Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 30, 2010

Գյուղնախարարը հոգեկան հիվանդ մանկամիտ է, իսկ նրա կուսղեկը՝ դավաճան.

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Վռամ Գյուլզադյանը իր՝ աշխատանքից հեռանալու գլխավոր մեղավոր համարում է Գյուղատնտեսության ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանին: «Դա եղել է այդ մանկամիտի եւ նրա վերադասների՝ վարչապետի եւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի ցանկությունը: Այն օրից, երբ Ալավերդյանը նախարար է նշանակվել, ինձ ասել են՝ դիմում գրի ու ազատվի, ես էլ ասել եմ՝ ոչ: Նա ինձ ազատելու հրահանգը ստացած է եկել նախարարություն»,-հայտարարեց Գյուլզադյանը: Աշխատանքից հեռացված նախկին ՕԵԿ-ականը մի շարք ուշագրավ բացահայտումներ է արել Գյուղնախարարի հետ կապված: Ստորեւ ներկայացնում եք նրա հետ զրույցը:
 
Պարոն Գյուրզադյան, ի՞նչն է եղել պատճառը, որ գյուղնախարարը Ձեր դեմ է տրամադրվել: Արդոք միայն Ձեր պարտականությունները թերի կատարելու հանգամա՞նքը, թե՞...:
Ես նախկինում ՕԵԿ անդամ էի, սակայն երբ Ալավերդյանը նախարար նշանակվեց, ես այլեւս ՕԵԿ-ում չէի, դուրս էի եկել: Բնական է, որ նման հարցեր պետք է առաջանային: Պլյուս նաեւ նախարարի մեծ ախորժակը: Նրան թվում էր, թե ես գյուղնախարարության մեջ մաքսային ծառայության պետ եմ եւ այստեղ մեծ գումարներ են շրջանառվում ու ինքը պետք է շատ շուտ հարստանա եւ վերադարձնի նախարար դառնալու համար արած ծախսերը: Տարի ու կես է՝ այդ կոնֆլիկտը կա, դա նոր բան չէ: Պարզապես այս անգամ նա ինձ ծուղակը գցեց եւ քաղծառայութան խորհուրդը չկարողացավ ինձ պաշտպանել:
Ի՞նչ ծուղակի մասին է խոսքը:
Օրենքով սահմանված իմ լիազորությունները նա հանձնարարեց ուրիշին՝ լիցենզավորման վարչության պետ, ՕԵԿ անդամ Տիգրան Գասպարյանին, որ գան թունաքիմիկատ վաճառող տնտեսվարող սուբյեկտների խանութներում ստուգումներ կատարեն: Գնացին, ստուգեցին, որեւէ թերություն չֆիքսեցին: Վարչապետի վերահսկողական ծառայությունը նրանց հետեւից գնաց եւ մի շարք թերություններ հայտնաբերեց, նախարարն էլ ասաց, թե ես իմ պարտականությունները լավ չեմ կատարել: Մինչդեռ ես ընդհանրապես չէի կատարել, որովհետեւ դա ուրիշին էր հանձնարարվել:
Քաղծառայությունն էլ չկարողացավ ինձ պաշտպանել, քանի որ ինձ մեկուսացնելու եւ իմ պարտականությունները ուրիշին հանձնարարելու վերաբերյալ մասին ես պարտավոր էի նախօրոք տեղեկացնել թե՜ քաղծառայությանը, թե՜ վարչապետին: Մի բան, որը ես չարեցի: Մինչդեռ առկա է հանձնարարագիրը, որում նշված է, թե տվյալ հանձնարարությունը պետք է կատարեն տեսուչը եւ լիզենզավորման վարչության մասնագետը: Եթե ես ժամանակին դիմած լինեի, կարծում եմ, քաղծառայությունն ինձ կպաշտպաներ:
Իսկ ինչո՞ւ չեք դմել:
