Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 20, 2010

ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը չի հավատում, որ իրեն կարող են կալանավորել

«Ես չեմ հավատում, որ Անդրանիկ Միրզոյանը այդպիսի բան ասած լինի, քանի որ նա պրոֆեսիոնալ քննիչ է»,- ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ անդրադառնալով մամուլում Հատուկ Քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի արած հայտարարությանը։ Խոսքը վերաբերում է դեռեւս 2009-ի հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպին, երբ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի ավտոմեքենայում նրա եւ Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի վեճն ավարտվել էր նրանով, որ Կարո Կարապետյանն իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի վրա ու վրավորել նրան: ՀՔԾ ղեկավար Անդրանիկ Միրզոյանը նշել է, որ այս գործով ունեն տուժող, որը պետք է մասնակցի քննչական գործողություններին: «Ես ուզում եմ անձամբ տեսնեմ լրագրողին, ով վարել է հարցազրույցը Միրզոյանի հետ եւ զապիսը լսեմ։ Ես չեմ հավատում, որ Միրզոյանը նման բան ասած լինի։ Բացի այդ, գործով մեղադրյալը մյուս անձնավորությունն է (Արթուր Զադոյանը, ում վրա մոտ մեկ տարի առաջ կրակել էր Կարո Կարապետյանը-խմբ.): Ո՞նց կարող է նա տուժող ճանաչվել, նա մեղադրյալն է, նա հանցագործն է։ Տուժողը ես եմ, նա չի»,-ասաց Կարապետյանը, հավելելով, որ բացառվում է, որ իրեն որպես մեղադրյալ ներգրավեն, քանի որ «8 հատ վկա կա»: «Եթե էդ 8 հատ վկան, որոնք տարբեր տեղացիներն են, եթե դրանք սաղ սուտ են, միայն 14 անգամ դատված հանցագործի ասածը ճիշտ ա, ուրեմն....»-նկատեց պատգամավորը։ Նշենք, որ Միրզոյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե «ո՞վ է գործով տուժողը՝ ԱԺ պատգամավո՞րը, որի գլուխը կոտրել էին, թե՞ մյուս անձնավորությունը, որի ոտքերին կրակել էր պատգամավորը»,- պատասխանել էր. «Ոչ, պատգամավորը չէ, այլ նա, ում վրա կրակել է պատգամավորը: Այդ տուժողը պետք է մասնակցի քննչական գործողություններին, սակայն հիմա նրան պատգարակով են տեղափոխում: Երբ կառողջանա, կբերեն, կմասնակցի գործողություններին եւ հետեւաբար նրանց արարքներին վերջնական իրավական գնահատական կտրվի»: ՀՔԾ ղեկավարը նշել էր նաեւ, որ պատգամավորն է եղել մեղավորը, նկատելով, թե «խնդիր կառաջանա նրան պատգամավորությունից հետ կանչելու եւ նրան կալանավորելու»: Գործով տուժող Արթուր Զադոյանի փաստաբան Մարինե Թադեւոսյանն ասել է, որ քանի որ գործի վարույթը կասեցված է, իրենք բողոքարկել են կասեցումն ու գործով քննիչի գործողությունները։ Բողոքը առաջիկա օրերին կներկայացվի դատարան։ Արթուր Զադոյանն ասաց, որ ինքը թեեւ գործով հանդես է գալիս որպես մեղադրյալ, սակայն իրականում տուժող է, ինչի մասին են վկայում մի շարք հանգամանքներ ու փաստեր ու հույս ունի, որ կհաղթի արդարադատությունը։  Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբերին Երասխ-Երեւան ավտոճանապարհին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով) հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Այնուհետեւ նաեւ ծեծի էր ենթարկել նրան. Զադոյանը ոտքերի հարված էր ստացել գլխին, որը դարձել էր ուղեղի ցնցման պատճառ, վնասվել էին նաեւ նրա կողերը: Զադոյանը բարեբախտաբար ողջ էր մնացել, նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին եւ 3 վիրահատության ենթարկվել: Նշեք, որ Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել եւ ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով:


No comments:

Post a Comment