Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, September 18, 2010

Հայրենիքն առաջին հերթին ժողովուրդն է, հետո նոր հողը ...

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի որդու` Տիգրան Մալխասյանի հետ զրուցում ենք այսօրվա երիտասարդության ու մասնավորապես` իր դիրքորոշումների ու անկախության գաղափարի, համաժողովրդական պայքարի մասին:
- Տիգրան, Վարդան Մալխասյանի տղան հանդիսանալը խանգարո?ւմ է Հայաստանում քո տեղը գտնելուն:
- Ո’չ, ոչ միայն չի խանգարում, այլ օգնում է: Ես իմ տեղը վաղուց եմ գտել: Գնում եմ հորս ճանապարհով: Մեր ընտանիքը կոչված է չարիքի դեմ պայքարելու, կռվելու և հաղթելու առաքելությամբ: Պայքարը` մեր կյանքի գլխավոր իմաստն է և այն մեզ համար հպարտություն է:
- Այսօրվա երիտասարդությունն ի?նչ չափով է մասնակցում համաժողովրդական պայքարին և ինչպե±ս ես գնահատում նրանց գործողությունները:
- Նժդեհն ասել է. ՙԵթե ուզում ես տեսնել երկրիդ ու ազգիդ ապագան, նայիր երիտասարդությանը՚: Մեր երիտասարդների զգալի մասն այսօր քաղաքական պայքարի մեջ է, որը շատ է վախեցնում իշխանավորներին: Հենց այդ երիտասարդներն են համաժողովրդական պայքարի ուժն ու գեղեցկությունը և նրանք նոր թափ ու լիցք են հաղորդում շարժմանը: Նրանց հիմնական ուժը ճշմարտությունը հետապնդելու խիզախության մեջ է, որը վտանգավոր է հանցանքների մեջ թաղված իշխանության համար: Ահա թե ինչու իշխանավորները սարսափում են պայքարի շարքերում հայտնված երիտասարդներից: Իհարկե, կան նաև մեծ թվով երիտասարդներ, ովքեր բացարձակ անտարբեր են, օտարացել են բարոյական այն բարձր արժեքներից, որոնք մեր նախնիների համար եղել են ապրելակերպ: Նրանց մոտ կարծես բթացել է ազգային պատասխանատվության զգացումը: Նրանք պետք է հասկանան, որ այսօրվա վիճակը հենց անտարբերության հետևանքն է, որ անարդարությունների և անբարոյության պատճառները պետք է փնտրել հենց այդպիսի անտարբերության մեջ:
- Երեկ Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձն էր, ինչպե±ս ես գնահատում անկախության արժեքը մեր երկրում, որքանո?վ է արմատավորված:
- Տասը տարի առաջ ինձ թվում էր, թե մեր գլխավոր ձեռքբերումն անկախությունն է, բայց հիմա` ես հասկանում եմ, որ անկախությունից ավելի կարևորը երկրի քաղաքացին է` հայ մարդը: Որովհետև քաղաքացին կարող է կերտել անկախություն: Անկախությունը չի կարող առանց քաղաքացու լինել: Այդ քաղաքացուն ի±նչ օրն են գցել այսօրվա իշխանությունները: Չարիքի իշխանությունն ամեն ինչ արել և անում է, որ հայ մարդը լինի անտարբեր ու հիասթափված: Մինչդեռ` հիվանդ ու հիասթափված ժողովրդով հայրենիք պահելն անհնար է, քանզի հայրենիքը հայրենիք է ժողովրդով: Հայրենիքն առաջին հերթին ժողովուրդն է և հետո` նոր հողը:
- Ինչպիսի?ն պետք է լինեն Համաժողովրդական շարժման այսօրվա և վաղվա գործողությունները: Առավել զիջողական, թե` ըմբոստ:
