Հայաստանում 90-ականներից սկսած՝ ամուսնալուծությունների թվի աճ է նկատվում։ Մասնագետները ամուսնալուծությունների գլխավոր պատճառներ են համարում հայ ընտանիքում կնոջ և տղամարդու դերերի փոփոխությունը, նաև այն, որ նոր ընտանիք մուտք գործող աղջիկն այդ ընտանիքին ինտեգրվելու խնդիրներ է ունենում։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Գիատահետազոտական լաբորատորիա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը, ընդհանրապես, ամուսնության մեկ տարին հոգեբանները ադապտացիոն շրջան են համարում։ Եթե այդ ընթացքում զույգերը հաղթահարեն առաջացող խնդիրները, ամուսնալուծության հավանականությունը նվազում է։ Դժվար ժամանակահատված է նաև առաջին երեխայի ծնունդը։ Այդ դեպքում, ըստ հոգեբանի, երեխան մորից շատ ժամանակ է խլում, իսկ ամուսնու մոտ սկսում է գլուխ բարձրացնել հայրական խանդը։ Ամուսնալուծություններն այսօր ոչ միայն աճում են, այլև իրենց հետևից բերում են մի շարք չարիքներ։ Մարիամ Մեհրաբյանի խոսքով՝ մարդավաճառության փաստերը վերլուծելիս պարզ է դառնում, որ Թուրքիայում և Դուբայում թրաֆիքինգի զոհ են դառնում հիմնականում ամուսնալուծված կանայք։ «Այսօր հոգեբաններին դիմում են հիմնականում ընտանեկան խնդիրների առջև կանգնած կանայք, տղամարդիկ գրեթե չեն դիմում։ Դա բացատրվում է նրանով, որ դերերի փոփոխություն է տեղի ունեցել, և տղամարդիկ սոցիալ-տնտեսական պատճառներով պայմանավորված՝ պասիվացել են»,- ընդգծեց նա։ Ըստ հոգեբանի՝ ամուսնալուծության շեմին կանգնած կինն ու տղամարդը շատ հաճախ քննարկում չեն ծավալում այն պատճառների շուրջ, որը նրանց հասցրել է այդ վիճակին։ Հայ ընտանիքներն այսօր սովոր չեն իրենցից զատել նորաստեղծ ընտանիքին։ Ըստ հոգեբանի՝ սոցիալական պորտալարը հայ ծնողների և նորաստեղծ ընտանիք կազմող զավակների միջև ուշ է կտրվում։ «Մենք շատ լավ գիտենք, որ մեր տղամարդկանց և մայրերի կապը շատ սերտ է լինում մինչև այն ժամանակ, երբ տղամարդը դառնում է 40-50 տարեկան։ Դա դժվարացնում է նորաստեղծ ընտանիքի ադապտացիոն շրջանը, ինչը կարող է ամուսնալուծության բերել»,- նշեց Մեհրաբյանը։Այստեղ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանը հիշեց մի անեկդոտ. «Կինը սիրում է ամերիկացուն, ամերիկացին սիրում է փողը։ Կինը սիրում է ֆրանսիացուն, ֆրանսիացին սիրում է սեքսը։ Կինը սիրում է հային, հայը սիրում է մամային»։Աննա Ոսկանյանի խոսքով՝ ամուսնալուծությանը միանշանակ վատ վերաբերվել պետք չէ։ Շատ հաճախ ասվում է, որ հասարակության կայունությունը ընտանիքի կայունությամբ է պայմանավորված։ Սակայն հոգեբանների տեսակետից նման ուղիղ կապ գոյություն չունի։ Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը կայուն հասարակություններ ունեն, այնինչ այդ երկրներում ամուսնալուծությունները մեծ թիվ են կազմում։ Ըստ նրա՝ ամուսնալուծության պատճառներ են նաև վաղ ամուսնությունները, երբ ոչ կինը, ոչ տղամարդը չեն պատկերացնում, թե ում հետ են ամուսնանում և ինչ սպասումներ պետք է ունենան իրենց կողակցից։ Հետագայում դա բերում է հիասթափությունների։ Պատճառներից մեկն էլ այն է, որ հաճախ մարդիկ ամուսնանում են, քանի որ ամուսնանալու ժամանակն է լինում, սակայն այդ դեպքում հոգիների միացում տեղի չի ունենում։ «Հաճախ է պատահում, երբ սփյուռքահայ տղաները գալիս ու ասում են՝ մաման լավ աղջիկ է ճարել և ամուսնանում են՝ իրար բավականաչափ չճանաչելով ու չսիրելով»,- նշեց Ոսկանյանը։ Հոգեբանները զույգերին հորդորում են՝ նախքան ամուսնանալը զրուցեք հոգեբանների հետ՝ պարզելու՝ հոգեպես և ֆիզիոլոգիապես համապատասխանո՞ւմ եք միմյանց, թե՝ ոչ։
No comments:
Post a Comment