Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, October 14, 2010

Հայկական մաֆիային կնախանձեր նույնիսկ դասական Կոզա նոստրան

ԱՄՆ բժշկական օգնության համակարգում բացահայտված խոշոր զեղծարարության մանրամասներ է բացահայտում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։ Հիշեցնենք, որ հատուկ ծառայությունները ձերբակալել են հանցավոր խմբավորման տասնյակ անդամների, որոնք ծնունդով նախկին ԽՍՀՄ երկրներից են, հիմնականում՝ Հայաստանից։ Ամերիկյան 25 նահանգներում նրանք բացել են 118 ձևական բժշկական կլինիկաներ։ Նյու Յորքում խմբավորման ղեկավարությունն իրականացվում էր փոքր գրասենյակից, որը գտնվում է ավտոնորոգման արհեստանոցի վերևում։Նյու Յորքի դաշնային դատախազ Փրիթ Բհարարան բացահայտված խմբավորումն անվանել է «միջազգային»՝ ընդգծելով, որ նրա ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ՝ պարբերաբար այցելելով այդ երկիր և ձեռք բերելով այնտեղ անշարժ գույք ԱՄՆ-ում հանցավոր ճանապարհով ստացված միջոցների հաշվին։ Դատախազը խմբավորումը համեմատել է «դասական Կոզա նոստրայի» հետ՝ հավելելով, սակայն, որ «ապօրինի եկամուտների, աշխարհագրական տարածքի և հավակնոտության տեսանկյունից ավանդական մաֆիան կարող էր նախանձել այս ամերիկահայկական խմբավորմանը»։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հայկական մաֆիայի գլխին կանգնած է եղել Պզո մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանը։ Պզոն կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդն է, որը զբաղվում է զենքի, թանկարժեք քարերի և հազվագյուտ մետաղների ապօրինի շրջանառությամբ, թմրանյութերի մաքսանենգությամբ, ինչպես նաև մարդկանց առևանգմամբ ու դրամաշորթությամբ։ Մեղադրական փաստաթղթերում ասվում է, որ Ղազարյանն ԱՄՆ է գաղթել 1996թ. և այնտեղ գտնվել փախստականի կարգավիճակում, չնայած պարբերաբար մեկնել է Հայաստան և Ադրբեջան։ Ղազարյանը ԱՄՆ-ում ձերբակալված առաջին «օրենքով գողն» է 1995–ից ի վեր, երբ ձերբակալվեց Վյաչեսլավ Իվանկովը, և առաջին «օրենքով գողը», որին ԱՄՆ-ում առաջադրվել է մեղադրանք, որը նախատեսում է խիստ քրեական և քաղաքացիա-իրավական պատիժ։ Ղազարյանն ապրել ու ձերբակալվել է Լոս Անջելեսում։ Հետաքննության տվյալներով՝ հայկական խմբավորման անմիջապես ղեկավարել են Դավիթ Միրզոյանը Լոս Անջելեսում և Ռոբերտ Թերջանյանը Նյու Յորքում։ Նրանք զբաղվել են զեղծարարությամբ, ռեկետով, անձնական տվյալների գողությամբ, կրեդիտ քարտերի կեղծմամբ, փողերի լվացմամբ, նարկոտիկի վաճառքով, դրամաշորթությամբ, ծխախոտի և «վիագրայի» ապօրինի տարածմամբ։ Մեղադրական փաստաթղթերում նաև ասվում է, որ հանցագործները մոլորեցնում էին ԱՄՆ ներգաղթային իշխանություններին և «օտարերկրյա կառավարության ներկայացուցիչների օգնությամբ այնպես էին դասավորում, որ այդ կառավարությունը հրաժարվում էր ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող անձանց՝ այդպիսով զրկելով ամերիկյան իշխանություններին նրանց արտաքսելու հնարավորությունից»։ Դատախազը հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին՝ արդյո՞ք Հայաստանի կամ այլ երկրների իրավապահ մարմինները աջակցել են ամերիկյան իշխանություններին այս գործի հետաքննության ընթացքում։Հետաքննությունը շարունակվել է շուրջ 1 տարի այն դեպքում, երբ դատախազության տվյալներով՝ հայկական մաֆիան ԱՄՆ-ում ձևավորվել է նվազագույնը 4 տարի առաջ։

No comments:

Post a Comment