Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, October 28, 2010

Լֆիկն ու ...մյուսները

«Հայռուսգազարդը» շարունակում է պահպանել Հայաստանի խոշորագույն հարկատուի իր դիրքը՝ 9 ամիսների արդյունքներով վճարելով 12,9 մլրդ դրամ (մոտ 35,8 մլն դոլար) հարկ։ Այդ մասին նշված է Պետեկամուտների կոմիտեի այսօր հրապարակած խոշոր հարկատուների ցանկում։ Սակայն նկատենք, որ երրորդ եռամսյակում «Հայռուսգազարդը» զգալիորեն նվազեցրել է վճարած հարկերի ծավալը։ Եթե երկրորդ եռամսյակում ընկերությունը վճարել էր 5 մլրդ դրամ (13,5 մլն դոլար), ապա երրորդ եռամսյակում՝ 2,9 մլրդ դրամ (8 մլն դոլար): Սա հավանաբար բացատրվում է այն հանգամանքով, որ գազի թանկացման արդյունքում գազասպառումը հանրապետությունում նվազել է: Երկրորդ եռամսյակում հարկերի վճարման բավական բարձր մակարդակ է ապահովել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգը»՝ 12,5 մլրդ դրամ (մոտ 34,7 մլն դոլար) եւ երկրորդ տեղ։ Այս ընկերությունը, որ մի շարք ոլորտներում գերիշխող դիրքեր ունի, հարկերի վճարման աճով առաջատարներից է՝ միայն երրորդ եռամսյակում վճարել է մոտ 4 մլրդ դրամ (մոտ 11 մլն դոլար): Հեռահաղորդակցության ոլորտի բոլոր երեք ընկերություններն էլ հարկատուների ցանկում բարձր տեղեր են գրավում։ «Ղ-Տելեկոմը» եւ «Արմենտելը» զբաղեցնում են 3-րդ եւ չորրորդ տեղերը՝ վճարելով համապատասխանաբար 12,1 եւ 11,1 մլրդ դրամ (33,6 եւ 30,8 մլն դոլար): Ընդ որում՝ «Արմենտելը» հանրապետությունում առաջատար է շահութահարկի գծով՝ 3,8 մլրդ դրամ (10,5 մլն դոլար): Երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիան» վճարել է 3,8 մլրդ դրամ (10,5 մլն դոլար) եւ գտնվում է 11-րդ հորիզոնականում։ Խոշոր հարկատուների ցանկում շարունակում է իր առաջխաղացումը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը հայտնվել է 5-րդ տեղում՝ վճարելով 8,8 մլրդ դրամ (24,4 մլն դոլար) եւ շրջանցելով վառելիք ներմուծող ընկերություններին։ Միայն երրորդ եռամսյակում ընկերությունը վճարել է 4,6 մլրդ դրամ հարկ՝ սա բացարձակ լավագույն ցուցանիշն է։ Ընկերության ֆինանսական դրության բարելավմանը նպաստում է միջազգային շուկայում պղնձի գների աճը։ Խոշոր հարկատուների ցանկում 6-րդ եւ 7-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են բենզինի եւ դիզվառելիքի շուկայի ավանդական մենաշնորհները՝ «Ֆլեշն» ու «Սիթի պետրոլ գրուպը»: «Ֆլեշը» սովորաբար փոքր-ինչ ավելի է վճարում, քան իր հիմնական մրցակիցը։ 9 ամսվա կտրվածքով «Ֆլեշը» վճարել է 8,4 մլրդ դրամ (23,3 մլն դոլար), իսկ «Սիթի պետրոլ գրուպը»՝ 7,8 մլրդ դրամ (21,6 մլն դոլար): 8-րդ խոշոր հարկատուն Հայաստանի էլեկտրական ցանցերն է՝ 5,8 մլրդ դրամ (մոտ 16,1 մլն դոլար): Ընկերության վճարած հարկերին նպաստում է հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների որոշ աճը։ Սիգարետներ ներմուծող խոշորագույն ընկերությունը՝ «Վիդիս դիսթրիբյուշնը» 5 մլրդ դրամով (13,8 մլն դոլար) զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Նրան կրնկակոխ հետեւում է սիգարետի տեղական արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», որը 4,7 մլրդ դրամ է (13 մլն դոլար) վճարել եւ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

No comments:

Post a Comment