Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կոմիտեի եռամսյակային զեկույցը ներկայացնելուց առաջ նկատել է, որ սա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի առաջին ասուլիսն է, որտեղ ոչ մի հեռուստաընկերություն ներկա չէ, ինչը կոմիտեի համար անակնկալ է: Աշոտ Մելիքյանը ուրախությամբ նշել է, որ հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունների որեւէ դեպք չի գրանցվել: “Սա աննախադեպ երեւույթ է ոչ միայն այս տարվա, այլեւ վերջին տարիների, եւ տա Աստված` այսպես էլ շարունակվի”, նկատել է բանախոսը` նշելով, որ առաջին եռամսյակում 5, իսկ 2-րդում 3 դեպք էր արձանագրվել, անցյալ տարի նույն ժամանակահատվածում գոնե մեկ դեպք եղել է. այս կիսամյակում ցուցանիշը զրո է: Նվազել է նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների թիվը: Եթե առաջին եռամսյակում 6 դեպք էր արձանագրվել, երկրորդում ` 5, ապա երրորդում` 3: Անդրադառնալով ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումներին` Աշոտ Մելիքյանը նշել է, որ այստեղ նույն քանակությամբ դեպքեր են արձանագրվել. եթե երկրորդ եռամսյակում 5 է, ապա երրորդում էլ է 5 արձանագրվել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական միջավայրի ազդեցությանը`Աշոտ Մելիքյանը նշել է, որ մի շարք ուսումնասիրություններ վկայում են, որ լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ տարբեր տեսակի բռնությունների կամ իրավունքների խախտումների դեպքերի թիվն աճում է քաղաքական իրավիճակի սրման պարագայում, ինչն այս եռամսյակում չի նկատվել եւ չի արձանագրվել: Կոմիտեն Երեւանի մամուլի ակումբներում անցկացվող ասուլիսների մոնիթորինգ է անցկացրել, թե հեռուստաընկերությունները ինչքանով են հետաքրքրված դրանցով: Պարզվում է` հեռարձակվող ԶԼՄ-ների ուշադրությունը տարբեր քաղաքական գործիչների ասուլիսների նկատմամբ նույնպես պայմանավորված է քաղաքական մոտեցումներով եւ վերաբերմունքով: Տվյալները բավական հետաքրքիր են. միեւնույն թեմայի շուրջ /եթե հյուրը ՀԱԿ կամ Ժառանգությունից է կամ ոչ լոյալ փորձագետ/ ասուլիսներին մեկ կամ երկու տեսախցիկ է եղել կամ ընդհանրապես չի եղել, բայց , օրինակ, եթե դա Հանրապետական կուսակցությունից ինչ-որ մեկն է եղել, ապա հետազոտվող 10 հեռուստաընկերություններն էլ ներկա են գտնվել: Սա, ըստ Աշոտ Մելիքյանի, քաղաքական կախվածության դրսեւորում է:
No comments:
Post a Comment