Հայաստանում Ֆրանսիական համալսարանից հեռացված 14 դասախոսներն իրենց առաջին հայցին կից՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են ներկայացրել նաեւ երկրորդ հայցը, որն արդեն վարույթ է ընդունել։ Այս մասին հայտարարեց Ֆրանսիական համալսարանից հեռացված դասախոսներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը։ Նրա խոսքով, եթե առաջին հայցով հեռացված դասախոսները պահանջում են իրենց վերականգնել նախկին աշխատանքում եւ հարկադիր պարապուրդի համար համալսարանի ռեկտորից միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձել, ապա երկրորդ հայցի հիմքը հետեւյալն է. ըստ դասախոսի, թեպետ իրենք 2000-2004 թվականներին աշխատել են Ֆրանսիական համալսարանում, սակայն այդ փաստն իրենց աշխատանքային գրքույկներում չի ֆիքսվել։ «Բացի այդ, 2000-2008 թվականների ընթացքում արձակուրդայիններ ընդհանրապես չենք ստացել։ Իսկ 2008-ից մինչ մեր աշխատելու պահը 48 օրվա փոխարեն մեզ արձակուրդային վճարել են միայն 24 օրվա համար։ Բայց ես չէ, որ այս փաստերի վերաբերյալ պատասխաններ պիտի տամ: Ժամանակն է, որ պատասխան տա ֆինանսավարչական տնօրենը։ Մինչեւ հիմա մենք մեզ թույլ չենք տվել խոսել ֆինանսական հարցերի շուրջ»,-ասաց դասախոսը։Անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատին, համալսարանից հեռացված դասախոսը նշեց, որ այն հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 25-ը։ «Դատավարության հետաձգելը պատճառաբանեցին նրանով, որ պատասխանող կողմին մինչեւ նշված ժամկետը պետք է հնարավորություն տրվի ինչ-ինչ հաշվարկներ վերջացնել»,- պատմեց Ֆրանսիական համալսարանի նախկին դասախոսը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ դատավարության ընթացքում պատասխանողի, այսինքն՝ ֆրանսիական համալսարանի կողմից ներկա է եղել նրանց իրավաբանը։ «Նա համալսարանի դրածոն է։ Պատկերացրեք, որ «պրոֆեսիոնալ» մարդը դատի ժամանակ դատավորին ասի՝ դե լավ, դատը մի օր էսկողմ, մի օր էնկողմ նշանակելու մեջ բան չկա։ Այսինքն՝ այստեղից հետեւություն, որ նրանք իրենց բոլոր որոշումներն այդ մակարդակով են ընդունում»,- եզրակացրեց դասախոսը։Ամփոփելով՝ նա նկատեց, որ խճճված այս պատմությանը զուգահեռ՝ երեկ Ֆրանսիականում հերթական սկանդալն է պայթել։ «Համալսարանի ղեկավարությունն անցյալ տարի գնացել է Իրան, իրանահայ դիմորդների մոտ գովազդել համալսարանը եւ խոստացել, որ նախապատրաստական կուրսեր ընդունվելով՝ նրանք այնուհետեւ կարող են ուսումը շարունակել համալսարանում։ Այժմ այնպես է ստացվել, որ նախապատրաստական կուրսեր չեն բացվել։ Երեխաները գործերը հանձնել են, նախնական գումարները վճարել են, սակայն համալսարանի ռեկտորը նախապատրաստականի ղեկավարին ասել է, որ այս տարի նման կուրսեր չեն բացվելու։ Մի խոսքով, երեկ համալսարանի ռեկտորի ներկայությամբ, բուհի ղեկավարության եւ իրանահայերի միջեւ մեծ սկանդալ է տեղի ունեցել։ Նրանք խաբել են մարդկանց»,- պատմեց նախկին դասախոսը՝ միաժամանակ ավելացնելով, որ ռեկտոր Ժոել լե Մորզելեկը համալսարանում կատարվող ոչ մի բանից տեղյակ չէ։ «Ֆինանսավարչական տնօրեն Ներոյանը եւ համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանն են գլխավորները։ Այսօր նրանք են բուհի ռեկտորն ու գլխավոր քարտուղարը»,- ամփոփեց հեռացված դասախոսը։ Նշենք, որ օգոստոսի սկզբին աշխատանքից հեռացված Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներից 14-ն իրենց նախկին աշխատանքի վերականգնելու պահանջով դիմել էին դատարան։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկն էլ իր հերթին ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ որոշ դասախոսների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են դրանց գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ` այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով դասախոսներին:
No comments:
Post a Comment