Ոստիկանության 31-ամյա քննիչ, Ոստիկանության ավագ լեյտենանտ Տիգրան Սահակյանը մահացել է ավտովթարի հետեւանքով` ՀՀ ՊՆ-ի շենքի մոտակայքում: Նրա դիակը հայտնաբերվել է Նոր Նորքի Բագրեւանդ փողոցի թիվ 14 էլեկտրասյան դիմաց: Հարուցված է քրեական գործ` տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստով, որը մահվան է հանգեցրել: Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերից հետո` 12:15-ի սահմաններում: «Քրեական գործը հարուցվել է մահվան ելքով վրաերթի հատկանիշներով, սակայն ոստիկանությունը այս պահին էլ ստուգում է սպանության հնարավոր վարկածը, թեւ դա վարկածներից մեկն է»,- նշել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը` հավելելով, որ այս պահին ստուգվում է կասկածյալների շրջանակը, ձերբակալված անձ չկա: Ոստիկանությունը պնդում է, որ Տիգրան Սահակյանը մահացել է միանգամից: Տիգրան Սահակյանը գլխի հատվածում վնասվածք է ունեցել: Նա վերջերս Շենգավիթի քննչական բաժնից տեղափոխվել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
No comments:
Post a Comment