Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, October 28, 2010

Լֆիկն ու ...մյուսները

«Հայռուսգազարդը» շարունակում է պահպանել Հայաստանի խոշորագույն հարկատուի իր դիրքը՝ 9 ամիսների արդյունքներով վճարելով 12,9 մլրդ դրամ (մոտ 35,8 մլն դոլար) հարկ։ Այդ մասին նշված է Պետեկամուտների կոմիտեի այսօր հրապարակած խոշոր հարկատուների ցանկում։ Սակայն նկատենք, որ երրորդ եռամսյակում «Հայռուսգազարդը» զգալիորեն նվազեցրել է վճարած հարկերի ծավալը։ Եթե երկրորդ եռամսյակում ընկերությունը վճարել էր 5 մլրդ դրամ (13,5 մլն դոլար), ապա երրորդ եռամսյակում՝ 2,9 մլրդ դրամ (8 մլն դոլար): Սա հավանաբար բացատրվում է այն հանգամանքով, որ գազի թանկացման արդյունքում գազասպառումը հանրապետությունում նվազել է: Երկրորդ եռամսյակում հարկերի վճարման բավական բարձր մակարդակ է ապահովել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգը»՝ 12,5 մլրդ դրամ (մոտ 34,7 մլն դոլար) եւ երկրորդ տեղ։ Այս ընկերությունը, որ մի շարք ոլորտներում գերիշխող դիրքեր ունի, հարկերի վճարման աճով առաջատարներից է՝ միայն երրորդ եռամսյակում վճարել է մոտ 4 մլրդ դրամ (մոտ 11 մլն դոլար): Հեռահաղորդակցության ոլորտի բոլոր երեք ընկերություններն էլ հարկատուների ցանկում բարձր տեղեր են գրավում։ «Ղ-Տելեկոմը» եւ «Արմենտելը» զբաղեցնում են 3-րդ եւ չորրորդ տեղերը՝ վճարելով համապատասխանաբար 12,1 եւ 11,1 մլրդ դրամ (33,6 եւ 30,8 մլն դոլար): Ընդ որում՝ «Արմենտելը» հանրապետությունում առաջատար է շահութահարկի գծով՝ 3,8 մլրդ դրամ (10,5 մլն դոլար): Երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիան» վճարել է 3,8 մլրդ դրամ (10,5 մլն դոլար) եւ գտնվում է 11-րդ հորիզոնականում։ Խոշոր հարկատուների ցանկում շարունակում է իր առաջխաղացումը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը հայտնվել է 5-րդ տեղում՝ վճարելով 8,8 մլրդ դրամ (24,4 մլն դոլար) եւ շրջանցելով վառելիք ներմուծող ընկերություններին։ Միայն երրորդ եռամսյակում ընկերությունը վճարել է 4,6 մլրդ դրամ հարկ՝ սա բացարձակ լավագույն ցուցանիշն է։ Ընկերության ֆինանսական դրության բարելավմանը նպաստում է միջազգային շուկայում պղնձի գների աճը։ Խոշոր հարկատուների ցանկում 6-րդ եւ 7-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են բենզինի եւ դիզվառելիքի շուկայի ավանդական մենաշնորհները՝ «Ֆլեշն» ու «Սիթի պետրոլ գրուպը»: «Ֆլեշը» սովորաբար փոքր-ինչ ավելի է վճարում, քան իր հիմնական մրցակիցը։ 9 ամսվա կտրվածքով «Ֆլեշը» վճարել է 8,4 մլրդ դրամ (23,3 մլն դոլար), իսկ «Սիթի պետրոլ գրուպը»՝ 7,8 մլրդ դրամ (21,6 մլն դոլար): 8-րդ խոշոր հարկատուն Հայաստանի էլեկտրական ցանցերն է՝ 5,8 մլրդ դրամ (մոտ 16,1 մլն դոլար): Ընկերության վճարած հարկերին նպաստում է հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների որոշ աճը։ Սիգարետներ ներմուծող խոշորագույն ընկերությունը՝ «Վիդիս դիսթրիբյուշնը» 5 մլրդ դրամով (13,8 մլն դոլար) զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Նրան կրնկակոխ հետեւում է սիգարետի տեղական արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», որը 4,7 մլրդ դրամ է (13 մլն դոլար) վճարել եւ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

ՊՈՒՏԻՆԻՆ ՄԵՐԿ ԿՐԾՔՈՎ ԵՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ

Ուկրաինացի ֆեմինիստուհիները, FEMEN շարժման ներկայացուցիչները, Կիեւում հետաքրքիր բողոքի ակցիայով են դիմավորել այդ երկիր ժամանած ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին: 6 ակտիվիստուհիներ մինչեւ գոտկատեղը մերկացել են Շեվչենկոյի պուրակում` Լենինի արձանի մոտ: Նրանք պարզել են պաստառներ, որոնք Վլադիմիր Պուտինին են ուղղված եղել. “Մենք չենք քնի Կրեմլի գաճաճների հետ”, “Դուք մեզ այդքան հեշտ չեք կռացնի”, “Պուտին, ձեռք տուր սիրուհուդ, ոչ թե Ուկրաինային”, “Ուկրաինան Ալինա չէ”, “Ձյուդոիստ, պայքարիր ուրիշների հետ”, “Մեզ չես շինի”: Այդ պաստառներում ուկրաինուհիները նկատի են առել նաեւ Պուտինի եւ մարմնամարզուհի Ալինա Կաբաեւայի կապը, որի մասին բավական երկար ժամանակ գրում են լրատվամիջոցները: Ակցիան տեւել է տասը րոպե, որին հետեւել են լրագրողներն ու անցորդները: Իսկ Պուտինի մամուլի ծառայությունը ստիպված է եղել բացատրել նախօրեին Ուկրաինայում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում լրագրողների արձանագրած փաստը, որ Պուտինի դեմքին կար վատ թաքցված կապտուկ: Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե լրագրողները իրավացի չեն եւ պարզապես Պուտինի դեմքին այդպես էր ընկնում լույսը: “Իսկ այն, որ վարչապետը հոգնել է, դա ճիշտ է: Վերջին ժամանակներս նա շատ է աշխատում եւ անընդհատ այցելությունների մեջ է”, ասել է Պուտինի մամուլի քարտուղարը, ի պատասխան այն դիտարկումների, որ Պուտինը Ուկրաինայում իրեն տարօրինակ, անտրամադիր է պահել եւ արարողակարգային շատ միջոցառումներ էլ չեղյալ են հայտարարվել:

ԿԱՊՏՈՒԿ ՊՈՒՏԻՆԻ ԴԵՄՔԻՆ

Ուկրաինացի լրագրողները, ովքեր լուսաբանել են Ռուսաստանի վարչապետ Պուտինի այցը Կիեւ, նրա դեմքին նկատել են կապտուկ հիշեցնող բան: Նրանք նշել են, որ Պուտինը շատ վատ տրամադրություն է ունեցել, իսկ դեմքի գրիմը, որից նախկինում նա չէր օգտվում, չի քողարկել կապտուկը: Լրագրողները նշում են, թե Պուտինը Ուկրաինայի վարչապետ Ազարովի հետ հանդիպմանը եղել է քչախոս ու մռայլ, եւ մի շարք հարցեր նույնիսկ չքննարկելով, մեկնել է օդանավակայան:

ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ԵՐԵՎԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԼՂՀ-Ի

“Հայաստանի իշխանությունը Ղարաբաղի հարցում առաջնորդվում է քաղաքական հարմարավետության սկզբունքով եւ դրա համար էլ թույլ չի տալիս, որ Ղարաբաղը դառնա քաղաքականության սուբյեկտ: Այդ դեպքում ինչ պետք է անեն Երեւանում, ոչինչ: Դրա համար էլ թույլ չեն տալիս Ղարաբաղը դառնա քաղաքականության սուբյեկտ”: Այդ խոսքի հեղինակը քաղաքագետ Իգոր Մուրադյանն է, ով հոկտեմբերի 28-ին անդրադարձել է Ղարաբաղի ճանաչման խնդրին: Նրա խոսքով, Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ ԼՂՀ-ն չճանաչվի: Իգոր Մուրադյանն ասում է, որ որեւէ նախանշան չկա ասելու, թե ԱՄՆ-ը դեմ է ճանաչմանը, իսկ դեկլարատիվ հայտարարությունները, ըստ քաղաքագետի, այնքան էլ հաշիվ չեն: Ճանաչումն, ըստ Իգոր Մուրադյանի, միակ հնարավորությունն է փոխել այն քաղաքական իրավիճակը, երբ որոշ երկրներ դիվիդենտներ են քաղում մեր վնասաբեր իրավիճակից: “Ապակառուցողական քայլը երբեմն կարող է լինել ամենից պրոդուկտիվը”, ասում է Իգոր Մուրադյանը: Նա նշում է, որ ինքը համաձայն է, որ ճանաչումը դեստրուկտիվ քայլ է: Միեւնույն ժամանակ, նա նշում է, որ այն փաստարկները, թե ճանաչումը պետք է լինի անհրաժեշտ պահին, երբ արդեն ճանաչումը կդառնա անհրաժեշտություն, անհիմն են: “Իսկ ով ասաց, որ այժմ այդ պահը չէ”, հարցնում է քաղաքագետը: Նա նշում է, որ պարզապես պետք է Ղարաբաղի անկախությունը ճանաչել միանգամայն հստակ պատկերացնելով, թե ինչ ենք մենք ուզում, ինչ ենք անելու դրանից հետո: Իգոր Մուրադյանը նշում է, որ ճանաչումը վնասաբեր է համարում ոչ թե այն բանի համար, որ ինքնին ճանաչումը վատ է, այլ որ վեց ամիս հետո Հայաստանում բոլորը մոռանալու են դրա մասին: Իգոր Մուրադյանի խոսքով, չկա որեւէ մեկը Հայաստանում, որ ունակ լինի իրացնել այդ ճանաչումը:  Անդրադառնալով Ղարաբաղի հարցում ժողովրդի դերին, Իգոր Մուրադյանը նշել է, որ ազգային քաղաքականությունը դա բանավեճն է, որին պետք է ներգրավված լինեն տարբեր սուբյեկտներ, կուսակցություններ, փորձագետներ, լրագրողական հանրությունը: Նրա խոսքով, Հայաստանում այժմ այդ բանավեճը չկա: Բայց նա նաեւ նկատել է, թե այդուհանդերձ փոքրաթիվ հեղինակներին հաջողվել է հրապարակումների միջոցով բանավեճ առաջացնել, ինչը նկատվել է եւ հաշվի է առնվում թե Վաշինգտոնում, թե Մոսկվայում:

Հաստատվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումները

«Այդ հանդիպման արդյունքները վկայում են այն մասին, որ հաստատվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականները, ըստ որոնց Ռուսաստանի դերը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ուժեղանում է եւ, ըստ էության, խորանում է Ռուսաստան- Հայաստան- Ադրբեջան ֆորմատով հակամարտության կարգավորման հեռանկարը»,- այդ մասին ասել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այդ եռակողմ հանդիպումը եւ երեք նախագահների համատեղ հայտարարությունը, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ ավել ոչինչ չունի ավելացնելու: Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի հրավերով, հոկտեմբերի 27-ին հանդիպել են Աստրախանում` եւ հանգամանալից քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Նրանք հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել, որում ասվում է. «Հաստատելով 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթները, նախագահներն ընդգծեցին, որ հակամարտության կարգավորումը քաղաքական դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ ռազմական ոլորտում վստահության միցառումների հարցում: Այդ նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ անհապաղ ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակում կատարել` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաեւ այդ մոտեցումներով ղեկավարվել նաեւ հետագայում` այդ հարցերում ելնելով բացառապես հումանիտար բնույթից»:

Դատավորին ազատել են պպզած ծխելու համար

Հրաժարական ներկայացրած Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Պողոսյանն իրականում պաշտոնանկ է արվել՝ հարբած վիճակում ոստիկանների հետ վիճելու համար։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, 2008-ին դատավոր դարձած 35-ամյա Պողոսյանը հրաժարականից մի քանի օր առաջ ընկերոջ հետ Մարզահամերգային համալիրի դիմաց պպզած «ծխելիս» է եղել, եւ ոստիկանները, կասկածելով, որ երիտասարդների ծխածը սովորական ծխախոտ չէ, ցանկացել են նրանց տանել ոստիկանություն։ Պողոսյանի մոտ դատավորի վկայական չի եղել, նա սկսել է վիճել ոստիկանների հետ, ինչը շարունակվել է նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնում։ Երբ հաստատվել է նրա ով լինելը, դեպքի մասին անմիջապես զեկուցվել է Սերժ Սարգսյանին։ Սարգսյանը հրահանգել է Պողոսյանին պաշտոնանկ անել, սակայն դատավորն ինքն է ազատման դիմում ներկայացրել, եւ հարցը համարվել է փակված։ ՀՀ վճռաբեկ դատարանից հրաժարվել են այս պատմությունը պաշտոնապես մեկնաբանել։

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՄԵՆԱԿԱԽՅԱԼՆ Է

“Արժանին պետք է մատուցել Հայաստանի ներկայիս նախագահին: Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներից նա ամենաքիչն է կարող լուծել Ղարաբաղի խնդիրը”, - հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Նրա խոսքով, “մյուսները կամ հանդիսանում են ներկայիս ուղու նախանշողը, կամ էլ դրա գաղափարախոսը: “Իսկ ոմանք էլ փորձում են օգտվել այդ ուղուց”, հայտարարել է քաղաքագետը: Լրագրողների հարցին, թե ինչն է պատճառը, որ նա Սերժ Սարգսյանին է համարում ամենաքիչ կարողը Ղարաբաղի հարցը լուծելու առումով, Իգոր Մուրադյանը պատասխանել է. “Շատ բան կախված է անձնական հատկանիշներից, նա ամենակախյալ մարդն է, կամքը թույլ է, սոցիալական բազա չունի, նրա թիմը որակավորված չէ, թիմը բարոյազրկված է եւ ապաքաղաքական”, ասել է Իգոր Մուրադյանը: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի նախորդը կարողացել էր հասնել այն բանին, որ օլիգարխիան իրենից դրել էր կախվածության մեջ, ենթարկեցրել իրեն, իսկ ներկայում այդ առումով այդ շերտերը ավելի քիչ են կախված նախագահից Նրա խոսքով, ասում են դիկտատուրա, սակայն Հայաստանում դիկտատուրա չկա, այլ պարզապես Հայաստանի իշխանությունը ոչ ադեկվատ է: Իգոր Մուրադյանի խոսքով, Հայաստանին այսօր պետք չէ նախագահ, որը քիչ կախվածություն կունենա եւ կկարողանա լուծել Ղարաբաղի հարցը: Իգոր Մուրադյանի կարծիքով, Հայաստանում առկա հասարակական տրամադրությունների, Ղարաբաղի հարցի հանդեպ առկա հզոր “բուրժուական պատվերի” պարագայում, որի կրող խավի նպատակն է հասնել իրենց եւ իրենց զավակների համար նյութական հնարավորությունների, ունեցվածքի եւ անվտանգության պահպանման, ուղղակի հանցագործություն է Ղարաբաղի հարցը կարգավորելը:

Խաչատուրովի որդին հրաժարական է տվել

Բանակային 4-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիշա Խաչատուրովը՝ Գենշտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչն արդեն ստորագրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հրաժարականի զեկուցագրով նա սպառնացել էր դեռ այն ժամանակ, երբ ձերբակալեցին նրա ընկերոջը՝ Արարատի զորամասի գումարտակի հրամանատար, Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանին: Վերջինս մեղադրվում էր ապօրինի դրամահավաքության եւ զինվորներին նվաստացնելու մեջ: Տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար զանգահարել են պաշտպանության նախարարության լրատվության ներկայացուցչին, ով ոչ հերքել, ոչ հաստատել է լուրը:

Wednesday, October 27, 2010

Երեւանում ձերբակալված հայտնի հաքերների խմբի ղեկավարը ՌԴ քաղաքացի 27-ամյա Գեորգի Ավանեսովն է

Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել եւ քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 27-ամյա Գեորգի Ավանեսովին: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, նա այս տարվա հոկտեմբերի 1-ից Ինտերպոլի ուղիներով Հոլանդիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Նիդեռլանդների Թագավորության քրեական օրենսգրքի 138ա, 138բ, 139դ, 350ա եւ 420 հոդվածների (կազմակերպված հանցավոր խմբավորման անդամակցելը, կիբերհանցավորություն, փողերի լվացում) մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Գ. Ավանեսովը տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո` հետախուզման նախաձեռնողին տեղեկացնելու համար: Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երեւանի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ 27-ամյա քաղաքացի, ով ըստ հետաքննչական մարմնի, Bredolab բոտնետի համակարգողն է: Բոտնետը համակարգչային ցանց է, որտեղ զոհերի համակարգիչները վարակված են գաղտնի ծրագրերով (բոտով), որոնք թույլ են տալիս չարագործներին ինչ-ինչ գործողություններ կատարել վարակված համակրգչի ռեսուրսների օգտագործմամբ: Բորտնետի կառավարման համար օգտագործվել է 143 սերվեր, որոնք պատկանում են LeaseWeb հոլանդական հոսթինգ պրովայդերին: LeaseWeb-ի ղեկավարները վնասակար ակտիվությունն իրենց սերվերներում հայտնաբերել են դեռ ամռանը, բայց ոստիկանությունը հույս ունենալով դուրս գալ բոտնետի ղեկավարների հետքի վրա, պրովայդերին արգելել էին սարքն անջատել: Մեկ ամսվա ընթացքում Bredolab-ը շուրջ 3 մլն համակարգիչ է վարակել եւ վարակ պարունակող 3,6 մլրդ էլեկտրոնային նամակ է փոխանցել: Նամակի տեքստում նշվում է հանրահայտ մեկի մահվան մասին եւ առաջարկվում է բացել կցված ֆայլը, որից հետո համակարգիչը վարակվում է: Բոտներտի օպերատորները հնարավորություն էին ստանում գաղտնի կառավարել այդ համակարգիչները, ինչպես նաեւ տեսնել օգտագործողի անձնական տվյալները, այդ թվում գաղտնաբառերն ու հաշվեհամարները:

5000 դրամ են առաջարկում

Վանաձորի մանկավարժական համալսարնի ուսանողներից ահազանգ է ստացել, որ ուսխորհրդի ներկայացուցիչները ուսանողներին 5000 դրամ են առաջարկում՝ հոկտեմբերի 30-ին Սպիտակում ԲՀԿ միջոցառմանը մասնակցելու համար: Մանկավարժականի ուսանողների խոսքով, ուսխորհուրդը ասում է, թե հոկտեմբերի 30-ին Սպիտակի գլխավոր հրապարակում մեծ համերգ է լինելու եւ հենց դրան մասնակցելու համար պետք է ինչքան հնարավոր է շատ ուսանողներ հավաքել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը ասել է, թե այդ օրը տեղի է ունենալու ոչ թե համերգ, այլ ուրիշ միջոցառում: Ծառուկյանի ուղեկցությամբ Սպիտակի Յանուկովիչի անվան հրապարակ է այցելելու Ուկրաինայի հոգեւոր առաջնորդ Վլադիմիրը: Ուսանողներին բաժանվող գումարների հետ կապված մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել, քանի որ Գալստյանը զրույցը չավարտած անջատել է հեռախոսը, ապա դարձել անհուսորեն անհանսանելի:

Երեւանում բնակարանագողության նոր ձեւ են գտել

Երեւանում բնակարանային գողության նոր մեթոդ է մշակվել. գողություն են անում գիշերը, երբ մարդիկ քնած են: Նախապես ուսումնասիրում են մուտքի բնակարանների դռների փականները եւ գիշերով, երբ մարդիկ քնած են լինում, անցնում գործի՝ աշխատելով չարթանցնել նրանց: Կիրակի գիշերը նման դեպք է գրանցվել Նար-Դոսի 77 հասցեում: Գողն զգուշորեն բացել է երկաթյա դուռը եւ փորձել է ներս մտնել: Բարեբախտաբար, բանալու ձայնից տանտերերից մեկն արթնացել է, եւ վառել լույսը: Գողը, որը արդեն բացած է եղել դուռը, ոտնաձայները լսելով, դուռը բաց է թողել եւ փախել՝ այդպես էլ չհասցնելով մտնել բնակարան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության պնդմամբ՝ վերջին շրջանում ավելացել է գողության այս տեսակը:

