Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 25, 2010

ՈՐՆ Է ԻՐԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ` շաքարի նորակառույց գործարանի բացման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի առթիվ առաջացած աղմուկին: Այնինչ արժեր, որ գերագույն գլխավոր հրամանատարն այս կապակցությամբ հանդես գար առանձին ելույթով, ցավակցեր զոհերի հարազատներին և հայտարարեր, որ կատարվածի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Սա կլիներ ոչ միայն մխիթարական խոսք իրենց զավակներին կորցրած բազմաթիվ ընտանիքներին, այլև` երկրի ղեկավարի պատասխանատվությունն այդ նույն ընտանիքների և բանակ մեկնած ու զինվորական ծառայության մեջ գտնվող հազարավոր երիտասարդների ու նրանց ընտանիքների համար: Նա պիտի հավաստիացներ ՀՀ քաղաքացիներին, որ ամեն ինչ արվում է, որպեսզի այլևս նման դեպքեր տեղի չունենան հսյկական բանակում և ինքն անձամբ է պատասխանատու ամեն մի կյանքի համար: Սա է իրական մտահոգությունն ու պատասխանատվությունը: Սակայն գերագույն գլխավոր հրամանատարին ուղղված հարցը վերաբերում է ոչ թե բանակում տեղի ունեցած դեպքերին ու կոնկրետ անձանց, այլ դրանց վերաբերյալ հրապարակումներին: Ուղիղ հարցի դեպքում, գուցեև այլ պատասխան հնչեր և երկիրը ղեկավարող Սերժ Սարգսյանը իրապես կիսեր իր մտահոգությունն ու այս իրավիճակից ելքեր առաջարկեր:  Մինչդեռ “Ես մտահոգված եմ” արտահայտությունը ողջ խոսքի ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարը հնչեցրեց մեկ անգամ և արագ անցավ “բայցին”: “Ես մտահոգված եմ բոլոր այն դեպքերով, որ տեղի են ունենում մեր զինված ուժերում, բայց մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ամեն օր, ամեն ժամ մեր բանակը դառնում է ավելի մարտունակ, մեր բանակն ավելի է կատարելագործվում, և վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ ուղղակի պետք է հպարտանա մեր զինված ուժերով”:  Տեղին կլիներ նման խոսքով հանդես գալ պատերազմի կամ մարտական գործողությունների թեժ պահին, երբ զոհերը բազմաթվ են, մարդիկ` հուսալքված, իսկ թշնամին` առջևում: Պատերազմի ժամանակ կորուստները շատ էին և մահվան հերթական լուրը լսելով մարդիկ լուռ արտասվում էին: Իսկ հիմա ինչու լռել, երբ 18-20 տարեկան երիտասարդները զրկվում են կյանքից հենց այնպես ու դաժանությամբ, զրկողն էլ մեր թշնամին չէ ու պայմաններն էլ խաղաղ են: Եվ հենց դրա համար է, որ յուրաքանչյուր հայ “ուղղակի” չի կարող հպարտանալ մեր զինված ուժերով: Զավակ կորցրած ընտանիքները, նրանց հարազատներն ու հարևաններն ամբողջ ցանկության դեպքում չեն կարող հպարտանալ հայկական բանակով, իսկ այդ տեղը չի կարող լցվել միայն կոչով ու քարոզով: Բայց Սերժ Սարգսյանի խոսքում հնչած մտահոգության սլաքը, կարծես, բոլորովին այլ կողմ էր ուղղված, և նրա խոսքը կոնկրետ հասցեատեր ուներ. “Զզզվում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել և, առաջին հերթին, այն մարդկանցից, ովքեր փորձել են բանակում ծառայել ու չի ստացվել, բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձել են դերակատարություն ունենալ մեր զինված ուժերի կայացման գործում, բայց միայն վնասել են”: Ի վերջո, խոսքն ամփոփում է. “Այդպիսի մարդիկ ո՞ւմ են պետք ընդհանրապես”: Իրար հաջորդած մահվան դեպքերի թիվը մեծ էր, և հասարակական պոռթկումն էլ դրան համարժեք էր: Վերջապես սառույցը հալվեց, և հանրությունն ըմբոստացավ ու ընդվզեց բանակի բիրտ ուժի դեմ: Խոսեցին ու արտահայտվեցին շատերը: Եվ, հավանաբար, նրանց մեջ է տեսել գերագույն գլխավոր հրամանատարը բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահողներին և թվարկած մյուսներին: Բայց սա հենց այն դեպքն է, երբ միշտ պիտի կրկնել ու ասել, թեկուզ քաղաքական դիվիդենտներ շահել, բայց հանուն մարդկային կյանքերի:  ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը խոսում է քաղաքական դիվիդենտներ շահողների, իսկ այն գլխավորող նախարարը` հրապարակումները պատվիրողների մասին: Սրանք հարցեր են, որոնք այսօր ամենաքիչն են հուզում հանրությանը: Փաստերն այնքան զորեղ են ու մտահոգիչ, որ պետք է անմիջապես գործի անցնել ու բանակը վերափոխելու, մարդկային կյանքերը փրկելու մասին մտածել ու խոսել: Քաղաքական դիվիդենտների ու պատվիրատուների մասին խոսելը առաջացած հասարակական պահանջը կոտրելու ու հարցից շեղվելու նպատակ են հետապնդում:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

No comments:

Post a Comment