Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն հերքել է մամուլում հնչեցված այն պնդումները, թե «Պզո» մականունով Արմեն Ղազարյանը սերտ առնչություններ է ունեցել Հայաստանի իշխանությունների հետ: «Չափազանց դատարկամիտ է ջանասիրությունը, որով քաղաքական որոշ շրջանակներ եւ վերջիններիս հարող լրատվամիջոցներ հետեւողականորեն պրոպագանդում են այն ցնորամտությունը, թե իբր ԱՄՆ-ում տարատեսակ հանցագործություններ կատարելու համար ձերբակալված ոմն «Պզո», նույն ինքը՝ Արմեն Ղազարյանը, ինչ-ինչ շփումներ է ունեցել մեր պետության բարձրաստիճան անձանց հետ»,-ասել է նա: «Ձեռնպահ մնալով այդ տեսակ քաղաքական շրջանակների եւ լրատվամիջոցների վարքի գնահատումից` հարկ եմ համարում նշել, որ «Պզո» հորջորջվող Արմեն Ղազարյանը ժամանակին իսկապես եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ մի խումբ անձանց հետ միասին կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն: Որոշ ժամանակ անց Ղազարյանը բաց է թողնվել, քանի որ Հայաստանի տարածքում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չեն եղել: Վստահ եմ, որ վերոհիշյալ իրողության մեջ ուշագրավ ոչինչ չկա, քանզի այսպես կոչված «օրենքով գողերն» ու հանցավոր այլ հեղինակությունները մշտապես գտնվել են ոստիկանության ուշադրության տիրույթում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից եւ ոչ մեկը հանդես չի եկել Ղազարյանին ազատ արձակելու միջնորդությամբ: Միաժամանակ ավելորդ չեմ համարում հավելել, որ այն ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Արամ Սարգսյանը երբեւէ հանդես չի եկել որեւէ անձի ձերբակալելու նախաձեռնությամբ»,- նշել է նախկին ոստիկանապետը:
No comments:
Post a Comment