Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, September 19, 2010

Լուժկովը գնաց, Լուժկովը կվերադառնա?

Շատ ռուս քաղաքագետներ ու վերլուծաբաններ կարծում են, որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի անսպասելի արձակուրդն ու ուղևորությունը արտասահման կավարտվի քաղաքագլխի ինքնակամ հրաժարականով: Եթե մինչև հիմա փորձագետների մեծ մասն այն կարծիքին էր, որ Կրեմլը Լուժկովին թույլ կտա հանգիստ աշխատել մինչև իր պաշտոնավարման չորրորդ ժամկետի ավարտը՝ 2011թ. հունիսը, և նույնիսկ թույլ կտա նրան ընտրել իր հաջորդին, հիմա նրանք կարծում են, որ քաղաքական պայքարի տրամաբանությունը ստիպում է Դմիտրի Մեդվեդևին շտապել։«Լուժկովին հարկավոր է փոխել այսօր: «Նոր մարդուն» ժամանակ է հարկավոր Լուժկովի մարդկանց փոխելու համար»,- ասել է քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը՝ նշելով, որ այդ դեպքում միայն նոր քաղաքապետը կհասցնի «ճիշտ» ընտրություններ կազմակերպել մինչև Պետդումայի ընտրությունները: Վերլուծաբանների կարծիքով՝ եթե մեկշաբաթյա արձակուրդի ընթացքում Կրեմլը պաշտոնանկ անի Լուժկովին, նա այլևս չի վերադառնա Ռուսաստան: Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նույնպես կարծիք է հայտնել, որ Լուժկովն Արևմուտքից չի վերադառնա: Նա իրեն հատուկ ոճով է արտահայտվել: «Դա փախուստի ձև է՝ հանգիստ, ծննդյան տարեդարձ: Եթե նա գնացել է, ուրեմն նա այլևս էմիգրանտ է: Այնտեղ է նրա հայրենիքը, նրա ամբողջ կապիտալը: Նա հեռացել է, որովհետև շատ լավ գիտի, որ իր դեմ քրեական գործեր կհարուցվեն»,- ասել է Ժիրինովսկին և հույս հայտնել, որ Լուժկովն «Ավստրիայից ֆաքսով կուղարկի իր հրաժարականը՝ պատճառաբանելով առողջական խնդիրները»: Քաղաքապետարանում, սակայն, այս վարկածի հետ այնքան էլ համաձայն չեն: Լուժկովն ամեն տարի իր ծննդյան տարեդարձի կապակցությամբ մեկ շաբաթանոց արձակուրդ է վերցնում, և այս անգամ էլ, քաղաքապետարանի աշխատակիցների համոզմամբ, նա կվերադառնա: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի քաղաքագլուխն անսպասելիորեն մեկ շաբաթանոց արձակուրդ էր վերցրել և մեկնել Ավստրիա: Երեքշաբթի նա այնտեղ կդիմավորի իր 74–րդ տարեդարձը: Լուժկովի շուրջ իրավիճակն ավելի հետաքրքիր է ռուսական ղեկավարող տանդեմի ներսում հարաբերությունների համատեքստում: Եթե Լուժկովը պահպանի իր աթոռը, դա անուղղակի նշան կլինի առ այն, որ 2012թ. Ռուսաստանի նախագահ կդառանա, այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինը, և ոչ թե Դմիտրի Մեդվեդևը: Այդ դեպքում` Հայաստանում էլ նախագահական աթոռին կբազմի Ռոբերտ Քոչարյանը?:

No comments:

Post a Comment