Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, September 30, 2010

Հայերը գերու կարգավիճակով Ռուսաստանում

Ռուսաստանի Դաշնության կայքերում արդեն ներկայացվում է այն օրինագիծը, որը մատչելի և գրավիչ պայմաններով վերաբնակեցում է ապահովում ներգաղթյալների համար։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Սարդարապատ» նախաձեռնող շարժման անդամները։ «Արդեն քանի տարի է՝ մենք տեղյակ ենք, որ ՌԴ–ում ընդունված է օրենք, որը վերաբերում է ՌԴ վերաբնակեցմանը։ Այդ օրենքն անցած տարիների ընթացքում երկու փուլով ունեցել է լրացումներ, գնալով կատարելագործվել և կարծես գնալով վերաբնակիչների համար շատ մատչելի տեսքի է եկել»,– հայտարարեց նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ բացատրելով, որ հուլիսից օրենքն ավելի լավ տեսքի է բերվել և պարունակում է այնպիսի խրախուսիչ առաջարկներ, որոնք մտահոգիչ պետք է լինեն Հայաստանի համար, որտեղ, ըստ Սեֆիլյանի, ժողովրդի շրջանում գերիշխում է արտագաղթի տրամադրությունը: «Այնքան մատչելի, այնքան հրապուրիչ է ծրագիրը, որ նույնիսկ հասել են այն մակարդակին, որ այն ընտանիքները, որոնք ուզում են տեղափոխվել, բացի այն որ տուն են տալիս, փող են տալիս, վարկ են տալիս, գործ են ապահովում, քաղաքացիություն են տալիս, նույնիսկ պատրաստ են տեղափոխման ծախսերը հոգալ»,– հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ հուլիսից սկսած, երբ հիշյալ օրենքը մտել է ուժի մեջ, Հայաստանից մոտ 5000 մարդ է ընդգրկվել այդ ծրագրում։ ՌԴ–ի կողմից իրականացվող այս ծրագրի պատճառը, ըստ Սեֆիլյանի, կայսրության համարում ունեցող երկրի համար միգրացիայի միջոցով աշխատուժ ապահովելն է։ «Բոլորիս համար պարզ է, որ գնալով մենք ճգնաժամից հասնում ենք գահավիժման, ինչի վկայությունը արտագաղթն է ու ժողովրդական համաաղետը»,– իր հերթին հայտարարեց շարժման համակիր Ալեք Ենիգոմշյանը՝ տեղեկացնելով, որ այսօրվանից սկսած ինքը «Սարդարապատի» համակիրը չէ, այլ դառնում է շարժման անդամը«Ընդհանրապես, աշխարհում որևէ երկրի իշխանությունը, որի քաղաքացիների մեկ երրորդն արդեն լքել են երկիրը երկու տասնամյակի ընթացքում, իսկ մնացածի 40 տոկոսը, միջազգային հարցումների համաձայն պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում լքել իր երկիրը, նման երկրի իշխանությունները, եթե ազնիվ մարդիկ լինեին, պետք է երևի հետևեին սամուրայական կոդեքսին և ինքնասպանություն գործեին՝ սեպուկի կամ խառակիրիի միջոցով»,– հայտարարեց «Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ խոսելով երկրում արտագաղթի մտահոգիչ պատկերի մասին։«Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի իշխանություններից խնդրել են, որ հայկական կողմի համար այս դավադիր ծրագիրը հնարավորինս անաղմուկ իրականացվի։ Բոլորդ էլ նկատում եք՝ գովազդ չկա այս մասին, բայց ես ունեմ տեղեկություն, որ Ռուսաստանը լուրջ խոսքից գործի է անցել։ Այս իմաստով վաղվանից կարող եք հետևել՝ Հայաստանում ՌԴ դեսպանությունում սեմինարների շարք է սկսվում այս թեմայով»,– շեշտեց Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նաև նշեց, որ ՌԴ գնացողներն արտագաղթելու են գերու կարգավիճակով և իրավունք չեն ունենալու լքել երկիրը, քանի դեռ նրանց արտագաղթի համար ծախսված գումարը պետությունը հետ չի ստացել։ Հարցին, թե որտեղի՞ց շարժմանն այդ տեղեկությունները, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ պետք չէ գերագնահատել կամ թերագնահատել իրենց։ Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ այս տեղեկություններն իմանալուց հետո շարժումը որոշել է «արագացնել գործընթացները», իսկ թե ինչ են մտադիր անել, կներկայացնեն առաջիկայում:

No comments:

Post a Comment