Որովհետեւ նախարարության աշխատակազմի իմ գործընկերները՝ փոխնախարարից սկսած, բոլոր հոգնել էին իմ ու նախարարի կոնֆլիկտից եւ խորհուրդ տվեցին՝ թող մի քիչ հանգիստ մնանք, էլի, ջհանդամ թե ով ա ստուգում, ի՞նչ տարբերություն: Ես էլ հանուն իմ գործընկերների զիջեցի: Ես մարդկայնորեն ճիշտ եմ, բայց իրավական առումով թերացել եմ՝ չտեղեկացնելով վարչապետին: Եթե նույնիսկ համարենք, որ տեղի ունեցածը քաղաքական համաձայնության արդյունք է, համենայնդեպս իրավական հիմնավորումն այնպիսին է, որ ես բողոքարկել չեմ էլ ուզում: Որովհետեւ ես քաղծառայության խորհրդին ավելի եմ հավատում, քան մեր դատական համակարգին: Եթե քաղծառայությունը հնարավորություն ունենա ինձ եւ ցանկացած քաղծառայողի իրավական դաշտում պաշտպանելու, համոզված եմ, որ կպաշտպանի:
Իսկ բացի այդ, ուրիշ կոնֆլիկտներ է՞լ են եղել ձեր ու նախարարի միջեւ:
Եթե դուք թերթել եք անցած մեկուկես տարվա մամուլը, ապա տեսած կլինեք, որ ես պարբերաբար հայտարարել եմ՝ նախարարը անբուժելի հոգեկան հիվանդ է, նախարարը հիմար պահանջներ է առաջ քաշում, ուզում է, որ իր պրինցիպներով աշխատեմ, նախարարը ինձ խիստ նկատողություն է հայտարարել, գործն ուղարկել է դատախազություն, անվտանգության ծառայություն, մի անգամ էլ էր գործն ուղարկել քաղծառայության խորհորդ, որը մերժել էր…այնպես որ, երկար պատմություն է:
Պարոն Գյուրզադյան, ձեր դիտարկմամբ, ինչո՞ւ կառավարության ղեկավարը ձեր հայտարարություններից հետո միջոցներ չի ձեռնարկել նախարարի պաշտոնանկության հարցը բարձրացնելու համար, եթե նախարարը հոգեկան հիվանդ է եւ այլն…
Երբ վարչապետը ժամանակ առաջ գյուղնախարարին հրապարակավ խիստ նկատողություն հայտարարեց, դա մեր անկախ երկրի պատմության մեջ եզակի դեպք էր: Կարծում եմ, որ իրենք՝ վերեւներն էլ գիտեն, թե ինչն ինչոց է, ուղղակի ցավն այն է, որ կոալիցիոն համաձայնագիր կա եւ նախարարի տերը վարչապետը չէ: Իմ կարծիքով՝ Բաղդասարյանի մոտ այլեւս նորմալ կատեգորիայի մարդ չի մնացել, դրա համար էլ սա է դարձել նախարար: Եթե այնտեղ լուրջ մարդ մնացած լիներ, գյուղնախարարը այդ մանկամիտը չէր լինի: Ես իմ հոդվածներում էլ բազմիցս գրել եմ, որ նա մանկամիտ մեծ տղա է՝ «բալշոյ մալչիկ»: Այժմ նրա կողմից իրականացված չարաշահումների մասին: Սկսենք մորեխների դեմ պայքարի միջոցառումներից: Իմ ստուգումների արդյունքում պարզել եմ, որ մորեխների դեմ պայքարի միջոցառում անցկացնելու մրցույթը հիմնավորելու համար մոնիտորինգ է անցկացվել, որի արդյունքները, փաստորեն, կեղծ են: Պարզվել է, որ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի 3 հազար հեկտարից ավելի տարածքում մորեխ չկա: Բայց նախապես ֆիքսել էին, որ այդտեղ շատ մորեխ կա: Մրցույթ էին ակցկացրել, շահել էր, ինչպես միշտ, նույն մարդը` նախարարի յուրայինը: Եվ պետք է գնային, իբր թե, պայքար կազմակերպեին: Վերջում երեւում է, որ լավ պայքարել են ու մորեխների վերջը տվել: Հայտնաբերած փաստերի մասին համապատասխան զեկուցագիր եմ ներկայացրել նախարարի առաջին տեղակալին, կազմվել է հանձնաժողով, որը ստուգել է իր բերած տվյալները եւ պարզել, որ դրանք ճիշտ են: Հարցը փակվեց, իսկ մոնիտորինգ անցկացնողը որեւէ մի տույժի չենթարկվեց: Երեք հազար հեկատարի համար հատկացվել էր մոտ 18 միլիոն դրամ փող, որը պետք է հայտնվեր մեկ-երկու մարդու գրպանում:
