Պարզվում է, արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Երևանում պրոֆեսիոնալ գողեր են հայտնվել, ովքեր նույնանման գողությունների շարք են իրականացրել։ Չորս հոգանոց խմբի անդամները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում են խանութների դռները, դուրս բերում դրանցում գործող տարադրամի փոխանակման կետերի չհրկիզվող պահարանները և հանգիստ հեռանում։ Իրենց ձեռագիրն ընդգծելու համար գողերը նույն խանութներից տանում են նաև մեկ կամ մի քանի շիշ ալկոհոլային թանկարժեք խմիչք։ Չնայած այս խմբի կողմից արդեն մոտ 20 գողություն է իրականացվել, ոստիկանությանը ոչ մի կերպ չի հաջողվում «դուրս գալ» հանցագործների հետքի վրա։ Վերջիններս գործում են կազմակերպված և շատ վստահ։ Մեր ունեցած տեղեկություններով, անորսալի գողերն այն աստիճան հանդուգն են գտնվել, որ որոշել են ցուցադրել իրենց պրոֆեսիոնալիզմը և մեկ գիշերվա մեջ միանգամից երկու խանութ թալանել, ընդ որում, երկրորդ գողությունը կատարել են առաջին գողությունից ընդամենը 30 րոպե հետո։ Խոսքը «Սթար» սուպերմարկետների ցանցի երկու մասնաճյուղի մասին է։ Այս հանցավոր խմբի կողմից տուժածներից մեկի խոսքով, նախաքննության ընթացքում վարկած է շրջանառվել, որ խմբի անդամները այսպես կոչված «գաստարբայտերներ» են, այսինքն՝ այլ երկրից Հայաստան եկած հանցագործներ։ «Այդ վարկածի առաջացման պատճառն այն էր, որ նախկինում հայ հանցագործների կողմից նման պրոֆեսիոնալիզմ երբևէ չի դրսևորվել»,– մեզ հետ զրույցում նշեց վերոնշյալ անձը։ Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, վերոնշյալ վարկածի հերքման հիմք է հանդիսացել այն, որ այս խմբի երևանյան «գործողությունները» շարունակվում են արդեն մի քանի ամիս, մինչդեռ գաստարբայտեր-հանցագործները որևէ երկրում այդքան երկար չեն գործում, նրանք կատարում են առավելագույնը 2-3 հանցագործություն, ինչից հետո տեղափոխվում են այլ երկիր։ Չի բացառվում նաև, որ հանցագործները որոշած լինեն օգտվել հայ ոստիկանների անգործությունից և նման լուրջ հանցագործություններ բացահայտելու փորձի բացակայությունից ու ինչքան հնարավոր է երկար մնան Երևանում։ Նշենք, որ անորսալի գողերի զոհ է դարձել նաև ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։ Մեր ունեցած տեղեկություններով, հունիսի 8-ին այս նույն հանցավոր խմբի անդամները գողություն են կատարել Սահակյանի ընտանիքի անդամներին պատկանող Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Ժակ– ժան» սուպերմարկետից։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից երեկ հաստատեցին, որ այդ օրը այդ խանութում գողություն է կատարվել, հայտնեցին, որ «տեխնիկական միջոցների գործադրմամբ բացվել է սուպերմարկետի դուռը և դուրս բերվել խանութի տարադրամի փոխանակման կետի չհրկիզվող պահարանը»։ Հայտնեցին նաև, որ դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Գողություն»)։ Մինչ օրս կասկածյալներ և ձերբակալվածներ չկան։
No comments:
Post a Comment