Վրաստանը չորեքշաբթի օրվանից` Հոկտեմբերի 13-ից, վիզային ազատ ռեժիմ է մտցնում Հյուսիսային Կովկասի հանրապետությունների հետ: Հոկտեմբերի 13-ից Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող 7 հյուսիսկովկասյան հանրապետությունների բնակիչները իրավունք կստանան առանց վիզայի մուտք գործել Վրաստանի տարածք: Այս մասին նախօրեին Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջղալաձեն: «Նախագահ Սահակաշվիլիի հրամանագրի համաձայն` Դաղստանի, Չեչնիայի, Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսիայի, Ադիգեյայի, Կարաչաեւո-Չերկեսիայի եւ Կաբարդինո-Բալկարիայի բնակիչները հնարավորություն կստանան առանց մուտքի վիզայի 30 օր շարունակ գտնվել Վրաստանի տարածքում», - ասել է Մանջղալաձեն: Բացատրելով Վրաստանի նախագահի նման քայլի նպատակահարմարությունը` խոսնակը նշել է. - «Դեռ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից նախագահ Սահակաշվիլին հայտարարեց, որ կողմ է միացյալ Կովկասի ստեղծմանը: Վրաստանի նախագահի այս նախաձեռնությունը հենց այդ տրամաբանության մեջ է տեղավորվում եւ նպատակ ունի ամրապնդել կապերը կովկասյան ժողովուրդների միջեւ: Հարկավոր է հաշվի առնել, որ Հյուսիսային Կովկասի բնակիչները վրացական վիզա ստանալու համար ստիպված են մեկնել Մոսկվա եւ դիմել Վրաստանի շահերը ներկայացնող շվեյցարական դեպանություն»: Մանջղալաձեի խոսքերով` Միխեիլ Սահակաշվիլիի հրամանագիրը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 13-ին: Ռուսական կողմի արձագանքը Վրաստանի այս նախաձեռնությանը գրեթե ակնթարթային էր եւ բավական կոշտ: «Սա վրացական կողմի հերթական քարոզչական քայլն է: Որպես կանոն` քաղաքակիրթ գործընկերները վիզային ռեժիմի շուրջ ծագող հարցերը լուծում են երկկողմ մակարդակով», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ռուսական կողմի այս պնդումը մոտ է իրականությանը նաեւ այն պատճառով, որ Հյուսիսային Կովկասի բնակիչները նույնիսկ առանց վիզաների չեն կարող ուղղակիորեն մուտք գործել Վրաստանի տարածք: Սահմանագծին գտնվող միակ` Վերին Լարս անցակետը, ըստ ռուսաստանցի մասնագետների, նախատեսված է միայն բեռնափոխադրումների համար: Ինչ վերաբերում է դեպի Վրաստան պարբերաբար իրականացվող չարտերային ավիաչվերթներին, ապա դրանցից եւ ոչ մեկը Հյուսիսային Կովկասի օդանավակայաններից չի իրականացվում, ընդգծում են Մոսկվայում:
No comments:
Post a Comment