Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, October 12, 2010

Ամենախոշոր բյուջեն 2011 թվականի համար ներկայացրել է Ադրբեջանը

Անդրկովկասյան 3 պետություններում էլ ընթանում են բյուջետային քննարկումներ։ Ամենախոշոր բյուջեն 2011 թվականի համար ներկայացրել է Ադրբեջանը՝ 15 մլրդ դոլար եկամուտով եւ 15,8 մլրդ դոլար ծախսով։ Ադրբեջանի բյուջեի կեսը ձեւավորվում է նավթային եկամուտներից։ Բյուջեի 2011-ի նախագծում դրված է 1 բարել /60 դոլար կանխատեսումը։ Նախորդ տարվա համեմատ էապես ավելացվել են պաշտպանական ծախսերը (մոտ 10 տոկոսով): Ուղղակի ռազմական ծախսերը կազմում են 1,6 մլրդ դոլար, իսկ հաշվի առած, այսպես կոչված, «ներդրումային հատկացումները» (սպառազինությունների ձեռքբերում, զինծառայողների համար բնակարանների կառուցում եւ այլն), ռազմական հատկացումների ծավալը գերազանցում է 2,3 մլրդ դոլարը։ Վրաստանի 2011 թվականի բյուջեի նախագիծը մոտ 3,8 մլրդ դոլար է։ Վրաստանը միակ երկիրն է Անդրկովկասում, որը 2011-ին նախատեսել է ռազմական ծախսերի նվազում։ Ռազմական ծախսերը 2011 թվականի համար նախատեսվել են 366 մլն դոլար, որը 50 մլն դոլարով ավելի քիչ է, քան 2010-ին: Նշենք, որ 2008 թվականին, երբ Վրաստանը ռազմական հակամարտության մեջ էր Ռուսաստանի հետ, այդ երկրի ռազմական բյուջեն հասավ մինչեւ 1 մլրդ դոլարի, կամ ՀՆԱ-ի 9,7 տոկոսին։ Այդ ցուցանիշով Վրաստանը զիջում էր միայն Հյուսիսային Կորեային։ Սակայն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դեռեւս այս տարվա հուլիսին վրաց զինվորականներին խոսք է տվել առաջիկայում վերականգնել ռազմական բյուջեի «նախաճգնաժամային» մակարդակը, իսկ ռազմական ծախսերի կրճատումը պայմանավորել է տնտեսական ճգնաժամով։ Հայաստանի 2011 թվականի պետական բյուջեն, հիշեցնենք, ծրագրավորվել է 2,35 մլրդ դոլար եկամուտների եւ 2,75 մլրդ դոլար ծախսերի մակարդակով։ Ռազմական հատկացումները նախատեսված են 387 մլն դոլարի սահմաններում, որը 2010-ի մակարդակը գերազանցում է 14 մլն դոլարով։

No comments:

Post a Comment