Սյունիքի մարզպետը նվաստացրել է ոստիկաններին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենան, եթե իր մարզում կարմիր լույսի տակով անցնի, միակողմանի փողոց հակառակ մտնի, հետիոտնի վրայով անցնի՝ ճանապարհային ոստիկաններն իրավունք չունեն այդ մեքենան կանգնեցնել ու , ասենք, փաստաթղթեր պահանջել: Տուգանելու մասին խոսք լինել չի կարող: Բանն այն է, որ Ս.Խաչատրյանը մի անգամ այնպիսի դաս է տվել ճանապարհային ոստիկաններին, որ հիմա նրա մեքենան ոչ մեկը չի համարձակվում կանգնեցնել: ...Գորիսեցիները պատմում են, որ մի օր, երբ ճանապարհային ոստիկանները համարձակվել են կանգնեցնել Խաչատրյանի մեքենան, մարզպետը շատ է բարկացել հենց միայն այն հանգամանքից, որ ոստիկանները իրեն՝ մարզպետին տեղը չեն բերել ու չեն ճանաչել: Նա, ականատեսների հավաստմամբ, ոստիկանների գլխին «շան լափ» լցնելուց հետո մեքենայի շարժիչն անջատել է ու ստիպել ոստիկաններին որպես պատիժ մեքենան հետեւից հրելով հասցնել այնտեղ, որտեղ ինքն է ուզում: Ոստիկաններն էլ, ըստ բնակիչների, Գորիսի հայտնի Զանգերի մոտից մարզպետին իր մեքենայով հրելով հասցրել են մինչեւ մարզպետարան:

Հայաստանում գրանցված հանցագործություններն աճել են 10 տոկոսով

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը հանրապետության հանցավորության իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել։ Այս տարվա ինն ամիսներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 10,0%-ով կամ 1073 դեպքով։ Գրանցված հանցագործություններից 3172-ը կամ 26,9%-ը կատարվել էր նախորդ տարիներին։ Զուգահեռ աճել է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչը ոստիկանությունը վարչարարության բարելավման հետ է կապում։ Նույն ժամանակահատվածում 100 000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 367 (2009թ. ինն ամսում՝ 333): Հանցավորության մակարդակը առավել բարձր է եղել Երևանում, Լոռիում, առավել ցածր՝ Գեղարքունիքում, Սյունիքում և Արագածոտնում: Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել է հասարակական կարգի և անվտանգության, մարդու, բնակչության առողջության, տնտեսական գործունեության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը: Փոխարենը նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինը։ Այս տարվա ինն ամիսներին 42,7%-ով նվազել է հանրապետությունում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը։ Նույն ժամանակահատվածում արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 356 դեպք, ինչը 11,9%-ով ավելի է, քան 2009թ. ինն ամիսներին։ Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճին զուգահեռ հանրապետությունում այս տարվա ինն ամիսներին աճել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (2009թ. ինն ամսում՝ 7549, 2010թ. ինն ամսում՝ 8624)։ Աճել է նաև հանցագործություն կատարած կանանց թիվը՝ նախորդ տարվա 940–ի փոխարեն կազմելով 1076։ Նույն ժամանակահատվածում քրեական պատասխանատվության կանչված անչափահաս հանցագործների թիվը նվազել է 31-ով (372-ից 341), իսկ վերջիններիս կողմից կատարված հանցագործությունների թիվը` 1-ով (383-ից 382)։

Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրար միս են ուտում

Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով, որոշ տարաձայնություններ են սկսվել արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ-ական Արմեն Երիցյանի եւ նրա հանրապետական տեղակալ Հայկարամ Մխիթարյանի միջեւ: Բանն այն է, որ նախկին փոխոստիկանապետի աշխատաոճը, երբ ենթակաների հետ խոսում է հրամայական տոնով, ասես ոստիկանապետը՝ հանցագործների, արդեն իսկ սկսել է դուր չգալ վերջերս փոխնախարար դարձած Մխիթարյանին եւ նրանց միջեւ պարբերաբար վեճեր են առաջանում: Երիցյանից դժգոհություններ ունեն նաեւ մյուս աշխատակիցները:

Լյովա Երանոսյանը «Սենատոր» կազինոյում հսկայական գումար է տանուլ տվել

Մի քանի օր առաջ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի դեմքերից մեկը՝ Լոռվա գեներալ Լյովա Երանոսյանը, «Սենատոր» կազինոյում հսկայական գումար է տանուլ տվել։ Մեր հավաստի տեղեկություններով, Երանոսյանը անընդհատ խաղադրույքը դրել է 33 թվի վրա, բայց այդպես էլ ոչինչ չի շահել, կատաղությունից հայհոյել է ներկաներին էլ, այդ թիվն էլ ու լուսաբացին լքել կազինոն։

Երեւան է ժամանել Պավել Գրաչովը

Երեւան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, ռուսական բանակի գեներալ Պավել Գրաչովը: Նա մասնակցեց սգո արարողություններին, որոնք նվիրված են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում սպանված մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչների, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի հիշատակին:

Հայաստանում ֆիքսված հեռախոսակապը դարձել է ոչ մրցունակ

Հայաստանում ֆիքսված հեռախոսակապը դարձել է ոչ մրցունակ եւ այն գնալով ավելի քիչ են օգտագործում։ Այս մասին ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը՝ ավելացնելով, որ հանձնաժողովն այս առնչությամբ որոշակի մտահոգություն ունի։ «Բջջային հեռախոսակապի ծառայությունների սակագների նվազումը բերել է նրան, որ Հայաստանում ֆիքսված հեռախոսակապը դառնում է ոչ մրցունակ, իսկ ֆիքսված հեռախոսակապի թրաֆիկի ծավալները կրճատվում են»,- ասաց Արաբաջյանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է որոշակի նոր եւ ճկուն լուծումներ առաջարկել ֆիքսված կապի օգտագործման համար՝ այն ավելի գրավիչ եւ մրցունակ դարձնելու համար։ Ըստ Արաբաջյանի՝ այս ամենի առնչությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւ «ԱրմենՏել» ընկերությունը մշակում են լուծումների փաթեթ, որը կարող է նպաստել ֆիքսված կապի կիրառման մակարդակի բարձրացմանը։ Հանձնաժողովի անդամը նշեց, որ վերջին երկու տարիների դինամիկան ցույց է տալիս, որ ֆիքսված հեռախոսակապից ստացվող եկումուտներում կրճատում է նկատվում։ Նշենք, որ հայաստանյան շուկայում ներկայումս ֆիքսված կապի ծառայություններ առաջարկում է միայն կապի մեկ օպերատոր՝ «ԱրմենՏել» ընկերությունը։ Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ 2010 թվականին 2-րդ եռամսյակում առաջինի հետ համեմատ բջջային սեգմենտում 15.8 տոկոսի աճ է գրանցվել համեմատ առաջին եռամսյակի, իսկ ֆիքսված հեռախոսակապի աճը երկրորդ եռամսյակի աճը առաջինի հետ համեմատ կազմել է ընդամենը 1,4 տոկոս։


Երևանում կանցկացվի Տանգոյի միջազգային փառատոն

Մեր ժամանակների լեգենդար երաժիշտներից մեկը` Ռիչարդ Գալլիանոն հոկտեմբերի 30-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգային ծրագրով հանդես կգա հայաստանյան ճանաչված խմբերից մեկի` «Կադանս» անսամբլի հետ։ Այս համերգով և սկիզբ կդրվի Տանգոյի երևանյան միջազգային փառատոնին: Համերգի ընթացքում երևանյան երաժշտասեր հասարակությունը հնարավորություն կունենա ունկնդրելու տանգո երաժշտություն` Աստոր Պիացոլլայի, Ռիչարդ Գալլիանոյի և այլ կոմպոզիտորների տեղծագործություններից: Ռիչարդ Գալլիանոն լինելով ակորդեոնի և բանդոնեոնի բարձրարվեստ կատարող` ամենահեղինակավոր բեմերից հնչեցնում է իր հեղինակած տանգո երաժշտությունը՝ դարձնելով այն այսօրվա ամենացանկալի ու ամենահայտնի երաժշտական ժանրերից մեկը: Տանգոյի երևանյան միջազգային փառատոնը կտևի մինչև 2011թ. հունիսի 30-ը։

Գորբաչովն այլևս գոհ չէ Պուտինից

Միխաիլ Գորբաչովը, որը ժամանակին պաշտպանում էր Պուտինին, այժմ դժգոհություն է հայտնում նրա կառավարման առնչությամբ։ Այս մասին հայտնում է The New York Times–ը։ «Նա կարծում է, թե ժողովրդավարությունը խոչընդոտ է իր ճանապարհին։ Նրանք կարծում են, թե մեր անկառավարելի պետությունը ավտորիտարիզմի կարիք ունի։ Նրանք կարծում են, որ չեն կարող առանց դրա»,– ասել է Գորբաչովը՝ նկատի ունենալով Մեդվեդևին և Պուտինին։ Թերթը հիշեցնում է, որ իր հարցազրույցներից մեկում Գորբաչովը «Եդինայա Ռոսիան» անվանել է Սովետական Միության Կոմունիստական Կուսակցության վատ կրկնօրինակը։ Գորբաչովը նաև բացասական է գնահատել նահանգապետերի ընտրությունները վերացնելու Պուտինի որոշումը. «Դեմոկրատիան սկսում է ընտրություններից»,– ասել է նա։ Թերթը նաև հայտնում է, որ արտասահմանում Գորբաչովին ավելի շատ են հարգում, քան Ռուսաստանում. «Պատահական չէ, որ Գորբաչովի ֆոնդը նրա ծննդյան 80–ամյակի կապակցությամբ համերգ կազմակերպեց ոչ թե Մոսկվայում, այլ Լոնդոնում»։ Իսկ Պուտինն ու Մեդվեդևը հրապարակավ Գորբաչովին ծննդյան օրվա կապակցությամբ չեն էլ շնորհավորել։Թերթը նաև գրում է, որ վերջին շրջանում Գորբաչովը որոշակիորեն մասնակցում է ընդիմության գործունեությունը։ 

Ղարաբաղում պատերազմի վերսկսումն առ այսօր անընդունելի տարբերակ էր համարվում

«Ես անձամբ երեք պետությունների ղեկավարների հանդիպումից վճռական արդյունքներ չեմ ակնկալում: Մյուս կողմից, հասկանալի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է հանդիպեն եւ քննարկեն հարցեր, քանի որ նման հանդիպումներն այլընտրանք են միակողմանի հայտարարություններին, լարվածության մեծացմանն ու բախումների վտանգի աճին»,- նման կարծիք է հայտնել Պետդումայի՝ ԱՊ երկրների եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը՝ կանխատեսելով այսօր Աստրախանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Զատուլինի կարծիքով, բարդ է պատկերացնել, որ հանդիպմանը հարցեր են քննարկվում, իսկ զուգահեռ ռազմական գործողությունների պատրաստություն է ընթանում. «Թեեւ ես, ցավոք, պետք է ասեմ, որ ղարաբաղյան հակամարտության տարիներին նման վարք տեսել ենք, այս տարի միջադեպեր են եղել, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի»:«Նման հանդիպումներ կազմակերպելով, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում, նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ակնհայտ նպատակ է հետապնդում: Ռուսաստանը որոշակի անհարմարություն է զգում, որ ԱՊՀ անդամ երկու երկրներ գտնվում են պերմանենտ հակամարտության մեջ: Բնականաբար, այդ հակամարտության լուծումը կախված է Հայաստանից, Ադրբեջանից եւ Ղարաբաղից: Ռուսաստանը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես միջնորդ, նա ուզում է պահպանել հարաբերությունները թե՜ Հայաստանի, թե՜ Ադրբեջանի հետ»,- ասել է Զատուլինը: Խոսելով պատերազմի վերսկսման հնարավորության մասին՝ Զատուլինն ասել է, թե դա առ այսօր անընդունելի էր համարվում թե՜ միջնորդների, թե՜ Հայաստանի, բայց գլխավորն Ադրբեջանի համար, որը պատերազմի դեպքում դաժան ցնցումներ է կրելու:

