«Այդ հանդիպման արդյունքները վկայում են այն մասին, որ հաստատվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականները, ըստ որոնց Ռուսաստանի դերը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ուժեղանում է եւ, ըստ էության, խորանում է Ռուսաստան- Հայաստան- Ադրբեջան ֆորմատով հակամարտության կարգավորման հեռանկարը»,- այդ մասին ասել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այդ եռակողմ հանդիպումը եւ երեք նախագահների համատեղ հայտարարությունը, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ ավել ոչինչ չունի ավելացնելու: Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի հրավերով, հոկտեմբերի 27-ին հանդիպել են Աստրախանում` եւ հանգամանալից քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Նրանք հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել, որում ասվում է. «Հաստատելով 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթները, նախագահներն ընդգծեցին, որ հակամարտության կարգավորումը քաղաքական դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ ռազմական ոլորտում վստահության միցառումների հարցում: Այդ նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ անհապաղ ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակում կատարել` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաեւ այդ մոտեցումներով ղեկավարվել նաեւ հետագայում` այդ հարցերում ելնելով բացառապես հումանիտար բնույթից»:
No comments:
Post a Comment