Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 25, 2010

ԻՆՉՈՒ ՄԻԱՅՆ ԹԱԹԱՆ

Թերեւս ամենեւին էլ զարմանալի չէ, որ ԱՄՆ-ում հայկական հանցախմբի բացահայտման առիթով ցուցմունք տալու է հրավիրվել երգիչ Թաթան: Չզարմանալու պատճառը Թաթայի անվանումը չէ, որը կարող էր ամերիկացի իրավապահների մոտ ասոցացվել “օրենքով գողի” մականվան հետ: Ի վերջո, այդօրինակ անունները շոու բիզնեսում ամենեւին էլ նոր կամ եզակի, կամ միայն հետխորհրդային տարածքի երգիչներին հատուկ բան չեն: Օրինակ, Արեւմուտքն էլ ունի Գագա` Լեդի Գագա, որը նույնպես շատ նման է քրեական հեղինակության մականվան: Խնդիրն այլ է: Թաթայի հարցաքննությունից պետք չէ զարմանալ, քանի որ հետխորհրդային տարածքում, մասնավորապես նաեւ Հայաստանում, միանգամայն ընդունված է եղել երգիչների եւ քրեական հեղինակությունների շփումը: Քրեական աշխարհը շռայլ վճարել է, իսկ երգիչներն էլ, իհարկե ոչ բոլորը, բայց զգալի մասը, հաճույքով երգել են նրանց տարբեր հավաքույթներին: Բանը եղել է այն, որ երգիչներն այսպիսով ոչ միայն շռայլ վարձատրվել են, այլ նաեւ որոշակի թիկունք են ձեռք բերել քրեական աշխարհի տեսքով: Ինչու միայն հենվես իշխանության վրա, երբ որ կյանքում իրավիճակները խիստ տարբեր են, եւ մի տեղ իշխանությունը կարող է դուռ բացել, մեկ այլ տեղ դուռ կարող է բացել քրեական աշխարհը: Դե, իսկ եթե իշխանությունն ու քրեական աշխարհն են սերտ կապերի մեջ, ապա այդ դեպքում արդեն իսկ գրեթե անհնար է մեկի հետ շփվել, իսկ մյուսի հետ` ոչ: Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն ներկայիս ժամանակահատվածին: Այդ երեւույթը գալիս է դեռեւս խորհրդային տարիներից: Խոսքը ոչ միայն ռաբիսի, այլ նաեւ էստրադա-պոպսայի շատ ներկայացուցիչների մասին է: Այնպես որ, ամենեւին էլ զարմանալի չէ, որ որեւէ երգչից ցուցմունք են ուզում ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցախմբի հետ շփման համար: Զարմանալին այն է, որ առայժմ միայն Թաթային են հրավիրել ցուցմունքի: Մինչդեռ հայտնի է, որ հայկական շոու բիզնեսի եւ ռաբիսի գրեթե բոլոր “աստղերն” են ժամանակ առ ժամանակ “խոպան” գնում ԱՄՆ, այնտեղ համերգներ ունենում, հոլովակներ նկարահանում, սկավառակներ թողարկում եւ լիքը գրպանով հետ գալիս Հայաստան:

No comments:

Post a Comment