Տամբովի հանցավոր խմբավորման անդամներից մեկի հարցաքննության արձանագրությունը լույս է սփռել Վլադ Լիստեւի սպանության վրա։ Ձերբակալվածը մանրամասն տեղեկություններ է հաղորդել, հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Լրագրողական հետաքննությունների գործակալության փոխտնօրեն Եվգենի Վիշենկովին։ Հաղորդվում է, որ հարցաքննության ժամանակ հանցագործը հայտնել է այդ գործով «բոլոր անունները, այդ թվում՝ կոնկրետ կատարողների։ Բոլոր նրանք, ում մասին նա խոսել է, իրենց ժամանակին բավականին հայտնի մարդիկ են եղել»։ Վիշենկովի խոսքով, հարցաքննված հեղինակության ցուցմունքներում հիշատակություն կա Բերեզովսկու եւ կազմավորված հանցավոր խմբավորման ղեկավարներից մեկի հանդիպման մասին։ Վիշենկովը ենթադրում է, որ գանգստերները կարող էին Բերեզովսկուց պատվեր ստանալ, որը համընկնում էր նաեւ նրա շահերի հետ, գրում է «Իզվեստիան» ։ОРТ հեռուստաալիքը Լիստեւի՝ գլխավոր տնօրեն դառնալուց մի քանի ամիս առաջ սեփականաշնորհվեց եւ անցավ Բորիս Բերեզովսկու վերահսկողության տակ։ Այն ժամանակ Լիստեւը փորձում էր կարգավորել գովազդի համար անվերահսկելի գումարային հոսքերը։Նշենք, որ Վլադ Լիստեւն իր տան բակում սպանվել է 1995 թվականի մարտի 1-ին։ Նա վերադառնում էր Час пик ծրագրի նկարահանումներից։ Վարձու մարդասպանի մի գնդակը դիպել էր նրա ձեռքին, մյուսը՝ գլխին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վլադիսլավ Լիստեւը մեծ հռչակ էր ձեռք բերել որպես Взгляд ծրագրի հաղորդավարներից մեկը, այնուհետեւ մեծ ժողովրդականություն էր վայելում «Հրաշքների դաշտ» ծրագիրը։ Նրան է պատկանում նաեւ «Կռահիր մեղեդին» ծրագրի գաղափարը։ 1995 թվականին նա դարձել էր ОРТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն։
No comments:
Post a Comment