«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը, որին 2009-ի նոյեմբերին ԲՀԿ-ում ստիպեցին հրաժարական տալ նախարարի պաշտոնից և որը 2 շաբաթ առաջ դուրս է եկել նաև ԲՀԿ-ից, երեկ «ՀԺ»–ին տված հարցազրույցում պատասխանել է իր երբեմնի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Թերթը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ ԱԺ-ում լրագրողի նկատառմանը, թե ԲՀԿ-ն դաժան է վարվում իր կադրերի հետ, մասնավորապես Պետրոսյանի վերաբերյալ Ծառուկյանն ասել էր. «Պետրոսյանը կյանքում չէր կարող պատկերացնել, որ ինքը կարող է նախարար դառնալ։ Այդ հնարավորությունը իրեն ընձեռեցինք։ Բայց եթե ինքը լիարժեք չի կարողանում աշխատել՝ դա չի նշանակում, որ պետք է իրեն լավ զգա, բայց ամբողջ 3 միլիոն ժողովուրդ տանջվի։ Պետք է ինքը մտածի ամբողջ այդ ժողովրդի, ոչ թե իր անձնականի մասին»։ Ի պատասխան այս դիտարկմանը՝ Պետրոսյանը թերթի հետ զրույցում ասում է. «Ճիշտն ասած, շատ զարմացած եմ այդ հայտարարությունից։ Եթե մամուլում կարդացած չլինեի, մինչև վերջ համոզված կմնայի, որ նման բան չի ասվել։ 3 մլն մարդ հաստատ իմ գործողություններից չի տանջվել։ Ընդհակառակը, արել եմ ամեն ինչ, որ բացառվի այդ ոլորտում որևէ կեղտոտ երևույթ, որ բյուջեի միջոցները ծառայեն իրենց նպատակային նշանակությամբ և ոչ թե առանձին անձանց։ Զարմանում եմ, որ այդպիսի գնահատական է հնչել։ Իսկ ինչ վերաբերվում է, որ ես կերազեի նախարար լինելու մասին, այո, ես նախարար եմ նշանակվել ԲՀԿ քվոտայով և իրավունք էլ չունեի մոռանալ այն ճանապարհը և այն միջոցը, որի շնորհիվ հայտնվել եմ այնտեղ։ Իսկ երազելու բարոյական իրավունք՝ նախարար դառնալ, վստահաբար կարող եմ ասել, որ ունեցել եմ, որովհետև իմ անցյալը դա ինձ թույլ է տվել։ Ես շուրջ 15 տարի դասավանդում են ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում առանց որևէ խնդրի, 5 տարի ֆակուլտետի դեկան եմ եղել մասնավոր բահում, ամբիոնի վարիչ՝ Վանաձորի համալսարանում և այլն։ Ինչ է, պետք է անպայման քրեական անցյա՞լ ունենայի, որ նախարար դառնալու հավակնությունս ողջամիտ լիներ։ Հատկապես զարմանալի է այդ տանջելու վերաբերյալ արտահայտությունը. ես որևէ մեկին չեմ տանջել, չեմ հարստահարել։ Եթե ես այդքան մարդ տանջած լինեի, այսօր իմ ազատության համար ո՞ւմ եմ պարտական, իրավապահ մարմինների անգործությա՞նը, թե իմ բախտին։ Եթե որևէ մեկը կգտնվի, որ ինձ կաշառք է տվել, թող բարի լինի, գնա պատկան մարմիններին հայտնի, պետությունը զբաղվի»։
No comments:
Post a Comment