի մեծությունը:
Համաժողովրդական սգի այս օրերին ամեն մարդու սրտում իր ամբողջ պայծառությամբ կանգնած է ընկեր Ստալինի հոյակապ կերպարը: Ամեն ժողովուրդ և ամեն մարդ ընկեր Ստալինի հետ է կապել իր երջանկությունը և ամենանվիրական ձգտումները: Ամեն ոք մեզանից, ով ընկեր Ստալինի հետ ունեցել է կենդանի հանդիպումներ, այդ հիշողությունը պահպանում է իբրև իր կյանքի մեծագույն իրադարձությունը, իբրև ամենաթանկագին գանձ:
Հայ ժողովուրդը հանձին ընկեր Ստալինի ունեցավ մի մեծ բարեկամ և հզոր ազատարար: Մեր լսողության մեջ հավերժ կմնա Ստալինի հայրական կոչը այն օրերին, երբ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության վրա կախված էր թուրք ենիչերիների յաթաղանը:
Պետք է փրկել հայ ժողովրդին...
Մեր հիշողության մեջ հավերժ կմնան Ստալինի իմաստուն խոսքերը, որոնցով նա ողջունեց հայ ժողովրդի ազատագրության մեծ ակտը. ՙՄիայն Սովետական իշխանության գաղափարը Հայաստանին բերեց խաղաղություն և ազգային վերածննդի հնարավորություն՚:
Անմոռանալի է 1935 թ-ի դեկտեմբերը, երբ ընկեր Ստալինն իր զինակիցներով Կրեմլում ընդունեց հայ ժողովրդի դելեգացիան: Նախագահական սեղանի ծայրին նստած` նա հինգ ժամ շարունակ մեծագույն ուշադրությամբ լսում էր բանվորներին, կոլտնտեսականներին և կուլտուրայի գործիչներին: Հիշում եմ այն թավշյա մեղմ ձայնը, որով ընկեր Ստալինը հարց էր տալիս.
Ինչպե±ս են Հայաստանի դպրոցները: Ինչպե±ս է դասավանդվում մայրենի լեզուն:
1939 թվականին Մոսկվայում տեղի ունեցավ Սովետական Հայաստանի արվեստի տասնօրյակը: Ժողովուրդների և պատմական առաջընթացի ճակատագրով մեծապես զբաղված առաջնորդը ժամանակ էր գտնում իր զինակիցների հետ միասին հետաքրքրվելու հայ ժողովրդի արվեստով: Ահա նստած է ընկեր Ստալինը Մեծ թատրոնի օթյակում և մեծագույն ուշադրությամբ լսում է հայ ժողովրդի երգերն ու բանաստեղծությունները, դիտում պարերն ու բեմական այլ կատարումները, ձեռքի լայն ու հանդիսավոր շարժումներով ծափահարում լավագույն կատարողներին: Հազարավոր աչքերով մենք տեսնում ենք ընկեր Ստալինին և երջանիկ ենք նրա համար, որ ընկեր Ստալինի հետ միասին գտնվում ենք միևնույն հարկի տակ, միևնույն պատերի մեջ և նայում ենք միևնույն բեմին:
Ընկեր Ստալինը ժամանակ գտավ Կրեմլի սպիտակ դահլիճում սեղան նստելու հայ ժողովրդի հարյուրավոր ներկայացուցիչների հետ, և երբ հայ ժողովրդական երգը իր արծաթահնչյուն ալիքներով լցրեց հսկայական կամարակապ դահլիճը, ընկեր Ստալինը հանդիսավոր դանդաղությամբ ետ թեքվելով` նայեց Հայաստանի երգչուհուն: Մենք երջանիկ էինք այն գիտակցությամբ, որ ընկեր Ստալինը բարձր է գնահատում Սովետական Հայաստանի կուլտուրան:
Անսահման է հայրական այն մեծ հոգատարությունը, որ ցույց է տվել մեծ Ստալինը հայ ժողովրդի նկատմամաբ: Դժվար է խոսքերով նկարագրել հայ ժողովրդի երախտագիտության և սիրո զգացմունքը: Դա ժամանակների և սերունդների գործն է:
Ընկեր Ստալինը մտել է բոլոր ժողովուրդների գիտակցության մեջ իբրև մեծագույն ազատարար, իբրև խաղաղության մեծ դրոշակակիր. իբրև մարդկային ամենանվիրական ձգտումների խորհրդանիշ:
Թե ինչ խոր ու վսեմ զգացմունքներով է ամբողջ պրոգրեսիվ մարդկությունը կապված ընկեր Ստալինի հետ, այդ երևաց նրա յոթանասունամյակին նվիրված պատմական, համամարդկային տոնախմբության օրերին: Աշխարհի ժողովուրդները գտան ամենագեղեցիկ և սրտառուչ միջոցները արտահայտելու համար իրենց սերն ու նվիրվածությունը ընկեր Ստալինին:
Հիշում եմ ընկեր Ստալինի յոթանասունամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մեծ թատրոնի դահլիճը և բոլոր յարուսները զբաղեցրել էին Սովետական Միության լավագույն մարդիկ և արտասահմանյան թանկագին հյուրերը: Բեմի ճակատին շողում էին ոսկեղեն տառերը.
- Ստալինը Լենինն է այսօր:
Բեմի վրա, նախագահական սեղանի շուրջը, իր զինակիցների հետ միասին նստած էր մեծ հոբելյարը: Այնտեղ էին նաև եղբայրական կոմպարտիաների ղեկավարներն ու մեծ Ստալինի աշակերտները` Պալմիրո Տոլյատտին, Մատիաս Ռակոշին, Գեորգիու Դեժը և մյուսները: Այնտեղ էր և ընկեր Ստալինի կողքին էր նստել նոր Չինաստանի առաջնորդ ընկեր Մաո Ցզեդունը:
- Ի¯նչ երջանկություն,- շշնջաց բելոռուս մի բանվորուհի,- մենք տեսնում ենք իրար կողքի նստած ընկեր Ստալինին և ընկեր Մաո Ցզեդունին...
Հիրավի: Մեզանից ամեն մեկն զգում էր, որ այդ օրը իր կյանքի մեծագույն իրադարձությունն է: Դա ամենավսեմ երևույթն էր, որ ես տեսել եմ երբևիցե:
Այս բոլորը անհարիր է մահվան հետ:
Ընկեր Ստալինի կյանքը մեծագույն սխրագործությունների, աննախընթաց հաղթանակների մի փառավոր շղթա էր, մարդկային վսեմ առաքինությունների մի անսպառ աղբյուր: Նա ժողովուրդների իմաստուն առաջնորդ էր և միաժամանակ հոգատար հայր, նա անողոք և անխնա էր ռևոլուցիայի թշնամիների նկատմամբ: Նա հավատարիմ էր Մարքսի, Էնգելսի, Լենինի ուսմունքին, մարդկության ազատագրության գործին, որից նա ոչ մի շեղում չկատարեց իր լարված ու բազմազբաղ կյանքի ամբողջ ընթացքում: Ընկեր Ստալինը ապրեց և գործեց ինչպես Լենինը և տվեց մարդկությանը ծառայելու մի նոր հոյակապ օրինակ: Եվ միանգամայն բնական ու հասկանալի է, որ բոլոր ժողովուրդները ընկեր Ստալինին անվանեցին առաջնորդ, ուսուցիչ և հայր:
Հեռանալով մեզանից, ընկեր Ստալինը թողեց մեզ մեծ և անսասան մի ժառանգություն` մեր Սովետական հզոր Հայրենիքը, որտեղ նրա առաջնորդությամբ իրականացել է սոցիալիստական հասարակարգը և դրվել են կոմունիզմի հաստատուն հիմքերը: Նա մեզ ժառանգություն թողեց իր հանճարեղ ուսմունքը սոցիալիզմից կոմունիզմին անցնելու ուղիների մասին և ամբողջ մարդկության ազատագրության ուղիների մասին: Նա մեզ ժառանգություն թողեց մեր մեծ Կոմունիստական պարտիան, որի մեջ խտացված է Լենինի և Ստալինի հանճարը և կոմունիզմի կառուցման պատմական հաղթանակների փորձը: Ընկեր Ստալինն իմաստությունն ու կամքը ժառանգեցին նրա անմահ օրինակով դաստիարակված նրա հավատարիմ զինակիցները, որոնց ստալինյան հմուտ ձեռքերում կլինի այսուհետև մեր Սովետական պետության և համաշխարհային պրոգրեսի ղեկը:
Այսօր մենք դեպի հավերժություն ենք ճանապարհում մեր անմահ առաջնորդին: Թնդանոթների որոտով, գործարանային շչակների սուլոցով և միլիոնավոր մարդկանց հեկեկանքներով մենք հրաժեշտ ենք տալիս ընկեր Ստալինին: Բայց համամարդկային այս վիթխարի սգո հանդեսներում մենք չենք հուսալքվի: Ստալինը չէր սիրում հուսալքվողներին: Նա մեզանից հեռացավ, ցույց տալով մեր առաջխաղացման բոլոր ճանապարհները: Սովետական ժողովուրդը գիտե, որ Լենինի-Ստալինի պարտիան, Ստալինի զինակիցները երկիրը կտանեն նրա նշած ուղիով սոցիալիզմից դեպի կոմունիզմը, դեպի խաղաղությունը ամբողջ աշխարհում, դեպի համամարդկային երջանկությունը:

Նաիրի ԶԱՐՅԱՆ

No comments:

Post a Comment