Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 11, 2010

ԹՈՒՐՔԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԸ

Թուրքիայի Հզոր Թուրքիա կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը, փոխնախագահ Բայբարս Օրսեքը, կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Դյունդար Գյուլթեքինը եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը, ի նշան փակ սահմանի դեմ բողոքի, խախտել են հայ-թուրքական սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան: Ըստ Zaman թերթի, Բեքլեւիչը հայտարարել է, որ եթե մինչեւ 2011 թվականը հայ-թուրքական սահմանը չբացվի, նույն այդ ճանապարհով 1000 հայ եւ 1000 թուրք երիտասարդ սահմանը կանցնեն: Հետաքրքիր է, իսկ որտեղ էին այդ ժամանակ ռուս սահմանապահները, ովքեր, ըստ հավաստիացումների, հուսալի պաշտպանում են Հայաստանի սահմանները: Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալը հայտնել է, որ Հայաստանում Թուրքիայի կողմից սահմանը խախտելու դեպք չի արձանագրվել, եթե արձանագրվեր, ապա այն անմիջապես կկանխվեր: Նա այդպես է մեկնաբանել թուրքական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե Թուրքիայի մի քանի քաղաքական գործիչներ հատել են հայ-թուրքական սահմանն ի նշան սահմանի փակ լինելու դեմ բողոքի: Ռուս սահմանապահների հաղորդած այդ տեղեկությունը առաջացնում է մի հարց` խախտման դեպք չի արձանագրվել, որովհետեւ այդպիսի դեպք չի՞ եղել, թե այն պարզապես չի արձանագրվել, որովհետեւ արձանագրելը ցանկալի չէր եւ այն կարող էր առաջացնել լուրջ աղմուկ: Համենայն դեպս, հետաքրքրական է, որ թուրքական տեղեկատվությանը, թե մի քանի գործիչներ անցել են հայ-թուրքական սահմանը, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն արձագանքում է ոչ այնքան օպերատիվ: Ինչպես “Այն նույն Մյունհանուզենը” հայտնի ֆիլմի հայտնի հերցոգն էր հարցնում իր զորքերի հրամանատարին` “նրանք, ի՞նչ է, ձեզ մոտ, թերթեր չե՞ն կարդում”: Մի՞թե Հայաստանում ռուս սահմանապահները թուրքական թերթեր չեն կարդում: Մինչդեռ թվում է, որ նրանք հենց առաջինը պետք է կարդան ու առաջինը պատասխանեն այն երկրի թերթերին, որից պաշտպանում են հայ-թուրքական սահմանը: Ռուսաստանցի սահմանապահները թերեւս եթե ոչ հոկտեմբերի 10-ի գիշերը, ապա գոնե հենց հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան պետք է պաշտոնական հայտարարություն տարածեին թուրքական լրատվության հաղորդած տեղեկատվության կապակցությամբ, եթե իրապես տիրապետում են իրավիճակին եւ վերահսկում հայ-թուրքական սահմանը:

No comments:

Post a Comment