Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, October 5, 2010

ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ՍՏՎԵՐԸ

Հոկտեմբերի 5-ը ուսուցչի օրն է, որը նաեւ արդեն տոն է դարձել եւ հաջորդ տարվանից արդեն լինելու է որպես տոն: Դե, այդ օրը մեծարում են ուսուցիչներին, իշխանությունը նրանցից երկուսին նույնիսկ ավտոմեքենա է նվիրում` լավագույն ուսուցչին եւ լավագույն տնօրենին, թեեւ հայտնի չէ, թե ինչպես է որոշվում օրինակ լավագույն ուսուցիչը, ով է որոշում, ինչ չափանիշով: Բանն այն է, որ Հայաստանում ուսուցիչներին որոշելու երկու չափանիշ կա` պաշտոնական եւ այսպես ասած ստվերային, բայց առավել գործնական: Պաշտոնականը դե այն է, որ ուսուցիչը պետք է աշակերտներին գիտելիք հաղորդի, ընդ որում ոչ միայն դասագրքային, այլ կենսական գիտելիքներ մարդու, մարդկայինի, հանրայինի եւ այդ կարգի այլ բաների մասին: Այսպես ասած ստվերային, բայց առավել գործնական ֆունկցիան, որ Հայաստանում ուսուցիչների առաքելության մասին պաշտոնական պաթետիկ ելույթներից դուրս դրված է ուսուցչակազմի վրա, դա ընտրություններին մասնակցելն ու իշխանության համար ցանկալի արդյունքի ապահովմանը հասնելն է: Այդ գործառույցը դրված է ոչ միայն, բայց նաեւ ուսուցիչների վրա, որոնք դրան մասնակցում են տարբեր ձեւերով, հիմնականում դպրոցներում բացված ընտրատեղամասերի աշխատանքին մասնակցելով: Անշուշտ, այդ գործընթացին ոչ բոլոր ուսուցիչներն են ներգրավված, բայց ներգրավված են հարյուրներն ու հազարները, իսկ գուցե տասնյակ հազարները: Ուրեմն պաշտոնական, թե ստվերային ֆունկցիաների գնահատմամբ են Հայաստանում լավագույն ուսուցիչն ու դպրոցների լավագույն տնօրենը որոշվում: Չէ որ տնօրեններն էլ դպրոցի կառավարմամբ զբաղվելու փոխարեն աշխուժորեն ներգրավվում են նաեւ ընտրական պրոցեսի կազմակերպման եւ անցկացման գործին: Ի վերջո, ուսուցիչները պետք է հստակ իմանան, թե հատկապես իրենց որ ֆունկցիան է գնահատելին` գրվածը, թե չգրվածը: Ցավալի է իհարկե, որ Հայաստանում կա այդօրինակ խոսակցության եւ հարցադրման առիթ: Եվ ցավալի է, որ ուսուցիչների զգալի մասն ինքն էլ հաճույքով տրվում է այդ գրված ու չգրված ֆունկցիաների խաղին, քանի որ այդ խաղն էլ իր հերթին նրանց թույլ է տալիս իշխանության չգրված կանոններին զուգահեռ դպրոցում հաստատել սեփական չգրված կանոնները, որոնք թանկ են նստում աշակերտների եւ նրանց ծնողների վրա բառի բուն եւ պատկերավոր իմաստով: Ցավալի է նաեւ, որ կամա թե ակամա, ինքնաբերաբար այդ համատարած երեւույթի տակ են մնում նաեւ այն ուսուցիչները, որոնք քիչ, սակայն գոյություն ունեն եւ խաղում են միայն գրված կանոններով, իսկ եթե չգրված կանոն էլ ունեն, ապա դա վերաբերում է ընդամենը նրան, որ աշակերտի հանդեպ ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան պահանջվում է, քան իրենց պարտականությունն է, քան դասագրքային նյութն է: Կան նաեւ այդպիսի ուսուցիչներ, որոնք ցանկացած օտարալեզու կրթությունից էլ ավելի որակյալ եւ արդյունավետ դեր են ունենում երեխայի կրթական մակարդակի ապահովման, համակողմանի գիտելիքի տիրապետման առումով: Բայց այդպիսի ուսուցիչները եթե նկատվում էլ են, եթե խրախուսվում էլ են, ապա միայն ու միայն այսպես ասած տոնական օրերին, որ ավելի շատ ոչ թե իրենք խրախուսվեն, այլ իշխանությունը գովազդվի նրանց ֆոնին: Այդպիսի ուսուցիչներն սռօրյա կյանքում իշխանությանը պետք չեն, քանի որ նրանք աշակերտի մասին ավելի շատ են մտածում, քան գալիք ընտրությունների: Ավելին, նրանք նորմալ աշակերտներ, ապագա նորմալ քաղաքացիներ կրթելով, վտանգում են ապագայում “նորմալ” ընտրություններ անցկացնելու իշխանության ծրագրերը:
Հ.Գ. Գրեթե ցանկացած տոնական առիթի մասին խոսելիս, պատկերը Հայաստանում ստացվում է ամենեւին էլ ոչ տոնական, նույնիսկ տխուր ու մտահոգիչ, քանի որ տոների խրախճանքի ժամանակ շատ ավելի ցցուն է երեւում առօրյա ժանտախտը: 

No comments:

Post a Comment