Հայաստանի ոստիկանությունը եւ դատախազությունը ձեռնամուխ են եղել ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցախմբի եւ Հայաստանի իշխանության հնարավոր կապի մասին ամերիկյան կողմի ակնարկները հերքելուն: Նրանք տարածել են հայտարարություններ, թե հանցախմբի ղեկավար, “օրենքով գող” Պզոն ԱՄՆ քաղաքացի է եւ Հայաստանում էլ դատված չի եղել: Այսինքն, մի կողմից ոստիկանությունն ու դատախազությունն ասում են, թե Հայաստանի իշխանությունն էստեղ ինչ գործ ունի, եթե դուք` այսինքն ԱՄՆ, ձեր ձեռքով եք նրան քաղաքացիություն տվել, մյուս կողմից էլ նշելով, որ նա դատված չի եղել Հայաստանում, փորձում են ասել, թե Պզոն չէր կարող “օրենքով գող” լինել, քանի որ դրա համար դատվածություն է “պահանջվում”: Քննության հետագա ընթացքը կպարզի իհարկե, թե իրականում արդյոք Պզոն ԱՄՆ քաղաքացի է եւ արդյոք Հայաստանի իրավապահները գոնե այդ առումով իրապես տիրապետում են իրավիճակին: Ինչ վերաբերում է “օրենքով գող” լինել-չլինելուն, ապա հետխորհրդային ժամանակներում դա արդեն ոչ թե “հասնովի”, այլ ըստ էության “ձեռքբերովի” կարգավիճակ էր դառել եւ “օրենքով գող”-ի կարգավիճակը կարող էին նաեւ պարզապես գնել, իսկ խորհրդային շրջանի այն պարտադիր պայմանը, որ “օրենքով գողը” որեւէ սեփականություն պիտի չունենար, որեւէ բիզնեսի տեր պիտի չլիներ, հետխորհրդային շրջանում արդեն դարձել էր հուշ, եւ գրեթե բոլոր “օրենքով գողերը” դարձել էին նաեւ բիզնեսմեն, կամ էլ հետխորհրդային շատ բիզնեսմեններ դարձել էին “օրենքով գող”: Սակայն այդ ամենն իմիջայլոց, քանի որ դրանք տվյալ գործի կապակցությամբ հանրային-պետական տեսանկյունից կարեւորություն չեն ներկայացնում: Կարեւորն այն է, թե արդյոք Հայաստանի իրավապահները պատրաստվում են քննել այն անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները, որոնք հանցավոր խմբի անդամները իրականացրել են Հայաստանում: Ամերիկացիները հստակ հայտարարել են այդ մասին: Իսկ Հայաստանի իրավապահներն էլ հայտարարում են, որ պատրաստ են գործակցել ամերիկյան կողմի հետ: Ուրեմն, Պզոյի անցյալի վերաբերյալ “մենք ինչ գործ ունենք” կարգի հայտարարություններից բացի, կամ առավել եւս դրանց փոխարեն, թերեւս Հայաստանի իրավապահներն արդեն իսկ պետք է ոչ թե առաջարկեին, այլ պահանջով դիմեին ամերիկյան կողմին, որպեսզի անհրաժեշտ տեղեկություններ տրամադրվեին հանցագործների Հայաստանում կատարած առքուվաճառքի գործարքները քննելու համար: Չէ որ շատ մեծ է հավանականությունը, որ դրանք տեղի են ունեցել գողացված, այսինքն ապօրինի ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցներով: Իսկ քանի որ խոսքը Հայաստանի անշարժ գույքի շուկայի մասին է, ապա տվյալ պարագայում Հայաստանի իրավապահները պետք է որ ավելի շահագրգռված լինեն այդ գործերը ուսումնասիրելու եւ բացահայտելու հարցում: Իսկ առայժմ նրանք միայն շահագրգռված են եւ զբաղված են հանցախմբին Հայաստանի իշխանությունից վանելու գործով:
No comments:
Post a Comment