ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հերքելով մամուլում տպագրված լուրը, թե Ոստիկանության հաշվեկշռում գտնվող մանկապարտեզի վերաբերյալ կառավարության որոշումն ընդունվել է, որպեսզի ինքը էլիտար շինարարություն ծավալի, հայտարարեց, որ դա պատվեր է, իսկ պատվիրատուն փորձում է թաքցնել իր ականջները Աբրահամյանի հետևում: Բայց մի թափանցիկ ակնարկ նա այնուամենայնիվ արեց, երբ հարց տրվեց, թե ով է փորձում թաքցնել իր ականջները: «Գնացեք ճշտեք, իմ կարծիքով՝ պատկան մարմիններից կարող եք հարցնել և ստանալ պատասխաններ: Եվ կառավարության որոշման մեջ շատ հստակ երևում է»: Իսկ որոշման մեջ գրված է, որ Թումանյան-Նալբանդյան, Ավագ Պետրոսյան և Սայաթ-Նովա պողոտայի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու արդյունքում քաղաքապետը պետության անունից լիազորված է բանակցել և օտարման պայմանագիր կնքել «Ավագշին» ընկերության հետ: Թե ով է կանգնած այդ ընկերության հետևում՝ հայտնի չէ, ոստիկանության հաշվեկշռում եղած մանկապարտեզի օտարումը հնարավոր է իրականացնել համակարգի մարդու կողմից: Թերևս դա է պատճառը, որ երեկ լուրեր էին շրջանառվում, թե ընկերության հետևում իրականում ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն է, որի հարաբերություններն ի դեպ՝ Հովիկ Աբրահամյանի հետ, ասում են, լավ չեն:
No comments:
Post a Comment