Единая Россия կուսակցությունը կողմնորոշվել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի թեկնածուների հարցում։ Այս մասին, ինչպես հայտնում է РБК-ն, հայտնի է դարձել կուսակցության գերագույն խորհրդի այսօրվա նիստից հետո։ Պաշտոնին հավակնողների ցուցակում տեղ են գտել ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինը, Նիժնի Նովգորոդի նահանգապետ, մայրաքաղաքի նախկին փոխքաղաքապետ Վալերի Շանցևը և Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնակատար Լյուդմիլա Շվեցովան։ Կուսակցության ղեկավարությունը թեկնածությունները ներկայացրել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին։ Հիշեցնենք, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը նախագահ Մեդվեդևի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերի 28-ին «նախագահի վստահությունը կորցնելու» կապակցությամբ։ Նույն հրամանագրով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց քաղաքապետի նախկին առաջին տեղակալ Վլադիմիր Ռեսինը։ Նշենք, որ նա ավելի վաղ ասել էր, որ քաղաքապետի պաշտոնում նշանակման չի սպասում. նրա կարծիքով՝ նոր քաղաքապետ պետք է դառնա իրենից 20-25 տարով երիտասարդ մեկը։ Այնուամենայնիվ, մի շարք փորձագետներ Ռեսինին համարում էին քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը։ Նրանք իրենց տեսակետը հիմնավորում էին այն փաստով, որ Ռեսինը հոկտեմբերի 6-ին համալրել էր Единая Россия-ի շարքերը։
No comments:
Post a Comment