Լուրեր են շրջանառվում, որ ձեր դեմ իրականացվող կոմպանիայի պատճառն այն է, որ դուք անդամակցել եք ՀՀԿ-ին: Ճի՞շտ է:
Ճիշտ չէ: Ես ՕԵԿ-ից դուրս եմ եկել գիտե՞ք երբ…էն որ ՕԵԿ-ից փախչում էին, ես չեմ փախել եւ ինձ այս պաշտոնին նշանակել է լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը: Ես ՕԵԿ անդամ եմ եղել եւ ինձ չեն ասել՝ դու ՕԵԿ ես, քեզ չի կարելի պաշտոն տալ: Ես մնացել եմ ՕԵԿ-ում մինչեւ այն ժամանակ, մինչեւ հեռուստատեսությամբ Ռոբերտ Սեդրակիչը մեղադրեց Արթուր Բաղդասարյանին դավաճանության մեջ: Ես այդ ժամանակ եմ դուրս եկել ՕԵԿ-ից եւ ասել եմ՝ ես ձեզ հետ ճանապարհ չունեմ գնալու: Ես հայրենասեր մարդ եմ, իմ համար նախագահը թագավոր է, անկախ այն բանից, թե նա ով է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը թե Սերժ Սարգսյանը: Իմ համար նախագահը թագավոր է, եւ եթե թագավորը մեկին բնութագրում է որպես դավաճան, ես այդ մարդու հետ ճանապարհ չունեմ գնալու: Իսկ ՀՀԿ-ին ես անդամակցել եմ Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի ժամանակ: Ինքս էլ գնացել դիմում եմ գրել: Ես նատուրայով այնպիսի մարդ եմ, որ չեմ կարող մենակ ստվերում քայլել:
Պարոն Գյուրզադյան, խոսք էր գնում նաեւ ինչ-որ պատգամավորի մասին, ում հետ դուք հակասություն եք ունեցել եւ դա էլ դարձել է ձեր հեռացման պատճառներից մեկը:
Ես որեւէ պատգամավորի հետ հակասություն չեմ ունեցել եւ դա չէր կարող իմ հեռացման պատճառը դառնալ: Պատգամավորներից մեկի աղջիկը ապրանք բերելու ժամանակ տեսուչի հետ կոնֆլիկտ է ունեցել: Բայց դա չի էլ քննարկվել, որեւէ մեկի հետ նման տիպի խոսակցություն չի էլ եղել: Եւ դա այնքան մանր հարց է, որ չէր կարող իմ պաշտոնանկության պատճառը դառնալ:
Լավ, իսկ ինչպե՞ս է ծավալվելու ձեր հետագա գործունեությունը:
Ես քաղծառայողի աշխատավարձով չեմ ապրել: Ես հողագործությամբ եմ զբաղվել, շարունակելու եմ ֆերմերությունը: Մինչեւ հիմա աշխատել եմ գյուղատնտեսության բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ՝ տիկին Ռոզա Ծառուկյանի եւ այլոց հետ: Ես իմ գործունեությունը շարունակելու եմ ֆերմերության բնագավառում, մինչեւ որ կրկին մրցույթ կհայտարարվի եւ կրկին կմասնակցեմ:
Պետական կառավարման համակարգում կա՞ մի պաշտոն, որը կցանկանայիք զբաղեցնել, թեկուզ գյուղնախարարությունում:
Ոչ, իմ նախկին պաշտոնը միակ տեղն է, որտեղ ես կուզեի կրկին աշխատել կիսատ թողած գործը շարունակելու համար, նաեւ ապացուցելու, որ մի դրվագով աշխատանքի բնութագիր տալն այնքն էլ լուրջ մոտեցում չէր: Իհարկե, եթե մրցույթում հաղթեմ՝ կշարունակեմ աշխատել, չեմ անցնի՝ չեմ աշխատի: Կպատրաստվեմ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին:
ՀՀԿ-ի ցուցակո՞վ:
Իհարկե: դա արդեն կուսակցությունը կորոշի՝ որտեղ է ինձ տեսնում, կամ չի տեսնում: Ես երկու անգամ մեծամասնականով պատգամավոր եմ ընտրվել: Առաջին անգամ՝ որպես անկուսակցական, երկրորդ անգամ՝ ՕԵԿ-ի ցուցակով: Եւ իմ կարծիքով ես ավելի շատ օգուտ եմ տվել այդ ընտրարշավում ՕԵԿ-ին, քան ՕԵԿ-ը ինձ:
Զրուցեց Հեղինե Մանուկյանը