Tuesday, October 26, 2010

Հայաստանում ռուսաստանցի զինծառայողներին սպանել են խանդի հողի վրա

Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասում տեղի ունեցած սպանությանը, երբ Ռուսաստանի սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերել էին նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ, ՌԴ քաղաքացիներ Արմեն Զախարյանի եւ Արթուր Ենոքյանի դիակները՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Այս գործի քննությունն ամբողջությամբ իր հովանու տակ է վերցրել ռուսական կողմը, որը վերահսկում է, որ հանկարծ այս գործի հետ կապված անգամ ինֆորմացիոն արտահոսք չլինի: Այդուհանդերձ հայտնի է դարձել, որ գործը քննող քննիչները հիմնականում մեկ ուղղությամբ են աշխատում: Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանվածներից մեկը հարաբերություններ է ունեցել ամուսնացած կնոջ հետ, եւ հիմա քննիչները հենց այդ կնոջ ամուսնուն են կասկածում զինծառայողներին սպանելու հարցում:

Բանակի ներկայիս խայտառակ վիճակն ու ամենաթողությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած նախարարին կից կոլեգիայի նիստից հետո ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ուշագրավ մանրամասներ է հայտնել իր ենթակայության տակ գտնվղ ստորաբաժանումների ղեկավարներին: Նիստից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում, երբ քննարկվել է բանակի ներկայիս խայտառակ վիճակն ու ամենաթողությունը, Խաչատուրովը կոլեգաների մոտ արդարացել է, թե ինքը մեղավոր չէ՝ այդ վիճակը ժառանգություն է ստացել Գենշտաբի նախկին պետ Միքայել Հարությունյանից: Հարությունյանի եւ Խաչատուրովի պաշտոնավարման արանքում կարճ ժամանակահատված այդ պաշտոնում է եղել նաեւ Սեյրան Օհանյանը: Իհարկե Խաչատուրովին այս ժառանգությունը չի էլ անհանգստացնում, այլապես նա այս երեք տարվա ընթացքում իր բիլիարդանոցի հանդեպ ցուցաբերած նվիրվածության ու հոգատարության մի մասը կնվիրաբերեր հայոց բանակին:

Պզոյի գործով FBI-ը նոտարներին էլ է ստուգելու

ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբի հայաստանյան կապերը պարզելու նպատակով ԱՄՆ-ի դաշնային հետաքննությունների բյուրոյի (FBI) Երեւան ժամանած խումբը ուսումնասիրություններ է անելու մեր նոտարական գրասենյակներում: ամերիկացիները մտադիր են ստուգել վերը նշված խմբի կողմից Հայաստանում ձեռք բերված բազմաթիվ թանկարժեք բնակարանների, գրասենյակների, առանձնատների ձեւակերպումների օրինականությունը եւ պարզել, թե արդյո՞ք դրանք իրականացվել են փողերի լվացումը կանխարգելելու մասին ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում: Կան տեղեկություններ, որ հանցավոր խմբի՝ ԱՄՆ-ին հասցված ֆինանսական վնասը կարող է փոխհատուցվել նաեւ Հայաստանում գտնվող անշարժ գույքի վաճառքից ստացվելիք գումարներով: Համենայն դեպս նման տարբերակ ուսումնասիրվում է:

Զոհվել է հատուկ նշանակության զորքերի սպա

Արզնիում գտնվող վարչական կենտրոնում՝ բարձրությունից ցատկելու վարժության ժամանակ զոհվել է Նուբարաշենում տեղակայված հատուկ նշանակության զորամասի մի սպա: Այդ վարժությունը կատարում են ցատկելու հմտություն ձեռքբերելու համար: Հավանաբար սպայի զոհվելու պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: սպան դրանից առաջ այդ վարժության ժամանակ վնասվածք էր ստացել, կաղում էր, եւ վատ կանխազգացմամբ է սկսել իր համար ճակատագրական վարչությունը:

Լուժկովի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ փողեր լվացման մեխանիզմ է գործել

Ռուսաստանի իրավապահներին հաջողվել է փաստեր ձեռք բերել, համաձայն որոնց՝ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ բավականին ժամանակ անխափան գործել են փողերի լվացման եւ իշխանության չարաշահման փոխադարձ մեխանիզմներ: Լուժկովն այստեղ լվացել է գողացած փողերը՝ դրա դիմաց մերոնց տալով իշխանությունը չարաշահելու անսահման հնարավորություններ: Բացի այն, որ Լուժկովը հողատարածքներ է ձեռք բերել Հայաստանում եւ մխրճված է եղել Երեւանում ընթացող էլիտար շինարարության լայնածավալ պրոյեկտներում, նա նաեւ իր ստորագրությամբ հողատարածքներ է տրամադրել ՌԴ-ում գործունեություն ծավալող հայ օլիգարխներին: …Հայերի կողմից Մոսկվայում օբյեկտներ են կառուցվել բյուջետային ֆինանսավոմամբ: Այսինքն, Լուժկովը տրամադրել է ոչ միայն տարածքը, այլեւ պետական բյուջեից մասնակիորեն ֆինանսավորել է վերոնշյալ մարդկանց, բնականաբար, սեփական «ատկատի» մասով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո միայն:

Լոս-Անջելեսում 18-ամյա հայ է գնդակահարվել

Լոս-Անջելեսում սպանվել է 18-ամյա Վարդան Ավատյանը: Նա մի քանի ընկերների հետ կանգնած է եղել Հյուսիսային Հոլիվուդի ավտոկանգառներից մեկի մոտ, երբ նրան է մոտեցել իսպանական ծագմամբ տղամարդ եւ մի քանի անգամ կրակել Ավատյանի վրա: Այդ մասին հայտնում է Լոս-Անջելեսի ոստիկանական վարչության մամուլի ծառայությունը: Ավատյանին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Կասկածյալը թաքնվել է դեպքի վայրից կապույտ մեքենայով: Ոստիկանությունն առայժմ տեղեկություններ չունի հանցագործության դրդապատճառների մասին:

12 ՏԱՐԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ

Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանի դատարանը քիչ առաջ հրապարակել է հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող Գեւորգ Հայրապետյանի դատավճիռը: Նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Նույն գործով Իրանի քաղաքացի, լրտեսության մեջ մեղադրվող Բաղերիին դատարանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Գեւորգ Հայրապետյանը մեղադրվում է Ադրբեջանի հատուկ ծառայություններին Հայաստանի միջազգային հեղինակությունը վարկաբեկող տեղեկություններ փոխանցելու մեջ: Գեւորգի փաստաբանները պնդում են, որ մեղադրանքը հորինված է, եւ մեղադրող կողմն այլ նկատառումներ է ունեցել: Այս գործով հաճախ է շոշափվել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը: Դատավճռի հրապարակումից հետո դատարանի մուտքի մոտ բողոքի ակցիա են սկսել Գեւորգի հարազատներն ու մարտական ընկերները, ովքեր ժամանել են Քարվաճառից, մոտ 200 մարդ: Մեղադրող Ամիրզադյանը մինչ այս պահը վախենում է դուրս գալ շենքից: Դատարանի շենքի մոտ են բերվել ոստիկանության խմբեր: Նրանք հայհոյել ու վիրավորել են Գեւորգի հարազատներին: Դատարանի մոտ լարված իրավիճակ է, մարդիկ բորբոքված են: Շենքի մոտ են բերվում ոստիկանության հատուկ ջոկատայինները: Գեւորգ Հայրապետյանը Երկրապահ միության փոխգնդապետ է, մասնակցել է Արցախի ազատամարտին, ունի բազմաթիվ շքանշաններ ու պատվոգրեր:

ԻՐ ԿԱՐԾԻՔՈՎ ԼՈՒՐՋ ՄԱՐԴ Է

Հովիկ Աբրահամյանն հայտարարեց, թե ինքը որեւէ նպատակ, ցանկություն չունի խոչընդոտելու լրագրողների աշխատանքը: “Հակառակը, ես ուզում եմ, որ Ձեր աշխատանքը լինի արդյունավետ”,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով լրագրողների բարձրացրած խնդիրներին։ Նա խոստացավ կարգավորել բոլոր տեխնիկական խնդիրները, սակայն նշեց նաեւ, որ ինքը չի կարող խոստանալ, թե կվերացվեն լրագրողական օթյակները դահլիճից բաժանող ապակիները: “Դուք էլ մի ուզեք էլի աղայավարի ապրել. Դուք լրագրող եք, պիտի գնաք, հետևեք: Ձեր համար հո չե՞նք կարող միջանցքները կարճացել”: “Իմ արծիքով՝ ես լուրջ մարդ եմ: Մի անգամ ասացի, ուրեմն այդպես կլինի”,- ասել է նա:

Շիրակի թեմի առաջնորդին անարժա՞ն են համարել

Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության մուտքի արտոնագիր ստանալու բոլոր դիմումները քննվում են ըստ արժանիքների՝ հաշվի առնելով հանգամանքները եւ իմիգրացիոն օրենքները: Այդ մասին հայտնեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից՝ մեկնաբանելով Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միխքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ տեղի ունեցած միջադեպը: «Դեսպանատունը հստակ նշում է, թե ինչպիսի փաստաթղթեր պետք է տրամադրվեն ՄԹ վիզայի դիմումի հետ միասին: Այս դեպքում, պարոն Աջապահյանը չի ներկաայցրել ՄԹ-ից ուղարկված օրիգինալ հրավերը եւ ԱԳՆ-ից նոտա` իր դիվանագիտական անձնագրի վերաբերյալ: պարոն Աջապահյանը կարող է կրկին դիմել՝ ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասված է ՄԹ դեսպանատնից ուղարկված հաղորդագրության մեջ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության դեսպանությունում հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին։ Հայ եպիսկոպոսին ոչ միայն մերժել են, այլեւ ոչ վայելուչ ձեւով դուրս են հրավիրել դեսպանատնից՝ ասելով «Գնացեք ձեր ժողովրդի հետ աշխատեք, ոչ թե մտեք դեսպանատներ»:Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Մեծ Բրիտանիա էր մեկնում` մասնակցելու միջազգային համաժողովի։

