Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Հայաստանը միանում է Իրանի դեմ պատժամիջոցներին, ասել է հետեւյալը. - Իրանի հետ մենք ունենք դինամիկ զարգացող հարաբերություններ, լավ տնտեսական համագործակցություն, իրականցրել եւ շարունակում ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր, հատկապես`էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում: Տեղի են ունենում ակտիվ շփումներ, փոխայցելություններ. վերջերս ես գտնվում էի Իրանում, ներկայումս պատրաստում ենք Հայաստանի վարչապետի այցելությունը Իրան, մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի Խորհրդարանի նախագահ պարոն Լարիջանին: Մեր հարաբերությունները փոխշահավետ են եւ մտադիր ենք դրանք զարգացնել: Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, իհարկե, պետք է հարգվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով կարելի է լուծումներ գտնել: Հույս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ եւ լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի եւ միջազգային հանրության համատեղ ջանքերով:
No comments:
Post a Comment