Աբդուլլահ Գյուլը կռահել էր Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի բովանդակության մասին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւս հանդես է եկել Wikileaks-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ առաջին մեկնաբանությամբ: Թուրքիայի նախագահը նշել է, թե Wikileaks-ի կողմից հրապարակած գաղտնի փաստաթղթերի բովանդակությունն իրենք արդեն կռահել էին։ «Անհրաժեշտ է տեսնել, թե հետեւից ինչեր են գալու»,-շեշտել է Գյուլը: Ավելի վաղ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, թե իրենք կսպասեն մինչեւ Wikileaks-ը հրապարակի բոլոր փաստաթղթերը, որից հետո կուսումնասիրեն եւ կմեկնաբանեն։ «Wikileaks-ի փաստաթղթերը վտանգավոր են եւ կասկածելի»,-ընդգծել էր Էրդողանը: Նշենք, որ Wikileaks-ի փաստաթղթերում ծանր մեղադրանքներ կան ներկայացված թուրքական իշխանությունների դեմ։ Փաստաթղթերից մեկում  Էրդողանը եւ նրա նախարարների մեղադրվում են կաշառակերության եւ անօրինականությունների մեջ։  Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նկարագրվել է որպես ծայրահեղ վտանգավոր եւ խելագար։

ՔԼԻՆԹՈՆՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ` WikiLeaks կայքի կողմից ԱՄՆ-ի դիվանագիտական գործունեությանը վերաբերող 250 հազար գաղտնի փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ: WikiLeaks կայքի կողմից գաղտնի տեղեկատվության այս արտահոսքը Քլինթոնն անվանել է «հարձակում միջազգային հանրության վրա» եւ ընդգծել, որ Միացյալ Նահանգները «խորին ափսոսանք է հայտնում այդ փաստաթղթերի արտահոսքի առթիվ, որ ավելի բարդացնում է միջազգային անվտանգության եւ արտասահմանյան գործընկերների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու խնդիրը»:

Գագիկ Խաչատրյանի 55 ամյակը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նոյեմբերի 24-ին մեկնել է Ֆրանսիա, որպեսզի այնտեղ նշի իր ծննդյան 55-ամյակը:Խաչատրյանից հետո`  իրար հետեւից Ֆրանսիա են մեկնել նաեւ ՊԵԿ համակարգի բազմաթիվ աշխատակիցներ, որպեսզի այնտեղ Խաչատրյանին մատուցեն իրենց նվերներն ու միասին նշեն նրա ծննդյան տարեդարձը: Ուշագրավ է, որ Ֆրանսիա մեկնածների թվում է նաեւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ, Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշ Բարսեղի փեսա Սամվել Սանամյանը:

1300 կալանավորների վրա

ՀՀ կառավարությունն արդեն ԱԺ է ուղարկել «Քրեական օրենսգրքում նախատեսած փոփոխությունների ու լրացումների մասին» օրինագիծը։ Կառավարությունն իր այդ նախագիծը սեպտեմբերին հետ էր տարել փոփոխությունների ենթարկելու համար։ Արդեն լրամշակված օրինագծի համաձայն ՔՕ բազմաթիվ հոդվածներում պետք է փոփոխություններ կատարվեն. հիմնականում մեղմացվելու են գործող պատժաչափերը։ Այդ փոփոխություններն ազդելու են մոտ 1300 կալանավորների վրա, որոնց մի մասն ազատ կարձակվի, մի մասի դեպքում էլ սահմանված պատժաչափերը կկրճատվեն։

Նա կազատվի զբաղեցրած պաշտոնից

ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին փոխելու խնդիրը դարձել է ՀՀ ղեկավարության օրակարգի առաջնահերթ հարցերից, ինչը պայմանավորված է ԱԱԾ տնօրենի առողջական վիճակով։ Մոտ երկու ամիս առաջ բուժզննման նպատակով արտերկիր մեկնած Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, եւ նա հրատապ բուժման կուրս էր անցել։ ԱԱԾ տնօրենի փոփոխության նույնիսկ մոտավոր ժամկետն Է նշվում՝ հունվարի սկիզբ։ Իսկ ձգձգումը պայմանավորված Է նրանով, որ ԱԱԾ-ի օրվան՝ դեկտեմբերի 17-ին հաշված օրեր են մնացել։ Թոշակի տարիքի 65-ամյակի լրանալու հիմքով, նա կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Նորահայտ քաղաքական պրոյեկտը ապագա խորհրդարանում 5-7 տոկոս ստանալու երաշխիք է ստացել

Էրեբունու նախկին թաղապետ, ՀՀԿ-ական  Մհեր Սեդրակյանը նոր կուսակցություն է հիմնել: Նորահայտ քաղաքական ուժի նախնական անվանումն է «Երեւանցիների կուսակցություն»: Դրանում ներգրավված են լինելու հանրությանը հայտնի դեմքեր՝ քաղաքական գործիչներ, մտավորականներ, մի խոսքով նրանք, ովքեր Երեւանում եղանակ են ստեղծում: Նորընծա կուսակցության մեջ ներգրավվելու են նաեւ ընտրակեղծարարության գծով պրոֆեսիոնալները, որոնց վրա էլ դրվելու է կուսակցությանը անհրաժեշտ ձայներ ապահովելու պատասխանատու գործը: Այս օրերին Մհեր Սեդրակյանը ակտիվ, բայց կոնսպիրատիվ  հանդիպումներ է կազմակերպում Երեւանի տարբեր վարչական շրջաններում եւ, ըստ մեր աղբյուրների, վարչական շրջանների ղեկավարներին քարոզում է մարդիկ ապահովել իր կուսակցությանն անդամակցելու համար: Նկատենք, սակայն, որ ըստ պայմանավորվածության, նորահայտ քաղաքական պրոյեկտը ապագա խորհրդարանում 5-7 տոկոս ստանալու երաշխիք է ստացել, եւ ունենալու է մոտավորապես նույն կարգավիճակը, որում այսօր ՕԵԿ-ն է Նշենք, որ Մհեր Սեդրակյանը 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ խոստովանել էր, որ մասնակցել է 1996 թվականի նախագահական ընտրությունների կեղծիքներին եւ հայտարարել էր, որ «1996 թվականին ընտրախախտումներ կատարել են շատ-շատ մարդիկ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ու հանձնարարությամբ:

Հայկ Հարությունյանը

Իշխանական շրջանակներում մտադիր են Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակել: Հայկ Հարությունյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Մարտունու Լիճք գյուղից է: