Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 11, 2010

Բարբարոսնե՛ր, ինչո՞ւ եք լռում Հայոց ցեղասպանության մասին. թուրքերին հարցրել է Կուստուրիցան ու հեռացել Թուրքիայից

Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիայի Անթալիա քաղաք էր ժամանել աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` մինչև իր ժամանումը և դրանից հետո ռեժիսորի հասցեին Թուրքիայում քաղաքական գործիչների և արվեստագետների շրջանում հնչող կոշտ քննադատություններից հետո Կուստուրիցան երեկ որոշ հայտարարություններ անելուց հետո հեռացել է Թուրքիայից: Անդրադառնալով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի հայտարարություններին և Թուրքիայում իր դեմ սկսված արշավը որակելով որպես «բարբարոսություն»` աշխարհահռչակ ռեժիսորը հայտարարել է. «Ես որևէ քաղաքական կուսակցության անդամ չեմ: Այս փառատոնի ժամանակ բախվեցի մի բանի, որն ինձ հետ երբեք չէր պատահել։ Այս կապակցությամբ ինձ պաշտպանել անգամ չեմ ցանկանում, սակայն որոշ բաներ պարզաբանման կարիք ունեն։ Անթալիայի քաղաքապետին ջերմ ընդունելության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Սակայն, միևնույն ժամանակ, ցանկանում եմ հայտարարել, որ Թուրքիայի մշակույթի նախարարին ընկալում եմ որպես թշնամի: Երբ մի երկրի մշակույթի նախարար նման հայտարարություններ է անում, այդ երկրի փողոցներից մեկում որևէ քաղաքացի ինձ կարող է ուղղակի գնդակահարել»,- հայտարարել է Կուստուրիցան` քննադատելով նաև թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուին, ով նույնպես իր «Մեղր» ֆիլմով հրաժարվել էր մասնակցել կինոփառատոնին: «Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին: Ես միշտ դեմ եմ հանդես եկել Բոսնիայում մարդկության դեմ կատարված հանցագործություններին: Եվ եթե հազար տարի էլ ապրեմ, հազար տարի էլ դեմ եմ լինելու ցեղասպանություններին»,- հայտարարել է Էմիր Կուստուրիցան: Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, ինչպես նաև Սեմիհ Քափլանօղլուն հայտարարել էին, որ չեն մասնակցելու «Ոսկե նարինջ» կինոփառատոնին, որովհետև այնտեղ է Կուստուրիցան: «Մենք բոլորս կարևորում ենք Անթալիայի կինոփառատոնը: Ես` որպես նախարար, միշտ աջակցել եմ այդ միջոցառմանը: Մեկ այլ առիթով Անթալիա կգնամ, սակայն կինոփառատոնին չեմ մասնակցի, որովհետև այնտեղ է Էմիր Կուստուրիցան: Վերջինս Բալկաններում պատերազմի ժամանակ ոչ միայն դուրս է եկել սեփական ժողովրդի զգացմունքների դեմ, այլև ընդհանուր մարդկային արժեքների հարցում որդեգրել է բացասական, անհասկանալի, հակակրելի գործելաոճ: Իսկ դա բոլորիս է վշտացրել: Ես պատերազմի ընթացքում այցելել եմ Բոսնիա: Չեմ կարող անտեսել հանրության ձայնը և այդ պատճառով փառատոնին չեմ մասնակցելու»,- հայտարարել էր թուրք նախարարը: Իսկ ավելի վաղ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող և «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պահանջել էին Կուստուրիցային հանել «Ոսկե նարինջ» կինոփառատոնի ժյուրիի կազմից:

No comments:

Post a Comment