Վերջին շրջանում բավական շատ էին ֆուտբոլային հանդիպումները, որոնցում մրցավարությունը դժգոհությունների տեղիք էր տալիս: Միայն վերջին 1 ամսում մրցավարական կոպիտ սխալներ էին գրանցվել չորս հանդիպումներում: Եվ ահա, ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում , որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի շտաբ-բնակարանում հանդիպել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ` հայտարարելով, որ դժգոհ է Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները սպասարկող մրցավարների աշխատանքից: Նա տեղեկացրել է, որ նկատի ունենալով առաջացած բարդ իրավիճակը’ որոշում է կայացվել հրաժարվել Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկող մրցավարներից և այսուհետև նրանց չվստահել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղերը վարելու գործը: Որպեսզի մրցաշարը վտանգի տակ չհայտնվի, նա առաջարկել է հանդիպումների սպասարկման գործը վստահել մանկապատանեկան առաջնություններում գործող մրցավարներին՝ հույս հայտնելով, որ վերջինները կձգտեն առավելագույնս անաչառ վարել խաղերը՝ մրցավարական կարիերայում առաջընթացի բացառիկ հնարավորությունը լավագույնս օգտագործելու նկատառումով, և խնդրել է ակումբի ղեկավարներին աջակցել երիտասարդ մրցավարներին: Քանի որ Հայաստանի Բարձրագույն խմբի հերթական առաջնությունը մոտենում է եզրագծին, և որոշ հանդիպումների նշանակությունը մրցաշարային առումով շատ բարձր է, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկել է անհրաժեշտության դեպքում և ակումբների ցանկությամբ դրանք վստահել արտասահմանցի մրցավարներին:
No comments:
Post a Comment