ՙՍարդարապատ՚ շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սէֆիլյանն ու Հայկ Բալանյանը խոսեցին ՙՀայության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները. իրավիճակի գնահատում և ելքեր՚ թեմայով:
ՙՀամատարած հուսալքություն է ժողովրդի մոտ, մենք ուզում ենք հուսադրել մեր ժողովրդին` ասելով, որ ամեն ինչ կորած չէ, և ՙՍարդարապատ՚ շարժումը վերցնում է իր վրա ժողովրդին այս վիճակից դուրս բերելու այդ ծանր բեռը, և մենք չենք կասկածում մեր հաջողությանը՚,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը,- ՙայսպիսի կեղեքիչ համակարգով երկրում ժողովրդի օգտին ընտրությունների միջոցով փոփոխություն չի կարող լինել: Մեր հորդորն է` վերջ տալ նման մարտավարությանը, քանի որ դրանով մոլորեցնում են ժողովրդին: Նրանք պետք է դուրս գան կուսակցական շրջանակներից, քաղաքական դաշտի ճահիճից և լուծումներ փնտրեն դրանից դուրս: Պետք է ձևավորել ժողովրդի իշխանություն` հույսը և հավատը դնելով միմիայն ժողովրդի ուժերի վրա և ոչ թե սպասել, թե Եվրոպան, Ռուսաստանը կամ` ԱՄՆ-ն ի±նչ կասեն: Այս հողը մերն է, մեր ոտքերը մեր հողի վրա են գտնվում, մենք ենք որոշում ու կերտում մեր ապագան: Մեր ամենօրյա հետընթացի պատճառով` մեր երկրի արտաքին կառավարումն, իր չափերի մեջ աննախադեպ է: Սա շատ մտահոգիչ է՚:
Իրավիճակից ելք Ժիրայր Սէֆիլյանը համարում է այն, որ պետք է ձևավորվի իրապես ընդդիմադիր, վերկուսակցական մարդկանցից բաղկացած ուժ. ՙՊետք են անկեղծ մղումով, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներ, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեն: Պետք է վճռական մարդկանց խումբ ձևավորվի և այդ խումբը պետք է առաջնորդի մեր ժողովրդին: Անընդհատ ցույցեր, հանրահավաքներ կկազմակերպվեն և պետք է ստիպեն համակարգին հեռանալ, իսկ եթե նորից բռնություն գործադրվի, ապա ժողովուրդը պետք է պաշտպանվի: Դա իր իրավունքն է՚:
Արցախյան ճակատում պատերազմի վերսկսման հավանականության մասին Ժիրայր Սէֆիլյանն ասաց, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց միջազգային հանրությունը կկանխի այն, ուստի` պատերազմի սկսվելը հավանական չէ: Ըստ նրա, ներկա իշխանության առկայության պայմաններում` հայկական կողմը տանուլ կտա պատերազմը: Միաժամանակ նա համոզված է, որ հայ ժողովուրդն ունի ներուժ հակառակորդին ծնկի բերելու համար: Ժիրայր Սէֆիլյանը Ստեփանակերտի իշխանություններին կոչ արեց չհանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ: ՙԱմեն անգամ Մինսկի խումբն Ադրբեջանում հանդիպում է` այսպես կոչված, ԼՂՀ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ, այնուհետև` այցելում է Ստեփանակերտ և քննարկումներ կազմակերպում Արցախի իշխանությունների հետ: Կոչ եմ անում Արցախի իշխանություններին չհանդիպել, արհամարհել նրանց` ասելով, որ դուք իրավունք չունեք մեզ և այդ փախստականների ներկայացուցիչներին նույն մակարդակում դիտել և գնահատել՚:
Ինչ վերաբերում է միսիոներներին, որոնք գալիս են ուսումնասիրելու ազատագրված հայկական տարածքները, ապա Ժիրայր Սէֆիլյանի համար պարզ է, որ դա երևանյան իշխանության հակահայ քաղաքականության հետևանքով է: Ավելին` Ժիրայր Սեֆիլյանի խոսքով` Սերժ Սարգսյանը ստել է սիրիական թերթին տված հարցազրույցում` ասելով, թե մենք չենք զբաղվում ազատագրված տարածքների վերաբնակեցմամբ: Մինչդեռ` մեr բնակիչները պետք է ասեն, որ ահավասիք` վերաբնակեցրել ենք և վերաբնակեցնելու ենք ազատագրված տարածքները:
Իսկ ՙՍարդարապատ՚ շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանի խոսքերով, իշխանություններն իրենց արդարացնելու համար ծիծաղում են Ադրբեջանի իրականացրած քայլերի վրա, մինչդեռ` Հայաստանի հանդեպ Ադրբեջանը վարում է ՙսոլյամիի՚ քաղաքականություն, որը ժամանակին վարում էր ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ի հանդեպ: Այդ երշիկային քաղաքականության տրամաբանությունն այն է, որ տարիների ընթացքում փոքր -փոքր քայլեր ես կատարում, թվում է, թե արածդ քայլերը` ՙկտրածդ երշիկն՚, աննշան է, բայց 10 տարվա ընթացքում վիթխարի արդյունքի ես հասնում: Ադրբեջանը շերտ - շերտ, կտոր - կտոր, կաթիլ -կաթիլ, քայլ - քայլ լուծում է Արցախի խնդիրը՚: Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում այս ամենին` հակաքայլեր չեն կատարում: Նա կարծում է, որ յուրաքանչյուր ուժ, երբ գալիս է իշխանության` մտածում է, որ կարևորը շատ փող կուտակելն է, իսկ ՙսոլյամիի՚ կտրատված շերտերը կմնան հաջորդներին. ՙՍա նշանակում է, որ իշխանությունները գողանում են մեր սերունդների ապագան՚: Հայկ Բալանյանը չի հասկանում, թե ինչի± մասին ենք մենք բանակցում, երբ այդ գործընթացը չի ապահովում հայկական դիրքերի պահպանում կամ բարելավում` դիվանագիտական, քաղաքական և այլ տեսանկյուններից. ՙԲանակցում են, որովհետև ներսից լեգիտիմ չեն, և եթե դրսից էլ ձեռք չբերեն այդ լեգիտությունը` շատ ծանր վիճակում կհայտնվեն: Դա սեփական իշխանությունը պահելու միջոց է: Այնինչ` հայ ժողովուրդը լուծել է Ղարաբաղի հարցը, բայց չի լուծել Հայաստանի հարցը՚: Նա նշեց, որ մենք պարտավոր ենք վերականգնել Հայաստանի պետականությունը. ՙՄեկ անգամ արդեն դա արել ենք, և այս անգամ էլ կկարողանանք: Փաստացի իշխանությունը կաբինետում չէ, այն փողոցում է և դա ժողովուրդն է: Իշխանությունն այդպես է փոխվում՚: Նա նաև անդրադարձավ վերջին շրջանում բանակում արձանագրվող սպանություններին և ինքնասպանություններին. ՙՊատճառն` այն է, որ մեքենան ժանգոտած է, վերևից էլ ճնշում կա, ոչ մի բարեփոխում չի լինում, այլ տեղ-տեղ ինչ-որ բաներ փլուզվում են: Հիմա Սեյրան Օհանյանը ղեկավարում է այն համակարգը, որը ժամանակին ստեղծել է Սերժ Սարգսյանը: Այն դարձել է փող աշխատելու` բենզին, սոլյարկա վաճառելու, փողով արձակուրդ ուղարկելու վայր: Այդ է պատճառը, որ երբ ճնշում է լինում, համակարգը անմիջապես ճեղքեր է տալիս՚:
No comments:
Post a Comment