Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, October 19, 2010

Բյուզանդիայի օրինակով

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ շարունակում է իրականացնել Բյուզանիայի քաղաքականությունը: Արդեն բարձրաձայնվել է քաղաքացիների նկատմամբ Ռուսաստանի նոր միգրացիոն քաղաքականութան և այն իրագործելու ծրագրերի մասին: Խոսքը մասնավորապես վերաբերվում է Դաշնային միգրացիոն ծառայության ՙԻրավական ակտերի նորմատիվներում փոփոխություն կատարելու մասին՚ հրամանին (ՙՌԴ դաշնային միգրացիոն ծառայության նորմատիվ և իրավական ակտերի մեջ փոփոխություններ կատարելու մասին՚ 20.08.2010 թ. հրաման հ. 256, հրապարակված 24.09.2010 թ. ուժի մեջ մտած 5.10.2010 թ.): 
Ըստ հրամանի, նախատեսվում է հեշտացնել և խրախուսել ՙհայրենակիցներին՚, արագացնելով ՌԴ մշտական բնակության տեղափոխվելու գործընթացը` պարզեցված ընթացակարգով քաղաքացիություն տրամադրելը, Ռուսաստան հարազատներին և ունեցվածքը դյուրին կերպով տեղափոխելը: Որպես խրախուսանք հաստատված են միանվագ վճարումներ` կախված վերաբնակեցման մարզից: ՌԴ 27 մարզերը, որոնք խնդրահարույց են ժողովրդագրական առումով, բաժանված են կատեգորիաների. առավելագույն փոխհատուցումներ նախատեսված են այն վերաբնակվողների համար, ովքեր կնախընտրեն ապրել Հեռավոր Արևելքի կամ` Անդրբայկալյան տարածքում: Նախատեսվում է վճար 120 հազարական ռուբլի ծրագրի մասնակցի և 40 հազարական` ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Ռուսաստանի մյուս` ՙԱ՚ մարզեր վերաբնակվողներին վճարվող գումարները կրկնակի պակաս են` համապատասխանաբար` 60 և 20 հազարական: Բնակության ՙԲ՚ տարածքում վերաբնակվողները կստանան 40 հազար և 15 հազարական ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Այսպիսով, առավելությունը տրվում է ռուս - չինական սահմանամերձ շրջաններում վերաբնակվողներին, որոնց կտրվի փոխհատուցում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքերի, Ռուսաստան նրանց հարազատների և բեռնափոխադրումների համար, ընդ որում, վերջիններիս բեռները մաքսազերծման ենթակա չեն լինի: Եթե վերաբնակվողն աշխատում է ՌԴ որևէ այլ մարզում, և ցանկանում է միանալ ՙհայրենակիցներ՚ ծրագրին, ապա վերջինիս նոր ընտրված վայր մեկնելու համար պահանջված ծախսերը պետությունը չի փոխհատուցում: Սակայն նա իրավունք կստանա վերադառնալ հայրենիք` հարազատների և իրերի հետևից: Այդ ընթացքում ՌԴ վերադառնալու ամբողջ ճանապարհածախսը կփոխհատուցվի: Հրամանը ՙհայրենակիցներին՚ հնարավորություն է ընձեռում անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը և կից փաստաթղթերը էլ.փոստով ներկայացնել համապատասխան տարածքային իրավասու մարմնին: Այս կերպ վերաբնակվողները կկարողանան պետական ծրագրին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել` առանց վերաբնակեցման նպատակով ընտրված մարզ մեկնելու անհրաժեշտության: Որպես քաջալերման հավելյալ միջոց, ՌԴ կառավարությունը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկվում է Ռուսաստան վերադարձած ՙհայրենակիցների՚ եկամտահարկերը նվազեցնել 30-ից` 13 տոկոսի: Բացի դրանից, առաջարկվում է այդ ծրագրի մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին ազատել արտասահմանյան քաղաքացիության կամ առանց քաղաքացիության անձանց ՌԴ բնակության վայրում գրանցելու տուրքից: Ըստ էության, հայաստանյան իշխանությունները որևէ ձևով չեն խոչընդոտում այս ծրագրի կատարմանը`լռությամբ հետևում են իրավիճակին, քանի