- Այսօրվա համաժողովրդական պայքարը մեր երկրում արդարություն, ժողովրդավարություն հայտարարելու համար է, ազատ և արժանապատիվ ապրելու համար է: Մենք պայքարում ենք բռնակալության դեմ, որը ոչ միայն հայրենասիրական, այլև` աստվածահաճո գործ է, որովհետև ժողովուրդն ազատվում է բռնակալներից և վերադառնում է իսկական ազատ, աստվածատուր կյանքին: Ուստի` իմ կարծիքով, այս պայքարը ազգային - ազատագրական է և մենք երբեք չպետք է այն դարձնենք զիջողական, քանի որ չարագործ իշխանության հույսը ժողովրդին ահաբեկելն ու հուսախաբեցնելն է: Այսօր ոստիկանական բաժիններում ու բանակում անարգվում ու սպանվում են հայ մարդիկ: Մինչդեռ` մարդ արարածն ամբողջ աշխարհում ունի նաև անհրաժեշտ պաշտպանության իրավունք: Նժդեհի խոսքերով. ՙՍեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ՚: Այնպես որ, եթե պետք լինի, մենք իրենց հետ պետք է խոսենք նաև ուժի դիրքերից: Մենք պետք է իրենց բռնություններին հակադրենք մարտնչող ժողովրդի հավաքական ուժը, կամքն ու վճռականությունը:
- Հայոց բանակում լինում են սպանություններ կամ ինքնասպանություններ: Դա ի?նչ չափով է ազդում մեր բանակի հեղինակության կամ մարտունակության վրա:
- Իշխանություններն անընդհատ խոսում են, թե իբր մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է: Բայց բանակի ճիշտ էությունն ու բնութագիրը նրա բարոյահոգեբանական վիճակն է և մարտական ոգին: Ցանկացած պատերազմում հաղթանակն ապահովում է ոչ թե բանակի հզորությունը կամ` սպառազինությունն, այլ` ոգու ուժը, որն այսօր գրեթե գոյություն չունի կամ` մարում է: Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ ես ընդամենը 11 տարեկան էի, շատ խնդրեցի հորս, որ իրենց ջոկատի հետ ինձ տանի Վարդենիս, որտեղ նրանց հանձնարարված էր պաշտպանել Դարա գյուղի դիրքերը: Նա մի օր վերջապես կատարեց իմ խնդրանքը և ազատամարտիկներին սնուդ տեղափոխելիս ինձ էլ տարավ իր հետ: Ես երեք օր մնացի Սևանա լճից ոչ հեռու գտնվող այդ գողտրիկ գյուղի դպրոցում, որտեղ տեղակայված էր շտաբը և ըմբոշխնեցի ազատամարտիկների անկեղծ ու անմիջական միջավայրը, որն իմ կյանքում թողեց անջնջելի տպավորություն: Իմ մեջ տպավորվեց զինվորների իրար նկատմամբ փոխադարձ վստահությունը, սերն ու հարգանքը և` իհարկե, այն հզոր մարտական ոգին, որն էլ` ապահովեց մեր հաղթանակը: Մեր բանակը պետք է զարգանար այդ բարոյահոգեբանական հիմքի վրա, որը, ցավոք, տեղի չունեցավ և այսօրվա անառողջ մթնոլորտը ոչ միայն գցում է բանակի հեղինակությունն, այլև` ուղղակի խայտառակում է մեր բանակին: Ինտերնետային ՙYoutube.com՚ կայքէջում հայտնված տեսագրությունը հաստատում է, որ հանձինս այդ տեսաերիզում ցուցադրվող սպա կոչված մսագնդի` բանակում կան կատարյալ անասուններ: Սա մեր ամբողջ երկրի անվտանգության խնդիրն է և շատ է մտահոգում նաև ինձ: Բայց միևնույն է` մենք հաղթելու ենք: Իսկ դա տեսնելու և դրան հասնելու համար` ժողովրդին ցանկանում եմ հույս, հավատ, լավատեսություն, վճռական, անզիջում պայքարի ոգի, որպեսզի կարողանանք ազատագրվել այս բանդիտական ռեժիմից, որպեսզի կարողանանք միասին կերտել այնպիսի հայրենիք, որտեղ մենք կապրենք արժանապատիվ կյանքի, օրենքի և արդարության պայմաններում: Պայքա’ր, պայքա’ր, մինչև վերջ ...

No comments:

Post a Comment