Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Միացյալ Թագավարությունում մասնակցում է Դիչլի հիմնադրամի «ԵՄ-ի և Ռուսաստանի ընդհանուր հարևանություն» թեմայով գիտաժողովին: Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպական Միությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և այլ երկրներից ժամանած առաջատար քաղաքական գործիչների ու փորձագետների մասնակցությամբ ընթացող գիտաժողովը նախագահում է Սիր Ռոդրիկ Բրաթվեյթը` նորանկախ Հայաստանի Հանրապետությունում և հարևան երկրներում Նորին Գերազանցության առաջին դեսպանը: Ռուսաստանին, Եվրոպային ու նրանց «հարևանությանը» նվիրված լիագումար նիստում, ի թիվս այլոց, դեսպան Փիթեր Սեմնեբին, ռուս վերլուծաբան Սերգեյ Կարագանովը և Րաֆֆի Հովհաննիսյանը Վրաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա և Իրան-Անդրատլանտյան առանցքներով առկա երեք անհաղթահարելի բաժանարարների լույսի ներքո անդրադարձել են Ռուսաստան-Եվրոպա հարաբերություններին ու Հայաստանի և տարածաշրջանի վրա դրանց ազդեցությանը: Այս խորապատկերին Հովհաննիսյանը հիշատակել է Հայաստանի ինքնիշխանությունն ու քաղաքականության դիվերսիֆիկացիան ամրապնդելու և խորացնելու հրամայականը, որը կհենվի Մոսկվայի ու Երևանի միջև իրապես փոխադարձ «ռազմավարական» հարաբերության վրա: Այնուհետև, Հովհաննիսյանը կարևորել է թուրք-հայկական հարաբերությունների նորմալացմանն աջակցելու անհրաժեշտությունը, այն դիտարկելով ոչ թե իբրև «արևմտահաճո» մի ցուցափեղկ, որի փայլով այդքան հաճախ արդարացվում ու ամրապնդվում է բանակցող կողմերի թույլ լեգիտիմությունը, այլև որպես ճշմարտության և Հայոց Մեծ Հայրենազրկման ու Ցեղասպանության էջը հիմնովին փակելու միջոցով դեպի իրական հաշտեցմանը հասնելու նոր ու խիզախ մի ուղի: Լեռնային Ղարաբաղի ու համանման կարգավիճակ ունեցող այլ միավորների մասին խոսելիս նա անընդունելի է համարել «sui generis» արհեստական իրավական կառուցակարգերը, որոնք հարմարեցվում են քաղաքական նախատրամադրվածություններին և հորինվում մի ազգի իքնիշխանությունն այլոց իքնիշխանության բացառման հաշվին զորակցելու նպատակներով. թե Արևմուտքը և թե Ռուսաստանն արդեն իսկ ներգրավված են միջազգային իրավական չափանիշների այդպիսի ընտրողական կիրառության գործընթացներում, մինչդեռ վաղուց ժամանակն է ճանաչել «sui generis»-ի նախակարապետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ինչպես հայտնում են «Ժատանգությու» կուսակցությունից, Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է թե երկրի ներսում, թե միջազգային հարցերում օրենքի իշխանությունը համատարած կիրառելու մարտահրավերի մասին` այդպիսով հաղթահարելով տևական լարվածությունը թե արևմտյան, թե ռուսական քաղաքականություններում և թե ժողովրդավարական ուղենիշերի ու անազնիվ աշխարհաքաղաքական շահերի միջև: Դիչլիի գիտաժողովը այսօր կշարունակվի փոքր աշխատանքային խմբերի ձևաչափով, որոնք քաղաքական դեղատոմսեր կմշակեն Մոսկվա-Բրյուսել կապերի, ընդհանուր հարևանության և չլուծված հակամարտությունների, տնտեսական և էներգետիկ հիմնախնդիրների վերաբերյալ:
No comments:
Post a Comment