որ իշխանություններին ձեռնտու է արտագաղթը` այն պարզ տրամաբանությամբ, որ Հայաստանից կարտագաղթեն հիմնականում քաղաքացիներ, որոնք դժգոհ են իշխող ռեժիմից, մեծամասամբ չունեն գոյատևելու միջոցներ, ինչպես նաև 2012 թ. և 2013 թ. համապետական ընտրությունների ժամանակ կլինեն ռեժիմին դիմադրող ժողովրդի մի մասը և կխոչընդոտեն ռեժիմի վերարտադրությանը: Այս առումով ակնառու է Ռուսաստանի կողմից Հայաստանի հաշվին իր ռազմավարական խնդիրները լուծելու նպատակադրվածությունը: ՀՀ կառավարությունը համարձակվեց ընդամենը խոնարհաբար խնդրել ՙմեծ եղբորից՚` վերաբնակեցման ծրագիրն իրագործել առանց ավելորդ գովազդի: Այո, Հայաստանի բնակչությունը փոքրաթիվ է, ուստի` այդ ծրագրի մասին վաղ թե ուշ բոլորն էլ կիրազեկվեն: Այստեղ ավելի շուտ կարելի է խոսել հայաստանյան իշխանությունների գավառական մտածելակերպի մասին, որոնք փորձում են թաքցնել այն, ինչը հնարավոր չէ: Փաստենք. 2007 թ.-ին ՌԴ են արտագաղթել 30,751, իսկ 2008 թ.-ին` 35.216 քաղաքացի` Հայաստանի բնակչության մեկ տոկոսից ավելին: Ընդ որում` ՌԴ տեղափոխումը, բեռնափոխադրումների ծախսերն իրականացվել են մեկնողների հաշվին: Կարելի է պատկերացնել, թե ի±նչ կկատարվի Ռուսաստանի առաջարկած նպատակաուղղված ծրագրի առկայության պայմաններում (տեղեկատվության աղբյուրը`
http: // www. gks.ru/free doc/new_sit/epopulation /demo/migro.htm):
Հայաստանի բնակչության մասսայական արտագաղթը կարող է հայկական պետականության կորստի պատճառ հանդիսանալ: Ռուսաստանն ու Եվրամիությունն աշխատող ձեռքերի պակաս են զգում, հատկապես երիտասարդության, հատկապես քրիստոնյա, հեշտությամբ ինտեգրվող և ձուլվող: Հայոց պատմությունը մեզ ուսուցանում է, որ կայսրության ծայրամասերից ՙթարմ արյուն՚ ստանալու քաղաքականություն Հայաստանի նկատմամբ ժամանակին վարել է Բյուզանդիան, որը հայ զինվորականներին իրենց ընտանիքներով տեղաբաշխում էր Բուլղարիայից մինչև Սիցիլիա, ինչը կործանվող Բյուզանդիային թույլ տվեց մի քանի դարով երկարաձգել իր գոյությունը, իսկ հայությանը խոչընդոտեց պետականության վերականգմանը: Այս առումով որևէ օտարի պետք չէ մեղադրել: Մոսկվան չի կարող լինել ավելի հայամետ, քան այսօրվա Հայաստանի իշխանությունները: Եթե հայրենիքում ամեն ինչ կարգին է, ոչ մի արտոնություն, խրախուսում և լավ պայմաններ չեն կարող ստիպել որևէ ազգի ներկայացուցչի գաղթել ուսուրյան տայգա: Այնուամենայնիվ` ՙռազմավարական դաշնակից՚ հասկացության առընչությամբ արժե հիշատակել մեկ փաստ: Ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ը Վրաստանում նախաձառնեց և հովանավորեց պետական համակարգային բարեփոխումներ, որոնք կայացնում և զարգացնում են վրաց պետականությունը, իսկ Հայաստանում Մոսկվան ուղղակի, թե անուղղակի նպաստում է այն պայմանների պահպանմանը, որոնք հնարավորություն են տվել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջիններս Հայաստանը վերածեն կոռումպացված քրեաօլիգարխիկ համակարգով, թույլ պետական ինստիտուտներով ՙբանանային՚ մի երկրի: Ընդ որում` այսօր մեզանում Մոսկվան ասոցիացվում է որպես Հայաստանի քաղաքական և սոցիալական հետընթացի պատճառ: Այլ բան է, եթե մեր ՙռազմավարական դաշնակիցը՚ հրաժարվել է Հարավային Կովկասում իր լուրջ դերակատարումից, ապա իմաստ է ստանում վերջինիս կողմից հայկական պետականության մնացորդների իրացումը ...
Հայկ ԲԱԼԱՆՅԱՆ
ՙՍարդարապատ՚ շարժման
նախաձեռնող խմբի անդամ
sardarapatsharzhum@gmail.com

No comments:

Post a Comment