Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, October 7, 2010

Մահափորձից մի ամիս հետո սպանվել է

ՀՀ քաղաքացիներ Ռազմիկ Հարությունյանը կնոջ՝ Լիաննա Ավետիսյանի հետ սովորում էր Ֆրանսիայի ուսումնական հաստատություններից մեկում, ունեին 1 տարեկան Լուիզա անունով աղջնակ։ Սակայն նրանց համատեղ կյանքն ընդհատվեց. արտերկրում հոգեկան խանգարում ունեցող, բժիշկների հսկողության տակ գտնվող Ռազմիկի եղբայրը սպանեց նրա կնոջը, հայտնվեց հոգեբուժարանում։ Գլխին մահացու վնասվածքներ ստացած Ռազմիկը փրկվեց ծանր վիրահատությունների արդյունքում։ Փոքրիկ Լուիզան այդ ժամանակ գտնվել էր սոցիալական ծառայության աշխատակիցների խնամքի տակ։ Ու երբ Ռազմիկն ապաքինվեց, բժիշկները, երեխաների հարցերով տեղի հանձնախումբը գտան, որ հայրն ի վիճակի է տեր կանգնել իր երեխային, ավելին, հենց փոքրիկի շնորհիվ նա հոգեբանական ծանր վիճակից դուրս կգա։ Ռազմիկն ամիսներ անց իր աղջնակի հետ եկավ Երևան։ Նա կնոջ գերեզմանը սարքեց Նուբարաշենում, իսկ նոր փորձություններն առջևում էին։ Հանգուցյալ կնոջ մայրը Ֆրանսիա մեկնելուց ժամեր առաջ առևանգում է Լուիզային։ Ռազմիկը ամիսներ շարունակ որոնում էր երեխային։ Նա հայտարարություն էր տվել ոստիկանություն, ոստիկանները փնտրում էին երեխային։ Երբ պարզվեց, որ երեխային փախցրել է տատը, նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ, տատը հայտնվեց «Աբովյան» ՔԿՀ-ում։ Նա դատապարտվեց 3 տարվա պայմանական ազատազրկման։ Ներընտանեկան վեճը մինչ օրս շարունակվում է դատարաններում, քանի որ վիճարկվում էր Լուիզայի համար խնամակալ ճանաչելու, նրա հետ մայրական կողմի հարազատների հետ տեսակցելու հարցը։ Ի դեպ, հոկտեմբերի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանում պետք է հրապարակվի վճիռը, այն դեպքում, երբ Լուիզայի հայրը արդեն սպանված է… «Տղայիս սպանությունը արդյունք է դատական համակարգի անկատարության։ Արդեն 4 տարի է, ինչ մենք վիճարկում ենք, թե ով լինի խնամակալը, տեսակցի՞, թե՞ չտեսակցի տատին՝ Սոֆյա Ավետիսյանին»,-լացակումած պատմում է Ռազմիկ Հարությունյանի մայրը՝ Ամալյա Ստեփանյանը։ Վերջինս հիշում է, որ վերաքննիչ դատարանի օգոստոսյան նիստում (արդեն վերջին) Ռազմիկ Հարությունյանը՝ դիմելով ՍոՖյա Ավետիսյանին, ասել էր. «ես հո չեմ մեռել, որ երեխայիս դու պահես»։ Ըստ Ռազմիկի մոր, իր տղան դրանով «հուշել» էր… Ռազմիկի մայրը տեղեկացնում է, որ այս տարվա օգոստոսին, երբ տղան Հայաստան էր եկել, որպեսզի փոքրիկ Լուիզայի անունով տուն գնի, երկաթով խփել էին նրա գլխի այն հատվածին, որը տարիներ առաջ վիրահատվել էր։ Անհայտ անձը սպասել է Ռազմիկին Ազատության 9/3 շենքի մուտքի մոտ, ու երբ Ռազմիկը տուն է եկել՝ հարվածել է նրան։ Մահափորձի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ռազմիկը կարողացել էր տեսնել հանցագործի դեմքը, նիհար, մեծ ակնոցով երիտասարդ է եղել… Սակայն այս գործը դեռ նախաքննության փուլում է։ Ձերբակալվածներ, կալանավորվածներ չկան… Անհայտ չարագործը հրազենով սպասել է Ռազմիկին նույն շենքի նույն աստիճանահարթակի վրա։ Սեպտեմբերի 17-ին Ռազմիկի ծննդյան օրն էր և նա այդ առթիվ նախորդ օրվա ժ. 13-ի սահմաններում տուն է վերադառնում՝ ձեռքին ծննդյան տոնի գնումները։ Երկրորդ հարկից առաջին հարկ իջնող դարանակալ հանցագործը հրազենով կրակում է 38-ամյա Ռազմիկի գլխին ու դիմում փախուստի։ Ուշադրություն դարձրեք, որ սպանությունը տեղի է ունենում օրը ցերեկով։ ՀՀ ՆԳՆ–ից երեկ տեղեկացանք, որ կասկածյալներ չկան, որևէ մեկը կալանված չէ և նախաքննություն է ընթանում։ «Երեխային լրիվ որբ թողեցին։ Ո՞վ պիտի պատասխան տա այս երեխայի ապրումների համար, որն անընդհատ հորն է ուզում։ Երեխան որևէ մեկի մոտ մնալ չի ուզում»,- արցունքներն աչքերին շարունակում է Ամալյա Ստեփանյանը, որը ցնցված է կատարվածից։

No comments:

Post a Comment