Monday, October 25, 2010

Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն

«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» նոյեմբերի 2-4-ը Երևանում, Մեդիակենտրոնում, պետք է անցկացնի ադրբեջանական ֆիլմերի փառատոն` ամերիկյան դեսպանատան աջակցությամբ։ Կենտրոնի նախագահը Գեորգի Վանյանն է։ Ասեկոսեներ էին տարածվել, թե Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնը հետաձգվում է` թերևս առկա դժգոհությունների և ընդվզումների պատճառով։ Սակայն կազմակերպիչներն ավելի ուշ մեզ տեղեկացրեցին, որ փառատոնը հետաձգման մասին իրենց կողմից որևէ հայտարարություն չի արվել, միայն նշվել է, որ փառատոնի կոնկրետ օրերի մասին կհայտարարվի լրացուցիչ, ինչն էլ, թերևս, տեղիք է տվել ասեկոսեների ու փառատոնի հետաձգման մասին սխալ լուրերի:

Հայ հետախույզից են գողացել

Մոսկվայում գողացել են քրեական հետախուզության հայտնի հետախույզ Վլադիմիր Մարտիրոսովի Mitsubisi Outlander-ը: Որոնումները ցանկալի արդյունք չեն տվել։ Վլադիմիր Մարտիրոսովը ավելի քան 30 տարի զբաղվել է գրպանահատների եւ այլ կողոպտիչների գործերով, եւ մեծ հեղինակություն է վայելում համակարգում:

ՈՐՆ Է ԻՐԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ` շաքարի նորակառույց գործարանի բացման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի առթիվ առաջացած աղմուկին: Այնինչ արժեր, որ գերագույն գլխավոր հրամանատարն այս կապակցությամբ հանդես գար առանձին ելույթով, ցավակցեր զոհերի հարազատներին և հայտարարեր, որ կատարվածի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Սա կլիներ ոչ միայն մխիթարական խոսք իրենց զավակներին կորցրած բազմաթիվ ընտանիքներին, այլև` երկրի ղեկավարի պատասխանատվությունն այդ նույն ընտանիքների և բանակ մեկնած ու զինվորական ծառայության մեջ գտնվող հազարավոր երիտասարդների ու նրանց ընտանիքների համար: Նա պիտի հավաստիացներ ՀՀ քաղաքացիներին, որ ամեն ինչ արվում է, որպեսզի այլևս նման դեպքեր տեղի չունենան հսյկական բանակում և ինքն անձամբ է պատասխանատու ամեն մի կյանքի համար: Սա է իրական մտահոգությունն ու պատասխանատվությունը: Սակայն գերագույն գլխավոր հրամանատարին ուղղված հարցը վերաբերում է ոչ թե բանակում տեղի ունեցած դեպքերին ու կոնկրետ անձանց, այլ դրանց վերաբերյալ հրապարակումներին: Ուղիղ հարցի դեպքում, գուցեև այլ պատասխան հնչեր և երկիրը ղեկավարող Սերժ Սարգսյանը իրապես կիսեր իր մտահոգությունն ու այս իրավիճակից ելքեր առաջարկեր:  Մինչդեռ “Ես մտահոգված եմ” արտահայտությունը ողջ խոսքի ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարը հնչեցրեց մեկ անգամ և արագ անցավ “բայցին”: “Ես մտահոգված եմ բոլոր այն դեպքերով, որ տեղի են ունենում մեր զինված ուժերում, բայց մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ամեն օր, ամեն ժամ մեր բանակը դառնում է ավելի մարտունակ, մեր բանակն ավելի է կատարելագործվում, և վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ ուղղակի պետք է հպարտանա մեր զինված ուժերով”:  Տեղին կլիներ նման խոսքով հանդես գալ պատերազմի կամ մարտական գործողությունների թեժ պահին, երբ զոհերը բազմաթվ են, մարդիկ` հուսալքված, իսկ թշնամին` առջևում: Պատերազմի ժամանակ կորուստները շատ էին և մահվան հերթական լուրը լսելով մարդիկ լուռ արտասվում էին: Իսկ հիմա ինչու լռել, երբ 18-20 տարեկան երիտասարդները զրկվում են կյանքից հենց այնպես ու դաժանությամբ, զրկողն էլ մեր թշնամին չէ ու պայմաններն էլ խաղաղ են: Եվ հենց դրա համար է, որ յուրաքանչյուր հայ “ուղղակի” չի կարող հպարտանալ մեր զինված ուժերով: Զավակ կորցրած ընտանիքները, նրանց հարազատներն ու հարևաններն ամբողջ ցանկության դեպքում չեն կարող հպարտանալ հայկական բանակով, իսկ այդ տեղը չի կարող լցվել միայն կոչով ու քարոզով: Բայց Սերժ Սարգսյանի խոսքում հնչած մտահոգության սլաքը, կարծես, բոլորովին այլ կողմ էր ուղղված, և նրա խոսքը կոնկրետ հասցեատեր ուներ. “Զզզվում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել և, առաջին հերթին, այն մարդկանցից, ովքեր փորձել են բանակում ծառայել ու չի ստացվել, բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձել են դերակատարություն ունենալ մեր զինված ուժերի կայացման գործում, բայց միայն վնասել են”: Ի վերջո, խոսքն ամփոփում է. “Այդպիսի մարդիկ ո՞ւմ են պետք ընդհանրապես”: Իրար հաջորդած մահվան դեպքերի թիվը մեծ էր, և հասարակական պոռթկումն էլ դրան համարժեք էր: Վերջապես սառույցը հալվեց, և հանրությունն ըմբոստացավ ու ընդվզեց բանակի բիրտ ուժի դեմ: Խոսեցին ու արտահայտվեցին շատերը: Եվ, հավանաբար, նրանց մեջ է տեսել գերագույն գլխավոր հրամանատարը բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահողներին և թվարկած մյուսներին: Բայց սա հենց այն դեպքն է, երբ միշտ պիտի կրկնել ու ասել, թեկուզ քաղաքական դիվիդենտներ շահել, բայց հանուն մարդկային կյանքերի:  ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը խոսում է քաղաքական դիվիդենտներ շահողների, իսկ այն գլխավորող նախարարը` հրապարակումները պատվիրողների մասին: Սրանք հարցեր են, որոնք այսօր ամենաքիչն են հուզում հանրությանը: Փաստերն այնքան զորեղ են ու մտահոգիչ, որ պետք է անմիջապես գործի անցնել ու բանակը վերափոխելու, մարդկային կյանքերը փրկելու մասին մտածել ու խոսել: Քաղաքական դիվիդենտների ու պատվիրատուների մասին խոսելը առաջացած հասարակական պահանջը կոտրելու ու հարցից շեղվելու նպատակ են հետապնդում:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դեդ Հասանը զենք է վաճառել PKK-ին

Ռուսական «Նովայա գազետա» պարբերականի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ Դեդ Հասանը (Ասլան Ուսոյան) զենք է վաճառել Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK): «Նովայա գազետա» թերթի լրագրող Սերգեյ Կանևի հետ զրույցում ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը, որի անունը չի նշվում, տեղեկացրել է նաև, որ Դեդ Հասանն ուղղակի աշխատավարձ է բաժանել ոստիկաններին և դատախազության աշխատակիցներին, բացի այդ շատ սերտ հարաբերությունների մեջ է եղել ռուս պատգամավորներից մի քանիսի, ինչպես նաև ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական Milliyet օրաթերթը, վկայակոչելով ռուսական աղբյուրները, գրել էր, որ Դեդ Հասանը զենք է վաճառել PKK-ին: «Ուսոյանը, 2008թ. Բաքվում հանդիպելով Բիլո մականունով մի քրդի, կազմակերպում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքով քրդերի տեղափոխումը Թուրքիայից Ռուսաստան և վերաբնակեցումը։ Կան տեղեկություններ, որ Ուսոյանն օգնում է PKK-ին զենք գնելու հարցում», - գրում էր Milliyet-ը` ավելացնելով, որ Ուսոյանի մերձավորներից մեկը ժամանակին մեղադրվել է PKK-ին զենք վաճառելու համար: Շաբաթներ առաջ Մոսկվայի կենտրոնում մահափորձ էր կատարվել հայտնի քրեական հեղինակություն Դեդ Հասանի դեմ, որին հաջողվել էր հրաշքով ողջ մնալ։ Դեդ Հասանը և նրա թիկնապահը՝ Արթուր Բաղրամյանը, վիրավորվել էին և տեղափոխվել հիվանդանոց։ Դեդ Հասանի դեմ կազմակերպված մահափորձի առնչությամբ տարբեր վարկածներ են շրջանառվում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ Է ...

