Ինչպես հայտնի է, ՀՆԱ հաշվարկների ժամանակ, հաշվարկվում է միայն օրինական բիզնեսի շրջանառությունը: Այսինքն ստվերային տնտեսությունը դուրս է մնում այդ հաշվարկներից, թեեւ այն, առնվազն, հետխորհրդային երկրներում, ծաղկում ու բարգավաճում է: Այդ խնդիրը լուծելու համար Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Սուրինովն առաջարկել է ՀՆԱ հաշվարկների մեջ ներառել նաեւ անօրինական բիզնեսը: Բացի «նորմալ» ընդհատակյա բիզնեսից, նա առաջարկում է հաշվարկել նաեւ թմրաբիզնեսի, մարմնավաճառության, զենքի առեւտրի ու փողերի լվացման գործողություններից ստացվող եկամուտները: Ճիշտ է, դեռ անհայտ է, թե այդ ինչ միջոցներով է հաշվարկվելու անօրինական «ձեռնարկատիրությունից» ստացվող միջոցները, բայց հույս կա, որ այդ մեթոդները կմշակվեն: Հիմնավորելով իր տեսակետը, Սուրինովը գնահատական է տվել Ռուսաստանում ստվերային տնտեսությանը, հայտարարելով, որ այն կազմում է «օրինական» ՀՆԱ-ի 14-16 տոկոսը: Այսպիսով, եթե այդ գաղափարն իրականցվի, ապա ՀՆԱ ցուցանիշները զգալիորեն կաճեն: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ Հայաստանի ՀՆԱ-ն հաշվելիս մեզանում հիմք է ընդունվում միայն գրանցված կազմակերպությունների օրինական գործարքները: Այսինքն աշխատում ենք հին մեթոդներով: Միաժամանակ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում «ստվերայնության» մասշտաբները փորձագետները գնահատում են ընդհուպ մինչեւ ՀՆԱ-ի 40 տոկոսի չափով եւ նույնիսկ ավելի, ապա անօրինական բիզնեսի հաշվարկը թույլ կտար անհամեմատ մեծացնել մակրոտնտեսական այդ ցուցանիշը:
No comments:
Post a Comment