Պատի տակի վարդն ես,
Ֆայինբերգի զարդն ես…
Ինչպես տեղեկացվել է մեր հանրությունը, խորհրդարանում, հայտարարությունների ժամին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խոսել էր բարեգործության մասին, եւ, մեջբերելով Ալեքսանդր Շիրվանզադեին, ասել է մոտավորապես այսպիսի մի բան` գարշելի միջոցներով հարստություն դիզած հաստավզի առջեւ ստորանալով նրա ոտքերն են լիզում նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած գործիչները: Դրա հաջորդ օրը խորհրդարանում գրավոր հայտարարություն է տարածել ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ով բացի քաղաքական գործիչ լինելուց համատեղության կարգով նաեւ Վիկտոր Դալլաքյանի ընտանիքի եւ որդու հարսանիքի քավորն է: Եւ ահա պատգամավոր-քավոր Բոստանջյանը հայտարարել է, թե զայրացել է Դալլաքյանի այդ հայտարարությունից, եւ որպես պատգամավոր եւ ԲՀԿ խորհրդի անդամ պաշտպանում է իր կուսակցության սկզբունքները, եւ այսօրվանից խզում է Դալլաքյանների ընտանիքի հետ համոզված ու Աստծո օրհնությամբ ստանձնած սուրբ գործը: Իմա՝ քավորությունը: Չնայած նրան, որ ոչ միայն ԱԺ-ի մակարդակով, այլ նույնիսկ հայկական կենցաղում դեռեւս մշակված ու կանոնակարգված չեն քավորի կողմից հրաժարական ներկայացնելու, իսկ դիմացի կողմից էլ՝ այդ նույն հրաժարականն ընդունելու կամ չընդունելու մեխանիզմները, խոստովանենք, որ երեւույթն ինքնին մեր իրականության համար բավական արտառոց է: Կարիք կա՞ արդյոք բացատրել, որ ցանկացած հայ մարդ շատ ավելի հանգիստ է ընդունում ցանկացած պաշտոնյայի, ներառյալ երկրի առաջին դեմքի հրաժարականը, իսկ ոմանք՝ նույնիսկ իրենց երկրի ինչ-որ մի մասի կորուստը, քան քավոր կոչվածի հրաժարումը իր սուրբ պարտականությունների հետագա կատարումից: Սա նույնիսկ ողբերգություն էլ չէ: Սա կատարյալ կատաստրոֆա է, որից հետո քավորազուրկ դարձած հայի համար հետագա ապրելը այս աշխարհի երեսին դառնում է անիմաստ: Բայց ինչի՞ց ծագեց հանկարծ «աղետն այս ահավոր»: Հիմա մարդ է, ելել խոսում է, անուններ չի տալիս, միայն մեջբերումներ է անում հայ դասականներից: Բայց, ինչպես ասում են, «հարիֆ չկա»: ԲՀԿ-անները լավ էլ հասկացել են, թե իրականում ում «բոստանն է քար գցում» իրեն անկախ պատգամավոր համարող Վիկտոր Դալլաքյանը, եւ որոշել են են նրան հակահարված հասցնել գոտկատեղից ներքեւ: Անկա՞խ էիր քեզ կարծում: Որ այդքան անկախ էիր, բա էդ ո՞նց էիր հետներս քավոր-սաներ խաղում: Դե հիմա գնա ու անքավոր ման արի: Իսկ քավորազուրկ հայը, ինչպես հայտնի է, ոչ միայն կենցաղային եւ հասարակական, այլ նաեւ, եւ առաջին հերթին՝ քաղաքական դիակ է: Այն, որ որ Հայաստանում բարեգործություն կոչվածը գոյություն չունի, իսկ այդ անվան տակ իրականացվող գործընթացների իրական նկարագրման համար Շիրվանզադեի խոսքերն այսօր արդեն չափազանց մեղմ են հնչում, ակնհայտ է: Եւ դրա շուրջ խոսելն էլ՝ բացարձակապես անիմաստ: Մարդիկ իրենց բարեգործ են ուզում զգալ թող զգան: Այնքան մարդ կա, որ պատերազմի հետ առնչություն չունի, բայց իրեն հերոս է զգում: Եւ նույնիսկ ճանաչվում ու մատուցվում է այդպիսին: Բայց դա ողբերգություն չէ: Ողբերգություն կլինի այն ժամանակ, երբ հանկարծ մենք սկսենք ճանաչել ու մեծարել դրանց այդ որակներում: Ինչ խոսք, քավորազրկման միջոցով Վիկտոր Դալլաքյանի հանդեպ իրականացված քաղաքական այս դաժանագույն հաշվեհարդար-վենդետան կարող էր դառնալ մի հրաշալի կատակերգության սյուժե: Եթե, իհարկե, այդ ամենն իրականում լիներ երեւույթի լոկ արտաքին, մակերեսային դրսեւորումը: Սակայն