Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 4, 2010

ՀՀ կենտրոնական բանկը ցոփ ու շվայտ կյանք է վարում

ՀՀ կենտրոնական բանկը տարեցտարի ավելացնում է իր վարչական եւ կապիտալ ծախսերը, թեեւ մինչ այսօր չի կարողացել իրականացնել օրենքով ու Սահմանադրությամբ իրեն վերապահված հիմնական գործառույթը՝ ապահովել գների կայունություն։ ՀՀ ֆինանսների նախարարությունը, որը պարտավոր է հրապարակել եզրակացություն ԿԲ ծախսերի վերաբերյալ, եզրակացրել է. «...նկատի ունենալով Բանկի վերջին տարիների գործունեության տարեկան արդյունքներով ստացված փաստացի, ինչպես նաեւ առաջիկա տարիների արդյունքներով Բանկի կողմից ակնկալվող վնասը եւ Բանկի պահուստների նվազման միտումը, նպատակահարմար ենք գտնում առաջարկել Բանկին մեկ անգամ եւս քննարկել Բանկի 2011 թվականի առաջարկվող ծախսերը, դրանց ծավալը հնարավորինս կրճատելու նկատառումով»: Նկատենք, որ ԿԲ աշխատակիցները պետական համակարգում ամենաբարձր վարձատրվողներն են, որոնց կարող են նախանձել նույնիսկ մասնավոր սեկտորի բազմաթիվ մենեջերներ։ 2011 թ. բյուջետային ուղերձում հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ԿԲ միջին աշխատավարձը 2011 թ. կազմելու է ամսական 438,4 հազ. դրամ (մոտ 1200 դոլար), որը նախորդ տարվա համեմատ աճելու է 4,1 տոկոսով։ ԿԲ-ում աշխատավարձերի նման բարձր մակարդակը (ներառում է նաեւ բոնուսները) բացատրել են այն հանգամանքով, որ առեւտրային բանկերի միջին աշխատավարձերը կազմելու է 505 հազ. դրամ (մոտ 1400 դոլար): Բացի այդ՝ 332 մլն դրամ (մոտ 910 հազ. դոլար) է հատկացվելու բանկի աշխատակիցների առողջության ապահովման եւ այլ ծախսերը հոգալու համար։ ԿԲ-ն պահում է 26 ծառայողական ավտոմեքենա, որոնց շահագործման միջին ծախսը մոտ 3 մլն դրամ է (մոտ 8000 դոլար), այնինչ պետական մյուս մարմիններում 1 ծառայողական մեքենայի պահպանման նպատակով հատկացվում է 1,2 մլն դրամ (մոտ 3300 դոլար):ԿԲ-ն զերծ չի մնացել նաեւ նոր ավտոմեքենա ձեռք բերելու գայթակղությունից։ Մոտ 50 հազ. դոլար է նախատեսված Hundai Bus մակնիշի ավտոբուսը նորով փոխարինելու համար, թեեւ անցյալ տարի այդ նպատակով եւս զգալի գումար էր առանձնացվել։Հսկայական միջոցներ են ծախսվում ԿԲ շենքերի կառուցման, վերանորոգման եւ կահավորման նպատակով, թեւեւ դրանք առանց այն էլ աչքի են ընկնում եվրոպական դիզայնով։ Մոտ 11 մլրդ դրամ է (մոտ 30 մլն դոլար) հատկացվելու «Դիլիջան» տարածաշրջանային ֆինանսաբանկային համալիրի կառուցման համար, այնինչ նույնիսկ եփած հավն այլեւս չի հավատում, որ Դիլիջանը կարելի է վերածել տարածաշրջանային բանկային կենտրոնի։ Ակնհայտ է, որ այդ գումարները կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել, թեկուզ այդ նույն Դիլիջանում զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնելով։ Ամեն տարի ԿԲ-ն 1 մլրդ դրամից (մոտ 2,7 մլն դոլար) ավելի գումար է հատկացնում համակարգչային տեխնիկա ձեռք բերելու նպատակով։ Սա մի գումար է, որ բավական կլիներ ողջ պետական համակարգը համակարգիչներով արդիականացնելու համար։ Շռայլ ծախսերի այս թվարկումը կարելի է անվերջ շարունակել, իսկ մինչ այդ ՀՀ քաղաքացիները ստիպված են հաշվել բարձր գնաճի հետեւանքով ունեցած կորուստները....
Սամվել Ավագյան

No comments:

Post a Comment