Հայաստանը Ռուսաստանին է հանձնել Նովգորոդի քրեական խմբավորումների հեղինակություններից մեկին` Թելման Մխիթարյանին: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Թելման Մխիթարյանին Ռուսաստանին հանձնելու մասին լուրը հաստատել է Նովգորոդի ոստիկանությունը, ասելով, որ նա գտնվում է այժմ Մոսկվայի “Մատրոսկայա Տիշինա” բանտում: Թելման Մխիթարյանը Վելիկի Նովգորոդի պատվավոր քաղաքացի է, օպտիկամանրաթելային գործարանի եւ մի շարք այլ գործարանների բաժնետեր:

«Հայկական մաֆիա». այլատյացությո՞ւն, թե՞ քաղաքականություն

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի մի քանի թերթերի փոխանցմամբ` հոկտեմբերի 21-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյի շուրջ 160 աշխատակիցներ շուրջկալ են իրականացրել American Therapeutic Corporation-ի երկու կլինիկաներում (հոգեբուժական հիվանդանոցների խոշորագույն ցանց ԱՄՆ-ում): Հիվանդանոցի սեփականատերերին ու թոփ-մենեջերներին շուրջ 200 մլն դոլարի մեքենայությունների կատարելուն առնչություն ունենալու մեղադրանք է առաջադրվել: Արդարադատության գլխավոր դատախազի օգնական Լենի Բրեյերը հայտարարել է, որ որոշ հիվանդներ նույնիսկ չեն իմացել, թե որտեղ են իրենք գտնվում եւ ինչ է կատարվում իրենց շուրջը: Հիվանդներն ունակ չեն եղել ինքնուրույն սնվել եւ կառավարել իրենց ֆիզիոլոգիական պահանջմունքները: Ենթադրվող մեքենայության մասշտաբները` 200 մլն դոլար, ակամա հիշեցրել է դրանից շուրջ 10 օր առաջ բացահայտված այսպես կոչված, «հայկական մաֆիայի» հետ կապված գործը, որտեղ մեքենայություններից ստացված գումարը հասնում էր 163 մլն դոլարի: Ամերիկյան իշխանությունները 163 մլն դոլարի հափշտակությունների գործը համարել էին ամենամեծ խմբակային մեքենայությունը Medicare-ի ոլորտում: ԱՄՆ-ի եւ ողջ աշխարհի լրատվամիջոցները բավական մեծ աղմուկ էին բարձրացրել այդ դեպքի հետ կապված՝ իրենց նյութերին ճչացող վերնագրեր դնելով: Բայց հիմա պարզվում է, որ American Therapeutic-ը ոչ միայն Medicare-ի ամենամեծ բաժին ունեցողն է հոգեբուժության ասպարեզում, այլեւ հայտնի է Վաշինգթոնում իր ակտիվ լոբբինգ գործունեությամբ եւ իր կապերով կոնգրեսականների եւ այլ քաղաքական գործիչների հետ: Չնայած որ Ֆլորիդայում բացահայտված մեքենայությունն իր ծավալներով զգալիորեն գերազանցում է «հայկական մաֆիայի» գործունեությանը եւ դաժան վերաբերմունք է ցուցաբերվել հիվանդների նկատմամբ, սակայն լրատվամիջոցներում դրա մասին տեղեկություններն ավելի քիչ էմոցիոնալ էին, քան «հայկականի» պարագայում: Գրեթե ոչ մի առաջատար թերթ չի անդրադարձել American Therapeutic-ի գործին: Medicare եւ Medicaid Services ասոցիացիաների մեքենայությունների դեմ պայքարի առողջապահության ազգային բյուրոյի գործադիր տնօրենի խոսքով, համակարգում հանցագործների գործողություններից ամենամյա կորուստները կազմում են 65 մլրդ դոլար: Այդ ֆոնի վրա «հայկական մաֆիայի բժշկական մեքենայությունները» ընդամենը կաթիլ են ծովում: Այդ դեպքում, ինչո՞ւ է տեղի ունենում այս անհիմն շոուն ԱՄՆ-ի ամենափոքր էթնիկ խմբերից մեկի շուրջ եւ մամուլում օգտագործվում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «հայկական մաֆիա», «հայ հանցագործներ», «հայկական մեքենայություն», «հայ քրեական հեղինակություն»: Ամերիկյան առողջապահական համակարգում վաղուց բույն դրած խնդրի պատասխանատվությունը էթնիկ փոքրամասնության վրա գցելու փորձից կա՜մ այլատյացության հոտ է գալիս, կա՜մ այլ քաղաքական նպատակներ է հետապնդում:

ԻՆՉՈՒ ՄԻԱՅՆ ԹԱԹԱՆ

Թերեւս ամենեւին էլ զարմանալի չէ, որ ԱՄՆ-ում հայկական հանցախմբի բացահայտման առիթով ցուցմունք տալու է հրավիրվել երգիչ Թաթան: Չզարմանալու պատճառը Թաթայի անվանումը չէ, որը կարող էր ամերիկացի իրավապահների մոտ ասոցացվել “օրենքով գողի” մականվան հետ: Ի վերջո, այդօրինակ անունները շոու բիզնեսում ամենեւին էլ նոր կամ եզակի, կամ միայն հետխորհրդային տարածքի երգիչներին հատուկ բան չեն: Օրինակ, Արեւմուտքն էլ ունի Գագա` Լեդի Գագա, որը նույնպես շատ նման է քրեական հեղինակության մականվան: Խնդիրն այլ է: Թաթայի հարցաքննությունից պետք չէ զարմանալ, քանի որ հետխորհրդային տարածքում, մասնավորապես նաեւ Հայաստանում, միանգամայն ընդունված է եղել երգիչների եւ քրեական հեղինակությունների շփումը: Քրեական աշխարհը շռայլ վճարել է, իսկ երգիչներն էլ, իհարկե ոչ բոլորը, բայց զգալի մասը, հաճույքով երգել են նրանց տարբեր հավաքույթներին: Բանը եղել է այն, որ երգիչներն այսպիսով ոչ միայն շռայլ վարձատրվել են, այլ նաեւ որոշակի թիկունք են ձեռք բերել քրեական աշխարհի տեսքով: Ինչու միայն հենվես իշխանության վրա, երբ որ կյանքում իրավիճակները խիստ տարբեր են, եւ մի տեղ իշխանությունը կարող է դուռ բացել, մեկ այլ տեղ դուռ կարող է բացել քրեական աշխարհը: Դե, իսկ եթե իշխանությունն ու քրեական աշխարհն են սերտ կապերի մեջ, ապա այդ դեպքում արդեն իսկ գրեթե անհնար է մեկի հետ շփվել, իսկ մյուսի հետ` ոչ: Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն ներկայիս ժամանակահատվածին: Այդ երեւույթը գալիս է դեռեւս խորհրդային տարիներից: Խոսքը ոչ միայն ռաբիսի, այլ նաեւ էստրադա-պոպսայի շատ ներկայացուցիչների մասին է: Այնպես որ, ամենեւին էլ զարմանալի չէ, որ որեւէ երգչից ցուցմունք են ուզում ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցախմբի հետ շփման համար: Զարմանալին այն է, որ առայժմ միայն Թաթային են հրավիրել ցուցմունքի: Մինչդեռ հայտնի է, որ հայկական շոու բիզնեսի եւ ռաբիսի գրեթե բոլոր “աստղերն” են ժամանակ առ ժամանակ “խոպան” գնում ԱՄՆ, այնտեղ համերգներ ունենում, հոլովակներ նկարահանում, սկավառակներ թողարկում եւ լիքը գրպանով հետ գալիս Հայաստան:

Չեչնիայի ղեկավարը Պուտինին սիրում է ` «ինչպես տղամարդը` տղամարդուն»

«Քանի դեռ Պուտինն ինձ պաշտպանում է, ես կարող եմ անել ամեն ինչ, Ալլահ Աքբար»,- Newsweek ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Ինչպես նշում է պարբերականը, Կադիրովը պատասխանել է նաեւ մի շարք այլ արդիական հարցերի, որը ներկայացնում ենք ստորեւ:- Ո՞վ է ֆինանսավորում իսլամի վերակենդանացումը Չեչնիայում:- Ես, իմ ընկերները, մարդիկ, որոնց մենք գիտենք: Մենք բոլորս փող ենք հավաքում, օգնում են գործարարները: Մոսկվան է որոշ գումար տալիս մուֆտիներին վարձատրելու համար: Չեչնիայի համար դա անհրաժեշտ է, որովհետեւ առանց մահմեդականության ուսուցիչների մեզ երբեք չէր հաջողվի այստեղ կարգ ու կանոն հաստատել: Մեր զորքերը երբեք չէին կարողանա հաղթել ահաբեկչությանն առանց կրոնի:
- Կանանց իրավունքների մասին ի՞նչ կասեք:
- Կադիրովն իր մարդկանց տվե՞լ է հրաման` կրակել կանանց վրա, ովքեր չեն կրում գլխաշոր: Այսօր շատերն են Գռոզնիում շրջում առանց գլխաշորի: Եթե մենք նրանց ծեծեինք ու սպանեինք, նրանք այդպես չէին վարվի: Իսկ նրանց վրա հարձակումների թիկունքում ինչ-որ մեկը կանգնած է, ով ցանկանում է սեւացնել իմ քաղաքականությունը:- Որքանո՞վ եք դուք անկախ Մոսկվայից:- Անկախությունը մեզ ոչինչ չտվեց, բացի դժբախտություններից: Ես չեմ ուզում Չեչնիան անկախանա Ռուսաստանից: Միակ բանը, որ խնդրում եմ, որպեսզի ինձ ազատություն տան բանդիտների դեմ պայքարելու համար: Նրանք ժողովրդի ու իսլամի թշնամիներն են: Ես ուզում եմ կռվել նրանց դեմ ու ավարտել պատերազմը:
- Ալկոհոլիզմի մասին ի՞նչ կասեք:
- Ռուսաստանի խնդիրը ալկոհոլիզմն է եւ ցածր ծնելիությունը: Պետության մշակութային քաղաքականությունը դարձել է շոու բիզնեսը: Ես ասում եմ, որ ալկոհոլիզմը պետք է արգելել եւ անմիջապես լսում եմ բողոքներ, որ Կադիորվն ուզում է Շարիաթի օրենքներ մտցնել: Բայց փաստան այն է, որ Չեչնիայում այսօր հանցավորության ամենացածր մակարդակն է` շնորհիվ մեր հավատի: Մահմեդականն, առաջին հերթին, մտածում է վաղվա օրվա մասին: Նա կարող է գողանալ մեքենա, բայց նա գիտի, որ երկնքում ստիպված է լինելու դրա համար պատասխան տալ:- 2012 թվականի նախագահական ընտրությունների մասին Ձեր կարծիքը ո՞րն է Ես ուզում եմ նախագահ տեսնել իմ կուռքին` Պուտինին: Ես կցանկանայի, որ նա նախագահ լիներ իր ողջ կյանքի ընթացքում: Ես նրան շատ եմ սիրում, ինչպես տղամարդը` տղամարդուն: Նա խոսքի մարդ է, ով խաղաղություն բերեց Չեչնիային: Մենք բանդիտների ձեռքում էինք եւ ալկոհոլիկ Ելցինը մեզ ռմբահարում էր: Նրանք, ովքեր քննադատում են Պուտինին` մարդ չեն, իմ անձնական թշնամիներն են: Քանի դեռ Պուտինը պաշտպանում է ինձ, ես կարող եմ ամեն ինչ անել: Ալլահ Աքբար:


ՔԱՈՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ԱԺ նիստերի նոր դահլիճն իսկական պատուհաս է դարձել պատգամավորների եւ լրագրողների համար: Հոկտեմբերի 25-ին մեկնարկած քառօրյան սկսել է նորակառույց, օվալաձեւ դահլիճում, որը հագեցած է նոր տեխնիկայով: Պարզվել է, որ այդ նոր տեխնիկան մասամբ է աշխատում: Մասնավորապես, խոսափողերը չեն աշխատել եւ հարկ է եղել բերել ու օգտագործել հները: Պատգամավորներից շատերը չեն կարողացել կողմնորոշվել էլեկտրոնային քվեարկության սարքավորումների հարցում: Դժգոհություններ են եղել նաեւ լրագրողների աշխատանքային պայմաններից: Բանն այն է, որ նրանք նիստերի աշխատանքին հետեւում են ապակեպատ սրահից, որտեղ նրանց թույլ չեն տալիս կանգնած մնալ, իսկ նստած ժամանակ շատ քիչ բան է երեւում դահլիճի անցուդարձից: Անհարմար է նաեւ լրագրողների սրահի ձայնագրության հնարավորությունը եւ բարձրախոսը բարձր է բառի բուն իմաստով, ու դրանից նորմալ ձայնագրելու համար հարկ է ոտքի կանգնած լինել: Մի խոսքով, ԱԺ նիստերի նոր դահլիճը արտաքին տեսքից բացի, խորհրդարանի աշխատանքի հարմարավետության առումով խորհրդարանականների եւ խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողների համար առայժմ ոչինչ չի տվել: Թեեւ ընդհանրապես հարց է առաջանում, թե խորհրդարանի գոյությունն ընդհանրապես ի՞նչ է տալիս Հայաստանին, բացի նախընտրական ժամանակահատվածում որոշակի փողերի շրջանառությունից, որոնք ավելացնում են ՀՆԱ ծավալը մի քանի տոկոսով, եւ մեկ էլ բացի տարբեր մարդկանց պատգամավորական անձեռնմխելիություն շնորհելուց:

Կատաղած շուն հո չի կծել

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարել է, թե Հայաստանում հարկային բեռը անհամաչափ է բաշխված: Վարդան Այվազյանը նշել է, որ հանրապետության բյուջետային մուտքերի մոտ 80 տոկոսը ապահովում են 3 հազար տնտեսվարող սուբյեկտներ, այն դեպքում, երբ երկրում գրանցված են 100 հազար տնտեսվարող սուբյեկտներ:  Նա հայտարարել է նաեւ, որ պատրաստվում է օրենսդրական նախաձեռնություն, որպեսզի փոքր ու միջին բիզնեսի մոտ 32 հազար ձեռնարկությունների կյանքը թեթեւանա, եւ նրանք հարկային տեսուչներ պարզապես չտեսնեն: Վարդան Այվազյանի խոսքով, “հարկայինի գործունեությունը պետք է կենտրոնացվի խոշոր բիզնեսի վրա, ում անվանում ենք օլիգարխներ”:

Բերեզովսկին «բռնվել է» Վլադ Լիստեւի սպանության մեջ

Տամբովի հանցավոր խմբավորման անդամներից մեկի հարցաքննության արձանագրությունը լույս է սփռել Վլադ Լիստեւի սպանության վրա։ Ձերբակալվածը մանրամասն տեղեկություններ է հաղորդել, հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Լրագրողական հետաքննությունների գործակալության փոխտնօրեն Եվգենի Վիշենկովին։ Հաղորդվում է, որ հարցաքննության ժամանակ հանցագործը հայտնել է այդ գործով «բոլոր անունները, այդ թվում՝ կոնկրետ կատարողների։ Բոլոր նրանք, ում մասին նա խոսել է, իրենց ժամանակին բավականին հայտնի մարդիկ են եղել»։ Վիշենկովի խոսքով, հարցաքննված հեղինակության ցուցմունքներում հիշատակություն կա Բերեզովսկու եւ կազմավորված հանցավոր խմբավորման ղեկավարներից մեկի հանդիպման մասին։ Վիշենկովը ենթադրում է, որ գանգստերները կարող էին Բերեզովսկուց պատվեր ստանալ, որը համընկնում էր նաեւ նրա շահերի հետ, գրում է «Իզվեստիան» ։ОРТ հեռուստաալիքը Լիստեւի՝ գլխավոր տնօրեն դառնալուց մի քանի ամիս առաջ սեփականաշնորհվեց եւ անցավ Բորիս Բերեզովսկու վերահսկողության տակ։ Այն ժամանակ Լիստեւը փորձում էր կարգավորել գովազդի համար անվերահսկելի գումարային հոսքերը։Նշենք, որ Վլադ Լիստեւն իր տան բակում սպանվել է 1995 թվականի մարտի 1-ին։ Նա վերադառնում էր Час пик ծրագրի նկարահանումներից։ Վարձու մարդասպանի մի գնդակը դիպել էր նրա ձեռքին, մյուսը՝ գլխին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վլադիսլավ Լիստեւը մեծ հռչակ էր ձեռք բերել որպես Взгляд ծրագրի հաղորդավարներից մեկը, այնուհետեւ մեծ ժողովրդականություն էր վայելում «Հրաշքների դաշտ» ծրագիրը։ Նրան է պատկանում նաեւ «Կռահիր մեղեդին» ծրագրի գաղափարը։ 1995 թվականին նա դարձել էր ОРТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն։

Նախկին ոստիկանապետ. «Պզոյին» բերման ենք ենթարկել ու բաց ենք թողել քրգործ հարուցելու հիմքեր չլինելու պատճառով

Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն հերքել է մամուլում հնչեցված այն պնդումները, թե «Պզո» մականունով Արմեն Ղազարյանը սերտ առնչություններ է ունեցել Հայաստանի իշխանությունների հետ: «Չափազանց դատարկամիտ է ջանասիրությունը, որով քաղաքական որոշ շրջանակներ եւ վերջիններիս հարող լրատվամիջոցներ հետեւողականորեն պրոպագանդում են այն ցնորամտությունը, թե իբր ԱՄՆ-ում տարատեսակ հանցագործություններ կատարելու համար ձերբակալված ոմն «Պզո», նույն ինքը՝ Արմեն Ղազարյանը, ինչ-ինչ շփումներ է ունեցել մեր պետության բարձրաստիճան անձանց հետ»,-ասել է նա: «Ձեռնպահ մնալով այդ տեսակ քաղաքական շրջանակների եւ լրատվամիջոցների վարքի գնահատումից` հարկ եմ համարում նշել, որ «Պզո» հորջորջվող Արմեն Ղազարյանը ժամանակին իսկապես եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ մի խումբ անձանց հետ միասին կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն: Որոշ ժամանակ անց Ղազարյանը բաց է թողնվել, քանի որ Հայաստանի տարածքում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չեն եղել: Վստահ եմ, որ վերոհիշյալ իրողության մեջ ուշագրավ ոչինչ չկա, քանզի այսպես կոչված «օրենքով գողերն» ու հանցավոր այլ հեղինակությունները մշտապես գտնվել են ոստիկանության ուշադրության տիրույթում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից եւ ոչ մեկը հանդես չի եկել Ղազարյանին ազատ արձակելու միջնորդությամբ: Միաժամանակ ավելորդ չեմ համարում հավելել, որ այն ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Արամ Սարգսյանը երբեւէ հանդես չի եկել որեւէ անձի ձերբակալելու նախաձեռնությամբ»,- նշել է նախկին ոստիկանապետը:

Thursday, October 21, 2010

ՎԱՅՐ ԴՐԵՔ ՄԱՆԴԱՏԸ

Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ նախագահ Վարդան Հարությունյանը նամակ է հղել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտին, որում ասվում է. Մամուլից տեղեկացանք, որ Դուք, լինելով ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, լրագրողներին ասել եք, որ հրաժարվում եք խոսել Հայաստանի եւ հայաստանյան բանտերում գտնվող քաղբանտարկյալների մասին: Մեր ուշադրությունը գրավեց ոչ թե Ձեր խոսելուց հրաժարվելը, ինչն անկասկած Ձեր իրավունքն է, այլ այն պատճառաբանությունը, թե ինչու եք հրաժարվում: Դուք ասել եք. «Ես համազեկուցող եմ, պետք է զեկույց պատրաստեմ: Երբ հանդիպում եմ իշխանությունների հետ, նրանք դժգոհում են, որ իրականությունը չեմ ներկայացնում: Երբ հանդիպում եմ ընդդիմության հետ, նրանք են ասում, որ իրականությունը չեմ ներկայացնում»: Դուք փաստորեն ընդունում եք, որ էապես կախված եք հայաստանյան իշխանությունների եւ ընդդիմության իրարամերժ կարծիքներից: Այնինչ ԵԽԽՎ մանդատը Ձեզ տրված է ոչ թե ընդդիմության կամ իշխանության կարծիքներից կախված լինելու կամ դրանցից վախենալու , այլ` հայաստանյան իրականությունը ուսումնասիրելու, ազատորեն սեփական կարծիքն արտահայտելու եւ այն անաչառ կերպով ԵԽԽՎ-ին ներկայացնելու համար: Ձեր այս խոսքերից ավելի քան պարզ է դառնում, թե ինչու այս 2,5 տարին այդպես էլ բավարար չեղավ ԵԽԽՎ կողմից հայաստանյան կեղծված ընտրությունների միանշանակ դատապարտման եւ քաղաքական բանտարկյալների ազատ արձակման համար: Դուք փաստորեն զբաղված եք եղել ոչ թե համազեկուցողի մանդատից բխող խնդիրները լուծելով, այլ` հայաստանյան ընդդիմության եւ իշխանության միջեւ խուսավարելով: Քանի որ Դուք հայաստանյան ընդիմության եւ իշխանության ճնշումներից ձերբազատվել չեք կարողանում, մենք Ձեզ հորդորում ենք հնարավորինս շուտ հրաժարվել Հայաստանի հարցերով համազեկուցողի մանդատից: Գուցե այն Ձեր հրաժարականից հետո փոխանցվի շատ ավելի անկախ ու անաչառ պատվիրակի, ով մի կողմ դրած հայաստանյան ընդդիմության եւ իշխանության իրարամերժ շահերը, կկարողանա հայաստանյան իրականությունն անաչառ կերպով ներկայացնել ԵԽԽՎ-ին, ինչն էլ հենց պահանջում է համազեկուցողի մանդատը:

ՄԵԿ, ԵՐԿՈՒ` ԿՈՎԿԱՍԸ ՄԵՐՆ Է

Բիր, իքի, Գաֆգազ բիզիմքի. Այսպես էին երգում Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության զինվորները: Իսկ թարգմանաբար դա նշանակում է. “Մեկ, երկու` Կովկասը մերն է”: Ներկայիս Ադրբեջանն, ինչպես հայտնի է, հռչակագրով, օրենքով եւ սահմանադրությամբ իրեն հայտարարել է այդ պետության իրավահաջորդը: Բնականաբար, վերոհիշյալ կարգախոս-երգը նույնպես պատկանում է “դեմոկրատական հանրապետության արժեհամակարգին”:Համենայնդեպս, Իլհամ Ալիեւի նույնիսկ հրապարակային ելույթները թույլ են տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը հավակնում է Կովկասում դառնալ տիրապետող: Հակառակ պարագայում “միջազգային իրավունքի ջատագով” Ալիեւը կառավարության նիստում չէր խոսի “Իրավանի խանության”, “Զանգեզուրի մահալի” եւ “բնիկ Ադրբեջանի հող Լեռնային Ղարաբաղի” մասին: Իսկ Վրաստանին առայժմ խնայում են: Բայց միայն` պաշտոնական մակարդակում: Մինչդեռ ադրբեջանական մեդիա-տարածքում օրըստօրե ավելանում են այդ երկրի հանդեպ տարածքային հավակնությունների ենթատեքստով հրապարակումները: Մասնավորապես, Borchali.net կայքը կարոտախտով գրում է, որ Նադիր շահը, ի նշան Գյանջայի խանից դժգոհության, “վաղնջական Բորչալուն, որ թուրքերի հայրենիքի մասն է, նրա ենթակայությունից անջատել եւ տվել է Վրաստանի վալիին”:Նույն տեղում ներկայացված է “Բորչալուի պատմական տեղանունների քարտեզը”: Եւ, իհարկե, բոլոր բնակավայրերն ու պատմաճարտարապետական հուշարձանները նշված են բացառապես թուրքական անվանումներով: Հավանական սխալներից խուսափելու համար ներկայացնում ենք այդ տեղանունների բնագիր- ադրբեջաներենով կազմված ցուցակը` “վրացականացված” զուգահեռ տարբերակով: Մնում է ավելացնել, որ հիշյալ կայքը գործում է Ադրբեջանի Արտերկրում ապրող հայրենակիցների հետ կապերի պետական կոմիտեի տրամադրած ֆինանսական միջոցների հաշվին, ուստի արտահայտում է պաշտոնական տեսակետ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԳՆԱ ԻՐԱՆԻ ԴԵՄ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Հայաստանը միանում է Իրանի դեմ պատժամիջոցներին, ասել է հետեւյալը. - Իրանի հետ մենք ունենք դինամիկ զարգացող հարաբերություններ, լավ տնտեսական համագործակցություն, իրականցրել եւ շարունակում ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր, հատկապես`էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում: Տեղի են ունենում ակտիվ շփումներ, փոխայցելություններ. վերջերս ես գտնվում էի Իրանում, ներկայումս պատրաստում ենք Հայաստանի վարչապետի այցելությունը Իրան, մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի Խորհրդարանի նախագահ պարոն Լարիջանին: Մեր հարաբերությունները փոխշահավետ են եւ մտադիր ենք դրանք զարգացնել:  Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, իհարկե, պետք է հարգվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով կարելի է լուծումներ գտնել: Հույս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ եւ լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի եւ միջազգային հանրության համատեղ ջանքերով: 

ՀԱՑԱԴՈՒԼ ... ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ


Գրող Վահրամ Թաթիկյանը, ով հացադուլ է անում Կոմիտասի անվան զբոսայգում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսել է իր մտահոգությունները և ներկայացրել հացադուլի պատճառներն ու նպատակները: Հիշեցնենք, որ այգում դելֆինարիա է կառուցվում: Վահրամ Թաթիկյանը նշել է, որ ըստ Թամանյանի նախագծի, քաղաքը ավարտվում էր հենց ներկայիս զբոսայգու տեղում, որտեղ ժամանակին քաղաքային գերեզմանատուն է եղել, ընդ որում` հայկական: 1968 թվականին ստեղծվել է զբոսայգին և պանթեոնը, իսկ հիմա էլ զբոսայգին են քանդում և զվարճավայր կառուցում: Ի դեպ, դելֆինարիայի շինարարության վայրում բազմաթիվ ոսկորներ ու գանգեր են բացվում: Թաթիկյանը պահանջում է զբոսայգին վերադարձնել մարդկանց և դեմ է պանթեոնն առանձնացնել զբոսայգուց: “Այգուց սկսած մինչև 3-րդ մաս ամբողջ շրջակայքը նախկին գործարանների քանդվող շենքերն են: Կարելի էր դելֆինարիան կառուցել հենց այդտեղ”, ասել է նա: Վահրամ Թաթիկյանի խոսքով, հստակ որոշված է, թե այս վայրում ինչ սրճարաններ, ռեստորաններ են կառուցվելու և մարդկանց խաբում են, թե իբր լավություն են անում:  “Եթե հարցը դիտարկենք սոցիալական և բարոյական կողմից, ապա ինչքանով է ճիշտ համատարած գործազրկության, աղքատության պայմաններում զվարճավայր կառուցել, որից չեն կարողանալու օգտվել ոչ ապահով խավերը”, ասում է գրողը: Թաթիկյանը նաև պարզել է, որ դելֆինները Հայաստանի կլիմայական պայմաններում չեն կարող ապրել, և նրանց սատկելուց հետո, այդ կառույցը զվարճանքի վայրի է վերածվելու: Նրա խոսքով, դելֆինարիան ընդամենը խայծ է: Նա ավելացրել է, որ բազմաթիվ բնակիչներ, ոստիկանության աշխատակիցներ իրենց աջակցությունն են հայտնել և հեռախոսահամարներ են թողել կարիքի դեպքում օգնության հասնելու համար:  Թաթիկյանն ասում է, որ չի դադարեցնելու հացադուլը մինչև կառուցվող շինությունը չապամոնտաժվի և այգին չվերադարձվի մարդկանց: “Ժամանակին ես հացադուլ արեցի քաղաքական բանտարկյալներ համար: Հիմա բնությունն է բանտարկված: Քանի իմ քաղաքը բանտարկված վիճակում է, ես քաղաքաբանտարկյալ եմ”, նշել է Վահրամ Թաթիկյանը:

ՀՈԳՆԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հայտարարել է, որ 2011 թվականի բյուջեի նախագիծը կառավարության գոյատեւման բյուջե է: Նրա գնահատմամբ, կառավարությունը հոգնած կառավարություն է, չի ուզում որակի նախաձեռնություն ցուցաբերել, չի ուզում աշխատել: Նրա խոսքով, բյուջեի նախագծում չկա ակտիվ քաղաքականության տրամադրվածություն, այլ կառավարությունն ընդամենը ցանկանում է առաջ տանել իրականությունը: Բագրատ Ասատրյանը հիշեցրել է, որ Հայաստանը մակրոտնտեսական ցուցանիշներով էապես զիջում է Ադրբեջանին եւ արդեն սկսել է զիջել Վրաստանին:

Մոսկվայում ձերբակալվել է Դեդ Հասանի աջ ձեռքը

Հանցագործ աշխարհի ներկայացուցիչ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) աջ ձեռքը` Լաշա Ջոլոգուան, երեկ երեկոյան ձերբակալվել է Մոսկվայում: Քրեական աշխարհում Ջոլոգուան հայտնի է Լաշա Գագրսկի մականունով: Մի քանի տարի առաջ Դեդ Հասանի մտերիմներից Շուշանաշվիլիի` Ռուսաստանից արտաքսվելուց հետո, Մոսկվայում նրա գործունեությունը շարունակեց Գագրսկին: «Շուշանաշվիլին պարբերաբար կապվել է Գագրսկիի հետ և հանձնարարություններ տվել»,- պատմել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը: Հանցավոր աշխարհի հեղինակությանը ձերբակալել են հին սխեմայով. եթե չի կարելի ձերբակալել որևէ լուրջ հանցանքի համար, նման հանցգործներին ձերբակալում են շատ ավելի մանր բաների համար, որոնք, սակայն, երաշխավորվում են բանտում գտնվելը: Գագրսկիի մոտ քննիչները հայտնաբերել են 26 գրամ թմրանյութ, ենթադրաբար` հաշիշ:Այժմ Ջոլոգուան տեղափոխվել է մեկուսարան: Որորշվում է քրեական գործ հարուցելու հարցը:

ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ԶԱՐՄԱՑԵԼ Է

Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն, անդրադառնալով շենգենյան վիզայի տրամադրման փոփոխությունների կարգին, նշել է, որ նրանք, ովքեր արդեն մի քանի անգամ դիմել են Ֆրանսիայի դեսպանատուն եւ ստացել են շենգենյան վիզա, նրանցից այսուհետ այլեւս չի պահանջվի ներկայացնել ծննդյան վկայական, ծնողների ամուսնության վկայական, ամուսնալուծության վկայական, սեփականաշնորհման վկայական եւ այլն:  Նոյեմբերի մեկից սկսած բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր երկու տարի առաջ /2008-ի նոյեմբերի մեկից/ արդեն ստացել են մեկ C կարգի վիզա, ազատվում են այդ փաստաթղթերը ներկայացնելուց եւ ազատվում են ավելորդ դրամ, ժամանակ կորցնելուց: Այստեղ, սակայն, հյուպատոսը մի հարցի վրա շեշտադրում կատարեց: Նա ասաց, որ չի կարողանում ընկալել` ինչպես է ՀՀ-ում ապրող քաղաքացին ռուսերեն լեզվով փաստաթղթեր ներկայացնում. «Իմ կարծիքով, պետք է պահել մայրենի լեզուն, ես պետք է դիմեմ մարդկանց, որ ներկայացվող փաստաթղթերը լինեն կամ ֆրանսերեն լեզվով, կամ անգլերեն, որովհետեւ շենգեն տարածքում այս երկուսն են ընդունված լեզուներ, կամ էլ հայերեն` ուղեկցված ֆրասերեն թարգամանությամբ», ասել է հյուպատոսը` եւս մեկ անգամ ընդգծելով, որ այսուհետ ռուսերեն լեզվով շարադրված փաստաթուղթ հյուպատոսական ծառայությունը չի ընդունելու:

Wednesday, October 20, 2010

Կաշառք է վերցրել, ո?վ չի վերցնում

ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի առաջատար մասնագետ, քաղաքաշինական պետական տեսուչ Գ. Հակոբյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքի նախկին վարչական տարածքի թվով 27 կառուցապատողներից 2006-2008թթ. ընթացքում պահանջել եւ ստացել է 2 230 000 դրամ առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն: Նշված գումարի դիմաց Գ. Հակոբյանը վերոհիշյալ կառուցապատողների կողմից կառուցվող օբյեկտների համար տրամադրել է շինարարության կապալի եւ շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնելու ծառայություններ մատուցելու կեղծ պայմանագրեր: Գ. Հակոբյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: