Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, October 14, 2010

Նախիջևանն էլ դատարկվում է

Նախիջեւանի ինքնավար հանրապետությունից վերջին տարիներին բնակչության մեծամասնությունը սկսել է արտագաղթել հիմնականում Թուրքիա եւ Ռուսաստան, եւ Ադրբեջանի կազմում մնացած Նախիջեւանի դեմոգրաֆիկ պատկերն սկսել է փոփոխություն կրել։ Ըստ «Նախիջեւան. պատմական եւ արդի շրջանի որոշ հիմնահարցեր» գրքի՝ Նախիջեւանում վերջին տարիներին շատացել է քրդական ազգաբնակչությունը, որոնք ներգաղթում են Թուրքիայի արեւելյան շրջաններից։ Նշվում է, որ այս հարցը Բաքվի մտահոգությունն է առաջացրել։ Գրքում հանգամանորեն ներկայացված է Նախիջեւանի պատմական անցյալը, էթնոքաղաքական, էթնոժողովրդագրական գործընթացները, տնտեսությունը ու սոցիալ-տնտեսական հարցերը, ինչպես նաեւ անդրադարձ կա Նախիջեւանում Իրանի աճող ազդեցությանը։ Տեղեկացնենք, որ «Նախիջեւան. պատմական եւ արդի շրջանի որոշ հիմնահարցեր» գիրքը լույս է ընծայել Հայաստանի նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը։ Ինստիտուտը միաժամանակ ներկայացրել է նաեւ «Տարածաշրջան ու աշխարհ» գիտա-վերլուծական հանդեսը։ Պարբերականի առաջին համարը լույս է տեսել ռուսերեն լեզվով։ Խմբագրական խորհրդի անդամ Լեւոն Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ հետագա համարներում կտպագրվեն հոդվածներ հայերեն, ռուսերեն նաեւ անգլերեն։ «Հայաստանում քաղաքագիտական գիտավերլուծական հանդեսները դեռ կայացման փուլում են, բայց հույս ունենք, որ այս հանդեսը կգտնի իր ընթերցողին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «Տարածաշրջանն ու աշխարհը» նախատեսված է հայաստանցի եւ արտասահմանցի գիտավերլուծական, փորձագիտական, ինչպես նաեւ ընթերցողների լայն շրջանակի համար։ Ըստ Հովսեփյանի՝ պարբերականի խմբագրական կոլեգիան կազմված է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի անվանի վերլուծաբաններից եւ գիտնականներից։ Հետագայում խմբագրական կոլեգիայի կազմը մեծանալու է, եւ ներկայացուցիչներ են ընդգրկվելու նաեւ այլ երկրներից։

No comments:

Post a Comment