ծիծաղելու եւ ոչ մի առիթ էլ իրականում չկա, քանզի կատարվածը մեր քաղաքական դաշտ կոչվածի եւ այդ դաշտում խաղացողների իրական էության իրական դրսեւորումն է: Ավելի պարզ. Այդ միջադեպը հստակ ցույց է տալիս եւ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետություն կոչվող երկրում իրականում գոյություն չունեն ոչ քաղաքական դաշտ ու մթնոլորտ, ոչ էլ, բնականաբար, քաղաքական գործիչներ: Ամեն ինչ իրականացվում ու դրսեւորվում է, դեռեւս, ընդամենը ընտանիքի մակարդակով ու նրա սահմաններում: Թե քաղաքական համաձայնությունն ու համագործակցությունը, թե քաղաքական անհամաձայնությունն ու առճակատումը: Մտածելակերպի ու դատողության այդպիսի մասշտաբներով էլ մշակվում ու իրականացվում է մեզանում այն ամենը, որն անվանում են քաղաքականություն: Որը, սակայն, իրականում լրիվ այնքանով է կարելի համարել քաղաքականություն իրական քաղաքականության ոլորտում, որքանով որ Հայաստանում խաղացվող ֆուտբոլը կարելի է ֆուտբոլ համարել իրական ֆուտբոլի ոլորտում: Գուցե, իրոք, ժամանակն է, որ մենք վերանայենք մեր պոստուլատներն այն կառույցի նկատմամբ, որի անունն է հայկական ընտանիք եւ անհրաժեշտ “բարեփոխումներ” իրականացնենք հենց այդ բնագավառում: Չմոռանանք, որ այդ միավորը, հասարակական այդ ինստիտուտը իր այս տեսքով ձեւավորվել, ամրացել եւ կայացել է սեփական պետականության բացակայության եւ օտար տիրապետողների ճնշման պայմաններում: Իսկ մի՞թե պարզ չէ, որ սեփական պետականության առկայության պարագայում միանգամայն բնական պահանջարկ ու անհրաժեշտություն է ի հայտ գալիս՝ վերափոխել ու պետության ու հասարակության պահանջներին համապատասխանեցնել ու հարմարեցնել դարերի ընթացքում կայացած, իսկ այսօր արդեն, ըստ էության, կարծրացած այդ ինստիտուտը, որի անունն է հայկական ընտանիք: Այդ «ընտանեկան» մասշտաբի դատողության առկայությունն ու գերիշխումն է, որ մենք հանդուրժում ու ընդունում ենք նման իշխանություն, որ պետությունը ընդունում ենք որպես իշխանության ընտանեկան սեփականություն, իսկ հայրենիքն էլ՝ զուտ որպես կենացի թեմա: Իսկ ամենի վերեւում՝ ընտանիք: «Ընտանիք պահելու» կարգախոսով են այսօր առաջնորդվում ու արդարացվում մարդկային ամենացածր ու ստոր արարքները: Եւ ոչ մեկը հարց չի տալիս, թե ստորաքարշությամբ ինչպես կարելի է, արդյոք հնարավոր է «պահել ընտանիք» իր իսկական իմաստով: Հայկական ընտանիքն այսօր այն բջիջ-միավորը չէ, որի անդամները պետք է եւ ի վիճակի են, որպեսզի կազմեն հասարակություն՝ իր բուն իմաստով, լինեն պետության քաղաքացի՝ դրա իսկական իմաստով, մասնակցեն «փոխշահավետ հասարակական դաշինքին»: Ինչպես եւ մի շարք այլ կարծրացած (եթե չասենք՝ ժանգոտված) իրենց բացարձակապես չարդարացրած, դեռ ավելին, ակնհայտորեն վնասաբեր, տեսակետներն ու մոտեցումները մեզանում ենթակա են վերանայման եւ վերափոխման, «հայկական ընտանիք» երեւույթն ու գաղափարը մեզանում նույնպես կարիք ունի յուրատեսակ «արդիականացման»: Որպեսզի ամեն մեկը՝ Հայրենիքը, Պետությունը, Հասարակությունը, Ընտանիքը զբաղեցնեն մարդու մեջ իրենց իսկական տեղը, եւ ամեն մեկին էլ տրվի համապատասխան չափով՝ առանց մյուսի մասնաբաժնի հաշվին: Եթե չվերանայվեն հիմնարար սկզբունքները հայկական ընտանիք ինստիտուտի վերաբերյալ, մեզանում երեւի թե հնարավոր չի լինի ձեւավորել քաղաքացիական կոչվող հասարակություն, կամ էլ ամուր պետականություն: Քաղաքականությունն էլ, ինչպես տեսնում ենք, կիրականացվի քավոր-սաներ շրջանակների մակարդակով:
Արտավազդ ԲԱՍԵՆՑՅԱՆ
No comments:
Post a Comment