Ադրբեջանի հետ գերիների փոխանակությունը, քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի կարծիքով, սիմվոլիկ բնույթ է կրում: Այս մասին այսօր քաղաքագետն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ճիշտ է, պայմանավորվածության հիման վրա փոխանակություն կատարվեց, բայց դա սիմվոլիկ է, քանի որ մենք կենդանի մարդ ենք տալիս, իսկ իրենք` դագաղ»,-ասաց Ա. Մանասյանը: Ըստ նրա, գերիների փոխանակությունը պետք է համարժեք լինի ու գործի կենդանի մարդու դիմաց կենդանի մարդ և դագաղի դիմաց` դագաղ սկզբունքով: «Թե չէ իրենք լավ են սովորելու ու միշտ դագաղ են բերելու»,-ասաց Ա. Մանասյանը: Բանախոսը նշեց, որ ադրբեջանցիները «հազար անգամ խաբել են» ու դրա պատճառով ոչ ոք հստակ չի կարող ասել գորրծընթացը շարունակական կլինի, թե՞` ոչ: Այն կշարունակվի, եթե Ադրբեջանը պայմանավորվածությունը չխախտի, դրանում Ա. Մանասյանը վստահություն չունի: Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանն անհուսալի գործընկեր է: Իսկ ասուլիսին ներկա Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը նկատեց, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ. «բայց հուսալի թշնամի է»: Վերջում Ա. Մանասյանն ասաց, որ հարկավոր է Խոջալուի հարցով Ադբեջանին միջազգային դատարան կանչել ու այդ դեպքում, ըստ նրա, խնդիրը կլուծվի: Այդ քայլին դիմելու համար, քաղաքագետի կարծիքով, Հայաստանը բազմաթիվ փաստեր ունի:
No comments:
Post a Comment