Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, September 30, 2010

Վրաստանը Ռուսաստանին մեղադրել է

Վրաստանը Ռուսաստանին մեղադրել է Հարավային Օսիայի սահմանագծում նոր տարածքներ բռնազավթելու համար։ Վրաստանի ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ստորաբաժանումները տարածքի անօրինական սահմանաբաժանում են իրականացնում, այսինքն` անօրինական սահման են ֆիքսում։ ՆԳՆ տվյալներով, ապօրինի սահմանաբաժանումը տեղի է ունենում Շիդա Կարտլիում, մասնավորապես, Գորիի շրջանում։ Ըստ ՆԳՆ հայտարարության, Կվեմո Նիկոզի գյուղում բռնազավթվել է 25 հեկտար, Արբո գյուղում՝ 5 հեկտար,Կորդիում՝ կես հեկտար գյուղատնտեսական տարածքներ։ Նույն հաղորդագրության համաձայն, Դիցի գյուղում ապօրինի սահմանաբաժանման արդյունքում հակառակ կողմում են հայտնվել երեք ընտանիքի տներ, մեկ տան այգու կեսը, նաև արոտավայրը, ոռոգիչ ջրանցքը, նոր փորված հորատանցք։ «Այս պահին անօրինական սահմանաբաժանում է տեղի ունենում նաև Զեմո Նիկոզի գյուղում»,– հայտարարում է Վրաստանի ՆԳՆ–ը։ Վրաստանի ՆԳՆ Շիդա Կարդլիի շրջանային վարչության առաջնորդ Վադիմիր Ջուգելին հայտնել է, որ այդ հարցերի շուրջ վրացական կողմը հանդիպում է ունեցել ռուսական կողմի հետ, ովքեր հանդիպմանը բերել են 1984թ. քարտեզ՝ վստահեցնելով, որ «այդ ժամանակ (1984թ.տվյալներով-Tert.am) այդ տարածքները գտնվել են Հարավային Օսիայի կազմի մեջ»։ Մենք մեր կողմից հայտարարում ենք, որ նրանց գործողություններն անօրինական են»,– ասել է Ջուգելինը։ Նշենք, որ Հարավային Օսիայի նախագահի լիազոր ներկայացուցիչըՎրաստանի ՆԳՆ այդ հայտարարությունը «հիմարություն» է անվանել՝ հրաժարվելով մեկնաբանել այն։

Հայերը գերու կարգավիճակով Ռուսաստանում

Ռուսաստանի Դաշնության կայքերում արդեն ներկայացվում է այն օրինագիծը, որը մատչելի և գրավիչ պայմաններով վերաբնակեցում է ապահովում ներգաղթյալների համար։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Սարդարապատ» նախաձեռնող շարժման անդամները։ «Արդեն քանի տարի է՝ մենք տեղյակ ենք, որ ՌԴ–ում ընդունված է օրենք, որը վերաբերում է ՌԴ վերաբնակեցմանը։ Այդ օրենքն անցած տարիների ընթացքում երկու փուլով ունեցել է լրացումներ, գնալով կատարելագործվել և կարծես գնալով վերաբնակիչների համար շատ մատչելի տեսքի է եկել»,– հայտարարեց նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ բացատրելով, որ հուլիսից օրենքն ավելի լավ տեսքի է բերվել և պարունակում է այնպիսի խրախուսիչ առաջարկներ, որոնք մտահոգիչ պետք է լինեն Հայաստանի համար, որտեղ, ըստ Սեֆիլյանի, ժողովրդի շրջանում գերիշխում է արտագաղթի տրամադրությունը: «Այնքան մատչելի, այնքան հրապուրիչ է ծրագիրը, որ նույնիսկ հասել են այն մակարդակին, որ այն ընտանիքները, որոնք ուզում են տեղափոխվել, բացի այն որ տուն են տալիս, փող են տալիս, վարկ են տալիս, գործ են ապահովում, քաղաքացիություն են տալիս, նույնիսկ պատրաստ են տեղափոխման ծախսերը հոգալ»,– հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ հուլիսից սկսած, երբ հիշյալ օրենքը մտել է ուժի մեջ, Հայաստանից մոտ 5000 մարդ է ընդգրկվել այդ ծրագրում։ ՌԴ–ի կողմից իրականացվող այս ծրագրի պատճառը, ըստ Սեֆիլյանի, կայսրության համարում ունեցող երկրի համար միգրացիայի միջոցով աշխատուժ ապահովելն է։ «Բոլորիս համար պարզ է, որ գնալով մենք ճգնաժամից հասնում ենք գահավիժման, ինչի վկայությունը արտագաղթն է ու ժողովրդական համաաղետը»,– իր հերթին հայտարարեց շարժման համակիր Ալեք Ենիգոմշյանը՝ տեղեկացնելով, որ այսօրվանից սկսած ինքը «Սարդարապատի» համակիրը չէ, այլ դառնում է շարժման անդամը«Ընդհանրապես, աշխարհում որևէ երկրի իշխանությունը, որի քաղաքացիների մեկ երրորդն արդեն լքել են երկիրը երկու տասնամյակի ընթացքում, իսկ մնացածի 40 տոկոսը, միջազգային հարցումների համաձայն պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում լքել իր երկիրը, նման երկրի իշխանությունները, եթե ազնիվ մարդիկ լինեին, պետք է երևի հետևեին սամուրայական կոդեքսին և ինքնասպանություն գործեին՝ սեպուկի կամ խառակիրիի միջոցով»,– հայտարարեց «Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ խոսելով երկրում արտագաղթի մտահոգիչ պատկերի մասին։«Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի իշխանություններից խնդրել են, որ հայկական կողմի համար այս դավադիր ծրագիրը հնարավորինս անաղմուկ իրականացվի։ Բոլորդ էլ նկատում եք՝ գովազդ չկա այս մասին, բայց ես ունեմ տեղեկություն, որ Ռուսաստանը լուրջ խոսքից գործի է անցել։ Այս իմաստով վաղվանից կարող եք հետևել՝ Հայաստանում ՌԴ դեսպանությունում սեմինարների շարք է սկսվում այս թեմայով»,– շեշտեց Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նաև նշեց, որ ՌԴ գնացողներն արտագաղթելու են գերու կարգավիճակով և իրավունք չեն ունենալու լքել երկիրը, քանի դեռ նրանց արտագաղթի համար ծախսված գումարը պետությունը հետ չի ստացել։ Հարցին, թե որտեղի՞ց շարժմանն այդ տեղեկությունները, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ պետք չէ գերագնահատել կամ թերագնահատել իրենց։ Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ այս տեղեկություններն իմանալուց հետո շարժումը որոշել է «արագացնել գործընթացները», իսկ թե ինչ են մտադիր անել, կներկայացնեն առաջիկայում:

Վաճառական իշխանություններից ի?նչ սպասես

 -Հայոց պետականության համար մեծագույն վտանգը Հայաստանում իշխող քաղաքական ռեժիմն է,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։Անդրադառնալով Հայաստանում առկա մեծ արտագաղթին, նա ասել է, թե ՀՀ-ն վերջին անգամ նման վտանգի առջև կանգնած է եղել 1918թ.: -Աշխարհում որևէ երկրի իշխանությունները, որի քաղաքացիների 1/3-ը երկու տասնամյակի ընթացքում արդեն լքել է երկիրը, իսկ մնացած 40%-ը միջազգային հարցումների համաձայն պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում լքել երկիրը, նման երկրի իշխանավորները, եթե ազնիվ մարդիկ լինեին, պետք է հետևեին սամուրայական սկզբունքին և ինքնասպանություն գործեին,-ասել է Տ. Խզմալյանը՝ ավելացնելով,-բայց քանի որ այս վաճառականներից այդպիսի բան սպասել չի կարելի, ուստի մենք էլ չենք սպասում և հասարակությանն առաջարկում ենք ինքնապաշտպանության շարժմանը միանալ։ Նույն ասուլիսին մասնակից Ալեք Ենիգոմշյանն էլ հայտարարել է, թե գնալով՝ ճգնաժամից գահավիժման փուլին անցնում ենք. -Այս իրավիճակի պատճառը այս համակարգն է, որովհետև այն ծառայում է մի խումբ մարդկանց՝ վերնախավի շահերին։

ՌԴ–ն ՀՀ քաղաքացիներին հավաքագրո՞ւմ է

Մոտ 2 ամիս է՝ խոսակցություններ են շրջանառվում, թե Ռուսաստանի Դաշնությունը վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Հայաստանի քաղաքացիներին բավական ձեռնտու պայմաններ առաջարկելով՝ տեղափոխում է Ռուսաստանի մարզեր, այնտեղ բնակարան, ֆինանսներ և ՌԴ քաղաքացիություն է տրամադրում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ խնդրին անձրադարձել են նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սէֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, Տիգրան Խզմալյանն ու Հարություն Մեսրոպյանը՝ ահազանգելով, թե Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի իշխանություններին խնդրել են այդ գործունեությունը հնարավորինս անաղմուկ իրականացնել, և որ այդ ծրագրի շրջանակներում արդեն Հայաստանի 4808 քաղաքացի ՀՀ-ից հեռացել է։ Առավել մանրամասն տեղեկությունների համար «7օր»-ը դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայություն։ Պետի տեղակալ Իրինա Դավթյանը պատասխանել է, որ տեղեկություններ ստանալու համար պետք է կապ հաստատել Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության հայաստանյան ներկայացուցչության հետ, քանի որ հենց իրենք էլ իրականացնում են հավաքագրումը։ Վերջինի ղեկավարը, սակայն, հրաժարվել է հեռախոսով պատասխանել մեր հարցերին՝ նշելով, թե հոկտեմբերի 2-ին Մոսկվայի տանը վերաբնակեցման այդ ծրագրի առնչությամբ լայնամասշտաբ հանդիպում է տեղի ունենալու։

0 են դարձնում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Աբովյանի տարածքային հարկային տեսչությունը մոտ երկու ամիս է՝ ղեկավար չունի, քանի որ այդ կառույցի նախկին ղեկավարի՝ Աշոտ Բաղդասարյանի հրաժարականից հետո նոր պետ դեռեւս չի նշանակվել: Աշոտ Բաղդասարյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մարդկանցից է: Երկու ամիս առաջ հայտնի է դարձել, որ Աբովյանի հարկայինի պետը պետք է փոխվի: Ծառուկյանը փորձել է այդ պաշտոնում կրկին իր մարդկանցից մեկի թեկնածությունն առաջադրել, սակայն, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նրան տեղեկացրել է, որ ինքն ի վիճակի չէ այդ խնդիրը լուծել եւ որ փոխարինողին ինքը չի որոշելու: Արդյունքում Աշոտ Բաղդասարյանը ազատման դիմում է ներկայացրել եւ ընդհանրապես հարկայինից դուրս է եկել, իսկ նրա պաշտոնը երկու ամիս արդեն թափուր է:

Լուժկովի հայաստանյան գործընկերները

Մոսկվայի արդեն նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, ըստ տարբեր լուրերի, կանգնած է ունեցվածքի զգալի մասը կորցնելու վտանգի առջեւ։ Մոսկվայի բարձրագույն իշխանություններն, ըստ թերթի, այս օրերին զբաղված են Լուժկովի ունեցվածքի փաստացի հաշվառմամբ։ Ռուսական հեռուստաընկարություններից մեկն օրերս իր ներկայացուցիչներին է ուղարկել Հայաստան՝ նկարահանելու Լուժկովի ունեցվածքը։ Նույն աղբյուրների համաձայն, Լուժկովը Հայաստանում հողեր ունի Արտադատում, Նորագյուղում, ջրավազաններ՝ Արմավիրում եւ այսպես շարունակ, որոնք ամբողջությամբ նկարահանվել են։ Այդ ամենում, ըստ ամենայնի, մասնակցություն ունի Երևանի քաղաքապետ Չոռնի` Գագիկ Բեգլարյանը: Բացի այդ, նշվում է, որ ռուսական 5 բանկերում մոտ 5 տասնյակից կազմված ընկերությունների ցուցակ է ներկայացվել, որոնց հետ առնչվող որեւէ զործարք առայժմ որեւէ ձեւով չպետք է կայանա։ Նշվում է, որ այդ ընկերություններից շուրջ 15-ը հայկական են։ Դրանք, ըստ ամենայնի, պատկանում են Հայաստանի չինովնիկական էլիտային, որոնք Լուժկովի տանիքի ներքո Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս բիզնեսներ են արել։ Փաստացի վտանգված է նաեւ այդ ընկերությունների գործունեությունը:

Դիփ փախնում ին

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կադրերի բաժնի նախկին պետը` Վարդան Եղիազարյանն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Նա ԱՄՆ է մեկնել «Գրին քարտով», որը շահել է խաղարկությամբ: ԱԱԾ-ի կադրերի բաժնի պետն այդ գերատեսչության այն եզակի պաշտոնյաներից է, ով տիրապետում է կամ, առնվազն, իրավունք ունի ծանոթանալ այդ կառույցի կադրերի ողջ բազային`գործակալներից սկսած` վերջացրած արտեկրում եղած լրտեսներով: Այսօրվա տեխնիկական պայմաններում այդ ինֆորմացիան կարող է ամփոփվել փոքրիկ մի չիպում: ԱՄՆ-ում ռուսական գործակալների բացահայտման վերջին սկանդալային պատմությունից հետո լուրեր տարածվեցին, որ սկզբնական ինֆորմացիայի արտահոսքը եղել է Հայաստանի  ԱԱԾ-ից: Դրա հիման վրա էլ բացահայտվել էր ողջ ցանցը: Արդյոք այդ արտահոսքը հենց ԱԱԾ կադրերի բաժնի պետի ԱՄՆ մեկնելու արդյունքում չի՞ եղել` ոչ ոք չի կարող ասել: Իսկ այն, որ ԱԱԾ-ում նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը պատրաստ է «Գրին քարտով» Հայաստանից հեռանալ եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում, այլ կերպ, քան խայտառակություն` հնարավոր չէ որակել:

Իշխանամետներն էլ են լաց լինում

Ջազ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը լքել է Հայաստանը և մշտական բնակության մեկնել Կանադա։ Ըստ տեղեկությունների, Մարտիրոսյանի՝ ընտանյոք հանդերձ արտագաղթելու պատճառն այն է եղել, որ էլիտար շենքում նրան չի հաջողվել բնակարան գնել։ Բանն այն է, որ կոմպոզիտորը կանխավճար էր տվել նորակառույցի համար և սպասել իր բնակարանամուտին, բայց քանի որ ճգնաժամը հարվածել է նաև անշարժ գույքի շուկային, ուստի շինաշխատանքները կանգ են առել ու Մարտիրոսյանը հայտնվել է խաբված վիճակում՝ չկարողանալով դառնալ էլիտար բնակարանի տեր ու հետ չստանալով նախապես վճարած գումարը։ Ասում են, հարցը լուծելու նպատակով Ա. Մարտիրոսյանը դիմել է անգամ Սերժ Սարգսյանին, ում նախաձեռնած շոու միջոցառումներին բազմիցս է մասնակցել ջազմենը, սակայն այդպես էլ ոչ մի դրական արդյունքի չի հասել։ Ի վերջո, տեսնելով որ ոչինչ չի ստացվում ու Ս. Սարգսյանի հետ ունեցած կապերն էլ օգուտ չեն բերում՝ հավերժ իշխանամետ ու պալատական կոմպոզիտորի կարգավիճակ ունեցող Մարտիրոսյանը որոշում է մեկնել Կանադա։ Հիմա այդ մարդը հեռացել է երկրից, և դա տխուր է Այս պատմության մեջ կա մի «նուրբ» հանգամանք, որի վրա կուզենայի հրավիրել բոլորի ուշադրությունը։ Երբ իմացա, որ Մարտիրոսյանը, «քցվելով» բնակարանի գնման գործում, յուրօրինակ բողոք է ներկայացրել Հայաստանում գործող բարքերի դեմ և որոշել է լքել Հայաստանը, փորձեցի հիշել, թե ինչով էր զբաղված մեր տաղանդավոր երաժիշտը մինչև այդ պահը։ Նա հավերժ իշխանամետ էր։ Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ Երևանի փողոցներում սուրում էր մի մեքենայով, որի վրա ՊՆ-ի համարինշներ էին, ինչը, ենթադրաբար, այլ կարգավիճակ էր տալիս Մարտիրոսյանին ու նա, ի տարբերություն շարքային քաղաքացիների, ոստիկանության հետ խնդիրներ չէր ունենում։ Մինչև «քցվելը» Մարտիրոսյանը, բնականաբար, որևէ անգամ չէր փորձում իր բողոքի ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն Հյուսիսային պողոտայի, Կոզերնի կամ «պետության կարիքների» անվան տակ սեփական բնակարաններից վտարվածների ոտնահարված իրավունքների. կարևորը Պն-ական համարանիշներն էին ու իշխանության «գլամուրային» միջոցառումների մշտական մասնակիցը լինելու հնարավորությունը։ Մարտիրոսյանը, մինչև Կանադա մեկնելը, «բարձրաշխարհիկ» ջազմենի իմիջի մեջ էր, իշխանությունների սիրելին ու ոչինչ չէր տեսնում, կամ էլ չէր ուզում տեսնել։ Եվ ահա հայաստանյան խաղի կանոնների զոհը դարձավ նաև ինքը, չդիմացավ անարդարությանը և հեռացավ հայրենիքից։ Հետաքրքիր է, Ա. Մարտիրոսյանը հիմա հասկացե՞լ է, որ իր «քցված» լինելու մեջ ինքն էլ է մեղավոր այն պարզ պատճառով, որ մշտապես իշխանական կերակրատաշտից է սնվել ու ծպտուն չի հանել ո՛չ կեղծված ընտրությունների, ո՛չ սեփական տներից վտարված բնակիչների և ո՛չ էլ այլ անարդարությունների մասին։ Հասկացե՞լ է արդյոք Մարտիրոսյանը, որ երբ Սերժ Սարգսյանն իր և իր նմաններին ֆոն էր սարքում նախընտրական տեսահոլովակներում ու կամերային միջոցառումների ժամանակ՝ էդ օրերին դրվում էին նաև իր «քցվելու» հիմքերը։ Հասկացե՞լ են արդյոք մյուս «գլամուրային» դեմքերը, որ իշխանություններին քծնելն ու նրանց կազմակերպած միջոցառումներում «զադնի պլանի» դեր խաղալը որևէ նշանակություն չունի ու մի օր իրենք էլ են դառնալու հայաստանյան խաղի կանոնների զոհը։ Անշու՛շտ, ցավալի է, որ հերթական հայ ընտանիքը լքեց երկիրը։ Կրկնակի ցավալի է, որ լքում է Արմեն Մարտիրոսյանի պես տաղանդավոր ու ճաշակ ունեցող երաժիշտը, բայց դա նաև օրինաչափ է։ Եթե ոմանց թվում էր (է), թե իրենք իշխանությունների հետ մոտիկ լինելով կամ պետական ռեսուրսների թալանի փշրանքներից օգտվելով կարող են չնկատելու տալ մեր երկրում առկա անարդարությունները, ապա նրանք չարաչար սխալվում են։ Մի օր այդ ամենը կարող է չոքել նաև իրենց դուռը։ Կյանքը բումերանգ է։ Մարտիրոսյանի օրինակը ասվածի վառ ապացույցն է։ Մի հարց էլ. Մարտիրոսյանը զրկվեց բնակարան ունենալու հեռանկարից, վիրավորվեց մեր երկրից ու իշխանություններից և հեռացավ։ Բա ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր չունեն Մարտիրոսյանի կապերն ու չեն կարող հայտնվել կանադաներում։ Չէ՞ որ նրանք էլ են «քցվել»։ Մեկը բնակարանից է զրկվել, մյուսը՝ փոքր բիզնեսից, իսկ էն մյուսը՝ աշխատանքից։ Ելքն, ըստ իս, մեկն է։ Պայքարել է պետք։ Պայքար այս համակարգի ու դրա պարագլուխների դեմ։ Այլապես արտագաղթը ահագնացող չափերի կհասնի ու «սև» հումորը՝ վերջին հայի օդակայանի լույսը հանգցնելու մասին իրականություն կդառնա։ «Նո պասառան»։
Կարեն Հակոբջանյան

Wednesday, September 29, 2010

ՄԱՏՎԻԵՆԿՈՅԻ ՀԵ՞ՐԹՆ Է

Մոսկվայի քաղաքապետի պաշտոնանկությունից հետո Ռուսաստանում սկսել են խոսել այն մասին, որ իշխանությունը ձեռնամուխ է լինելու ՌԴ երկրորդ քաղաքի` Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հարցը լուծելուն: Խոսակցությունները հաճախացել են այն բանից հետո, երբ Մատվիենկոն Լուժկովի պես արձակուրդ է վերցրել:

Ռուսաստանում հայ տղամարդը սպանել է իր կնոջը բռնաբարողին

27-ամյա կնոջը բռնաբարելու համար Սարանսկի բնակիչը հատուցել է սեփական կյանքով: Զոհի քաղաքացիական ամուսինը՝ հայաստանցի 21–ամյա Գոռ Գյարգրցյանը, իր կնոջը բռնաբարողին սպանել է՝ սրտի շրջանոմ 5 հարված հասցնելով։ Գոռ Գյարգրցյանն իր սիրելի կնոջ և ընկերների հետ ուրախ ժամանակ է անցկացրել Белый медведь ժամանցային համալիրում։ Առավոտյան զույգը վիճել է և աղջիկն ուղևորվել է Կենտրոնական շուկա ՝տաքսի նստելու նպատակով։Ճանապարհին նրան է միացել 38–ամյա Վլադիմիր Ռիբակովը, որն իր մի քանի ավտոմեքենաները վարձակալությամբ տվել է տաքսի ծառայությանը։ Տաքսի նրանք նստել են միասին, տղամարդը համառորեն համոզել է աղջկան շարունակել շփումը, գիշերային ակումբ է հրավիրել, խոստացել է երկնքից լուսինն իջեցնել։ Մեքենայի մեջ նրանք սկսել են վիճել, վարորդը վիճաբանողներին իջեցրել է Саранск հյուրանոցի մոտ։ Վլադիմիրը վարդ է նվիրել աղջկան՝ առաջարկելով նրան տուն ուղեկցել։ Աղջիկը համաձայնել է, սակայն տուն ուղեկցելու փոխարեն տղամարդը նրան տարել է Սարանսկի շրջանի Իվանկովա գյուղում գտնվող իր եղբոր տուն և բռնաբարել նրան։ Կինը կարողացել է ազատվել նրանից միայն առավոտյան ժամը 8–ին, լացակումած տուն է եկել և պատմել ամուսնուն կատարվածը։ Նրանք ուղևորվել են Իվանկով, որտեղ Գոռը Վլադիմիրին սպանել է՝ սրտի շրջնում դանակի հինգ հարված հասցնելով։ Մի քանի օր անց ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Գոռ Գյարգրցյանին։ Այժմ նա կալանքի տակ է և պնդում է, որ սպանությունն իրականացրել է աֆեկտի վիճակում։

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍԱՏԱՐԻ ՀԱԿ-ԻՆ

Ժառանգություն կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին ասել է, թե առաջիկա ընտրությանը Ժառանգություն կուսակցությունը չի սատարելու Հայ ազգային կոնգրեսին: Միեւնույն ժամանակ, նա չի բացառել ընտրությանը միասնական հանդես գալու հնարավորությունը:

Ավտովթարի մեջ է ընկել

Տնտեսագիտական համալսարանի մոտ` Երեւանի Ալեք Մանուկյան-Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել Mitsubishi Pajero եւ Nissan մակնիշների մեքենաները: Նախքան Երեւանի Ճանապորհային ոստիկանության աշխատակիցները կժամանեին դեպքի վայր, Nissan-ի համարանիշներն արդեն հանված են եղել, իսկ Mitsubishi Pajero-ի համարանիշներն են  22 ՍԼ 587: Ականատեսները  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ Nissan-ը ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ծառայողական մեքենան է: Ճշտվել է նաեւ համարանիշը` 001 ՏՏ 03: Վթարի վայրում ՃՈ աշխատակիցներին փորձում էր ուղղորդել քրեակատարողական վարչության պետի օգնական Կամո Շաբոյանը, ովհամոզում էր, որ վթարված ավտոմեքենան չտեղափոխվի ՃՈ տուգանային հրապարակ, ինչը նրան չի հաջողվել:

Աշխարհի վերջը եկե~լ է

  
Գիտնականները կանխատեսում են, որ 2013 թվականին  Երկիր մոլորակի վրա իսկական քաոս է լինելու` արեգակի վրա բազում բռնկումների պատճառով: Նման տխուր հետևանքի մասին NASA-ի մասնագետները հայտնել են օրերս, նշելով, որ այդ շրջանում արեգակնային ձգողականության աստիճանը հասնելու է իր վերջնակետին: Վիճակը կարող է տևել մեկ օրից մինչև մեկ ամիս, ինչն էլ իրական վտանգ  կդառնա ու դժվարություններ կառաջացնի մարդկության համար: Ժամանակակից հասարակությունը անմիջականորեն կախված է տեխնոլոգիաներից: Էլեկտրացանցերը, օդային տրանսպորտը, բանկային ծառայությունները, ռադիոկապը,  հեռարձակումն ու կարևոր այլ ծառայություններ կարող են անհասանելի լինել մարդկության համար` Արեգակի «մեղքով»: Նման երևույթներից մինչ օրս հաջողվել է խուսափել, սակայն առաջիկա դիմագրավումը բավականին ծանր է լինելու: 1859-ին մագնիսական փոթորկի պատճառով խափանվեց հեռագրային ծառայությունը Միացյալ Նահանգներում և Եվրոպայում: 1921-ին արեգակնային ակտիվությունը շարքից հանել էր Նյու Յորքի տրանսպորտային համակարգը: «Արեգակնային փոթորիկը» 1989 -ին խաթարել էր  Քվեբեկի էլեկտրամատակարարումը, ինչի պատճառով վեց միլիոն կանադացիներ մնացել էին առանց լույս և ջերմության:

Մեր խորհրդարանականների նման


Բրազիլիայում խորհրդարանի ստորին պալատի ընտրություներում պատգամավորի աթոռի համար պայքարում է մասնագիտությամբ ծաղրածու Ֆրանսիսկո Սիլվան, որը, սակայն, այդ ճանապարհին բազմաթիվ խոչընդոտերի է հանդիպել. նա պետք է ապացուցի, որ գրել և կարդալ գիտի։ The Independent–ի փոխանցմամբ, նրա գրագիտության վերաբերյալ կասկածներ են առաջացել սեպտեմբերի 26–ին, երբ բրազիլական Ероса ամսագիրը գրել էր, որ Ֆրանսիսկոնգրել և կարդալ չգիտի։ Պարզվել է, որ ամսագրի լրագրողը թեկնածուից խնդրել է թերթիկից քաղաքականության վերաբերյալ հարցեր կարդալ, վերջինը շփոթվել է, սկսել է կակազել, ապա դիմել է իր օգնականներին, ովքեր նրա համար կարդացել են այդ հարցերըԴատարանը թեկնածուից պահանջել է անցնել գրագիտության թեստ, և քանի դեռ նա չի ապացուցել, որ կարող է կարդալ և գրել, նա չի կարող պաշտոն զբաղեցնել, քանի որ բրազիլական օրենսդրության համաձայն, անգրագետ մարդը չի կարող դառնալ իշխանության ներկայացուցիչ։ Հիշեցնենք, որ նա առ այսօր համարվում է պատգամավորի ամենաժողովրդական թեկնածուն. հարցումները ցույց են տվել, որ նրա օգտին պատրաստ է քվեարկել ավելի քան 1 մլն մարդ։Նշենք, որ Բրազիլիայի խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենալու կիրակի՝ հոկտեմբերի 3–ին

Հարցերի հետ հավես չունի

Սփյուռքի նախարարության ստեղծման երկամյակի կապակցությամբ  մամուլի ասուլիս էր հրավիրել նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ասուլիսն Online ռեժիմով հեռարձակվեց նաեւ Սփյուռքի գաղթօջախներում։ Հավանաբար այդ պատճառով ասուլիսին ներկա էին ավելի շատ նախարարության ներկայացուցիչներ, քան լրագրողներ։ Նախարարի ներածական խոսքը տեւեց 45 րոպե՝ բացառիկ երեւույթ հայաստանյան ասուլիսներում։ Դրանից հետո պարզվեց, որ կան գրավոր հարցեր, ինչին լրագրողները առաջին անգամ էին ականատես լինում։ Հավանաբար գրավոր հարցերն ուղղել էին նախարարության աշխատակիցները, իսկ լրագրողների մի մասը ժամանակից շուտ լքեց ասուլիսը։ Ընդհանրապես՝ սույն միջոցառումը, որին դժվար էր ասուլիս անվանելը, ավելի շուտ ուղղված էր Սփյուռքի լսարանին, եւ կարելի է համարել նախարարի հաշվետվությունը կատարած եւ կատարվելիք աշխատանքների մասին։

Եկել է պատժելու ժամանակը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քրգործ է հարուցվել, եւ այն գտնվում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում՝ հատուկ կարեւորագույն քննիչներից մեկի վարույթում։ Նրան կասկածում են վաշխառությամբ զբաղվելու մեջ: Մեկ այլ քրգործի շրջանակներում որպես վկա հրավիրված անձանցից մեկը միամիտ բերանից թռցրել է, որ Թաթուլ Մանասերյանն իրեն տոկոսով փող է տվել։ Ասում են՝ այդպես էլ ծնվել է քրգործը:

Չեխովի դպրոց գնա


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լավ կլիներ, որ իր տեսուչներին ուղարկեր Չեխովի անվան դպրոց. «Էլիտար համարվող այս դպրոցում են ուսանում բարձրաստիճան եւ ունեւոր անձանց զավակները, այն հայտնի է ուրույն բարքերով։ Մասնավորապես ամենամսյա գումարների հանգանակությունը հասնում է աստղաբաշխական թվերի»։ Տնօրեն Գայանե Սարուխանյանն օրերս մտել է դասարաններ ու հրահանգել, որ յուրաքանչյուրը 100 հազարական դրամ հավաքի՝ դպրոցը վերանորոգելու նպատակով։ Այս հարվածին չեն դիմացել անգամ հարուստ ընտանիքների մայրիկները եւ գումարի չափից այնքան են վրդովվել, որ սպառնացել են երեխաներին այլ դպրոցներ տեղափոխել ու բողոքել։ Դժգոհ ծնողներից մեկը պատմել է, որ երբ Երեխայի «գործերը» Չեխովի դպրոց է տարել, առաջին հերթին հետաքրքրվել են՝ VIP դասարա՞ն է ուզում, թե՞ սովորական:

Էշի ականջում քնած են

Կան փաստաթղթեր, որոնք, ըստ էության, հաղորդում են քրեական հանցագործության մասին։ Սույն ծառայողական փաստաթղթերը վկայում են, թե ինչպես ՀՀ պատկան մարմինները կարող են մի որոշում կայացնել, իսկ օրեր անց ուղիղ հակառակ որոշումն իրագործել։ Անցած երկուշաբթի օրը Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության նախկին աշխատակից Հակոբ Հովհաննիսյանը, որը նույն քաղաքում ՀՀ նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանի եւ եւս 3 հայ դիվանագետների հետ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է հայ ներգաղթյալներին կեղծ փաստաթղթեր վաճառելու համար, ԱՄՆ դատարանում ընդունել է իր մեղքը։ ԱՍՆ պատկան մարմինները, ինչպես ժամանակին գրեց ամերիկյան մամուլը, հայտարարեցին, թե այդ անձինք հայ ներգաղթյալներին «կեղծ փաստաթղթեր տրամադրելիս կապ են ունեցել Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ»: Նույն մամուլը, հղում անելով ԱՍՆ իրավապահ մարմիններին, նշում էր նաեւ, որ այդ կեղծ փաստաթղթերը վաճառվել են յուրաքանչյուրը 25-35 հազար դոլարով։ Կան Ծառայողական փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ ՀՀ ԱԳՆ-ում, գոնե որոշ դեպքերում, խիստ լավատեղյակ են եղել նման գործարքների մասին։ Ավելին, որոշ փաստաթղթերի տակ կա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայիս խորհրդական Դավիթ Սարգսյանի ստորագրությունը, նույնիսկ՝ ձեռագիր հրահանգը, թե ինչպես վարվել տվյալ ներգաղթյալի հետ:
 

Saturday, September 25, 2010

Գժի թղթով գիտության դոկտորը

Մի քանի օր առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տնտեսական և քաղաքական գիտությունների պատվավոր դոկտորի կոչում է ստացել բազմաթիվ արժանիքների, այդ թվում` նաև Գյումրիում «դեմոկրատիայի բարձր մակարդակ ապահովելու» համար: Ինքը` պրն Ղուկասյանը, հայտարարել է, թե պատահաբար է իմացել իր նոր կոչման մասին: Խնդիրը միայն այն չէ, որ Վարդան Ղուկասանը վաղուց արդեն ակադեմիկոսի կոչում էլ ունի, կազակական զորքերի ատամանի կոչում էլ, ասում են նույնիսկ «գժի թուղթ» էլ: Եթե այսպես շարունակվի, պրն Ղուկասյանը մի օր էլ կարող է պատահաբար պարզել, որ իրեն պատվավոր տիեզերագնացի կամ ջրացատկի սպորտի վարպետի կոչում են տվել: Խնդիրն այն է, որ նա, բանից պարզվում է, Գյումրիում «դեմոկրատիայի բարձր մակարդակ է ապահովում»: Այդ բարձր մակարդակի շնորհիվ է երևի, որ Հայաստանի երկրորդ քաղաքում այդքան հաճախ են իրար վրա կրակում ու սպանում պատահական անցորդներին: Եվ ընդհանրապես` իսկական դեմոկրատիան հենց այն է, որ «նաչալնիկին» անկապ կոչումներ ու մեդալներ են շնորհում: Բա ուրիշ ինչպե՞ս արտահայտել «ժողովրդի անսահման սերը իմաստուն առաջնորդի նկատմամբ»:

Friday, September 24, 2010

Արարատում քաղաքացիական պատերազմ է

Մի քանի օր առաջ, երեկոյան, առաջին հայացքից մի անմեղ, նույնիսկ դաստիարակչական միջադեպ է եղել Արարատ քաղաքի՝ վերջերս վերանորոգված գլխավոր փողոցում: Հետո, սակայն, միջադեպը դարձել է ճակատագրական՝ ողջ քաղաքի բնակիչների համար: Արարատի գլխավոր փողոցի վերանորոգումից հետո անգործությունից հիմնականում պարապ-սարապ թրև եկող քաղաքի «ոսկի երիտասարդության» սիրելի գբաղմունքներից մեկն էլ դարձել է այդ փողոցում «գոնկաների» կազմակերպումը: Դա, բնականաբար, դուր չի եկել արարատցիներին, իսկ այն բանից հետո, երբ ավտովթարի հետևանքով մի երիտասարդ է զոհվել, Արարատում բնակվող քրեական հեղինակությունները որոշել են ջահելներին կարգի հրավիրել: Հետաքրքիր է, որ շրջանառվող խոսակցություններում քաղաքի ոստիկանության անունը չի շոշափվում, մինչդեռ հենց այդ մարմնի բուն գործառույթներից մեկն էլ հենց վեճի առարկա հարցն է: Առաջին «ապտակը» բաժին է ընկնում 25-ամյա Արսենին, ով նորանորոգ փողոցում մեքենան վարում է արագությունը գերազանցելով: Նրան կանգնեցնում է քրեական հեղինակություն Սամվելը, ով հայտնի է «Չոմբե» մականունով, ու սկսում «ջահելի» հետ բարոյախրատական թեմաներով «զրույց տանել» այն մասին, թե ինչու չի կարելի մեքենան արագ վարել, և ինչու է անհրաժեշտ պահպանել երթևեկության կանոնները: Խրատը Արսենին դուր չի գալիս: Արսենը, Վազգեն Սարգսյանի ընտանիքի բարեկամն է, և ժամանակին, երբ այդ ընտանիքն Արարատում «հարց լուծող» էր, վայելում էր նրանց հովանավորությունը: Չոմբեի խրատից «մանթո» Արսենը շտապում է ընկերների մոտ, ովքեր սովորաբար հավաքվում են Արարատի հուշարձանի մատույցներում գտնվող սրճարանում, որը պատկանում է մեկ այլ Արսենի: Սրճարանի տեր Արսենն էլ, մեր աղբյուրի հավաստմամբ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ջերմ երկրպագուն և անցած քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակիցներից է: Մի քանի ժամ անց Արսեններն իրենց համակիրների բանակով ներխուժում են Չոմբեի սրճարանը, որը գտնվում է քաղաքի մյուս ծայրում, և ծեծկռտուք սարքում այնտեղ; Գույժը հասնում է չոմբեականներին։:Գիշերն արդեն Արարատը վերածվում է մարտի դաշտի: Մոտակա գյուղերից օգնության են հասնում նաև երկու բանակների խնամի-ծանոթ-բարեկամները՝ «զինված» ով ինչով կարող է՝ քար, փայտ, երկաթյա ձողեր, դանակներ: Ոստիկանական մեքենաների երևալուն պես բոլորը փախչում են: Միջադեպի արդյունքում որովայնի հատվածում սուր, ծակող գործիքից ստացած ծանր մարմնական վնասվածքներով Արարատի հիվանդանոց է տեղափոխվում Արարատի բնակիչ, 22-23-ամյա Ռոմիկ անունով մի երիտասարդ; Բժիշկներին հաջողվում է փրկել երիտասարդի կյանքը; Այժմ նրա բուժումը շարունակվում է երևանյան հիվանդանոցներից մեկում; Արսենները ձերբակալված են: Միջադեպից մի քանի օր անց ձերբակալվել է նաև Չոմբեն: Այդ մի քանի օրը նա թաքնվել է Երևանում՝ իր քեռորդիների մոտ: Վերջիններս Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող DDD մարզասրահի տերերն են: Վարկած կա, սակայն, որ այս անմեղ միջադեպը հատուկ է «սարքված»՝ Չոմբեին «լիկվիդացնելու» նպատակով: Իսկ հովանավորները Էջմիածնեցի քրեական հեղինակություններ են: Քրեական հեղինակություն գոռավանցի Մարսոյի մահից հետո արարատյան քրեական կլանը ենթարկվում էր Չոմբեին; Մարսոյին դաժանաբար սպանեցին մեկ տարի առաջ՝ երեխան գրկին, սեփական տան առաջ կանգնած; Նրա թաղման արարողությանը մասնակցում էր նաև եզդի քրեական հեղինակություն Դեդ Հասանը, ում վրա վերջերս իրականացված մահափորձը և դրա հետ կապված մանրամասները չեն իջնում լրահոսների առաջին էջերից: Թե ի՞նչ հաշիվներ են ունեցել Էջմիածնեցի քրեական հեղինակությունները Չոմբեի հետ, որ որոշել են նրան պատժել՝ «Առավոտին» չհաջողվեց ճշտել: Բայց, մեր աղբյուրի փոխանցմամբ, հարցը հասել է գեներալ Մանվելին: Վերջինս իր մոտ է հավաքել Էջմիածնեցի քրեականներին, վրաները մատ թափ տվել և հայտարարել, թե ով Չոմբեի հետ հարց ունի, ուրեմն իր հետ հարց ունի: Ասում են, որ խորհրդային տարիներին գեներալն ու Չոմբեն իրար հետ նստած են եղել երկու տարի, ու նրանց մտերմությունը վաղուցվա պատմություն ունի: Կրքերն Արարատում դեռ հանդարտված չեն, կռվի մասնակիցներից շատերը դեռ փախած են քաղաքից, շատերին էլ խորհուրդ չեն տվել միայնակ տանից դուրս գալ; Չի բացառվում, որ հաշվեհարդարների շարանը շարունակվի: Քաղաքում արտաքուստ հանդարտ իրավիճակ է, սակայն բոլորը համոզված են, որ այս հարցը ոստիկանության իրավասության շրջանակով չի ավարտվի, այլ իր տրամաբանական հանգուցալուծումը կստանա քրեական օրենքներով:

Ռուսաստանն այսօր ձգտում է նախկին կայսրության կամ գերտերության վերականգնմանը

«Ռուսական քաղաքականությունը ներկայում տարածաշրջանում զբաղված է ամերիկյան քաղաքականության բացակայությամբ»,– այսօր Կովկասի ինստիտուտում հրավիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, տարածաշրջանային քաղաքականության և անվտանգության փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Փորձագետը պարզաբանեց, որ այսօր Ռուսաստանը տարածաշրջանում ակտիվ է, ինչի պատճառը նաև հին մրցակիցների նահանջն է տարածաշրջանից: Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, այսօր ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասում այլ գերակայություններ ունի: ՌԱՀՀԿ ղեկավարի զեկույցը «Ռուսաստանի քաղաքականության նոր միտումները Կովկասում. սպառնալիքներն ու հնարավորությունները տարածաշրջանի համար» թեմայով էր, որին մասնակցում էին մի շարք օտարերկրյա կազմակերպություններից հյուրեր, պաշտոնյաներ, այդ թվում նաև՝ Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Ռուսական քաղաքականությունը, Կիրակոսյանի դիտարկմամբ, այսօր ավելի շրջահայաց և իրատեսական է, ինչի լավագույն օրինակը Ղրղըզստանի դեպքերն են, որոնց ընթացքում, Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ, Ռուսաստանը նախընտրեց ռիսկի չդիմել և չմիջամտել: Հարմարավետության ձգտող ռուսական այսօրվա քաղաքականությունը տարածաշրջանում, փորձագետի խոսքով, հիմնված է Արևմուտքի հետ համագործակցության վրա, ինչի վառ ապացույցը Իրանին սպառազինություններ չվաճառելու նրա վերջին որոշումն էր: Կիրակոսյանը նկատեց, թե այսօր Ռուսաստանն այլևս նախկին անկանխատեսելի գործընկերը չէ, այն այսօր ավելի կանխատեսելի է և իր նպաստն է բերում տարածաշրջանի անվտանգությանը՝ ԼՂ խնդրի կարգավորման Մինսկի խմբում առավել ակտիվ դիրք գրավելով: «Ռուսաստանն այսօր շահում է ստատուս քվոյից՝ միաժամանակ փորձելով ավելի ակտիվ լինել Մինսկի խմբում»,– ասաց նա: «Ռուսաստանն այսօր ձգտում է նախկին կայսրության կամ գերտերության վերականգնմանը»,– ասաց փորձագետը: ՌԱՀՀԿ ղեկավարն անդրադարձավ նաև Հայաստանում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրի կնքմանը՝ նկատելով, թե այն ՀՀ կառավարության սխալի հետևանք էր: «Ես դրական եմ վերաբերվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությանը, որովհետև Ռուսաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որը բխում է իր շահերից: Ես Հայաստանի տեսակետից եմ քննադատաբար վերաբերվում, որովհետև ռուսական ռազմաբազաների մասին այդ պայմանագիրը ՀՀ կառավարության սխալի, ռազմավարական տեսլականի բացակայության հետևանք էր»,– հայտարարեց Կիրակոսյանը: Շարունակելով Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների թեման՝ Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, թե նախկինում Ռուսաստանը հայամետ էր, իսկ հիմա նա «լավ դիրքավորվել է» տարածաշրջանում, իր շահերն ունի Ադրբեջանում, ինչի համար էլ ցանկանում է կարգավորել իր հարաբերությունները այդ երկրի հետ։ Միաժամանակ, Կիրակոսյանի դիտարկմամբ, Ադրբեջանի շփումը Ռուսաստանի հետ «ազնիվ չէ», հետևանք է Թուրքիայի «դավաճանության, և շուտով նա կրկին կվերադառնա Թուրքիայի «գիրկը»:

Լֆիկին ցորեն են հասցնում

Ռուսաստանի կառավարությունն ապրիլին որոշում է կայացրել Հայաստանին որպես հումանիտար օգնություն 5000 տոննա ցորեն եւ 1000 տոննա արեւածաղկի ձեթ առաքելու մասին; Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին կայացած կառավարության նիստում հայտարարել է, որ չնայած նրան, որ Ռուսաստանում երաշտ է եղել, պարենի այդ ծավալները շուտով առաքվելու են Հայաստան: Հատկանշական է, որ ՌԴ կառավարությունը հատուցելու է մինչեւ Հայաստանի Դալարիկ կայարան բեռի առաքման ծախսերը։ Հետագա տեղափոխման եւ պահպանման ծախսերը պետք է իրականացնի Հայաստանի կառավարությունը: Այդ նպատակով Արմեն Երիցյանն այսօր կառավարությունից 12,2 մլն դրամ (մոտ 32 հազ. դոլար) գումար խնդրեց: Նշենք, որ ցորենը առաքվելու է Բաղրամյանի ալրաղաց, որը պատկանում է հայտնի գործարար Լֆիկ` Սամվել Ալեքսանյանին:

«Դեդ Հասանը» առաջին ցուցմունքներն է տվել

Քրեական հեղինակություն «Դեդ Հասանը» առաջին ցուցմունքներն է տվել քննիչներին` Բոտկինյան հիվանդանոցի իր հիվանդասենյակում: Սեպտեմբերի 23-ին VIP-հիվանդին տեղափոխել են այլ հիվանդանոց: Մոսկվայի լավագույն բժիշկները կարճ ժամանակում արել են ամեն ինչ, որ կարգավորեն 73-ամյա Ուսոյանի առողջական վիճակը: Ինչպես հայտնի է դարձել Life News-ին, վիրավորված օրենքով գողն արդեն կարողանում է ինքնուրույն վեր կենալ, շարժվել հիվանդասենյակում եւ շփվել մտերիմների հետ: Նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանի կյանքին եւս ոչինչ չի սպառնում: Քննիչների հետ զրույցում, Ուսոյանը սեպտեմբերի 16-ի երեկոյան տեղի ուենցած մահափորձի որոշ մանրամասներ է հայտնել: Նրա վիճակն այնքան է լավացել, որ տեղափոխել են մասնավոր կլինիկաներից մեկը: Հատկանշական է, որ այդ կլինիկայում էին փորձում փրկել մեկ այլ օրենքով գողի՝ «Յապոնչիկ» մականունով Վյաչեսլավ Իվանկովի կյանքը, սակայն ապարդյուն:

Պաշտոնի բարձրացո?ւմ է

ՀՀ ոստիկանությունում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը շուտով նշանակվելու է ՀՀ փոխոստիկանապետ: Այս լուրերը պաշտոնապես ոչ հաստատվում են, ոչ հերքվում: Թե նրա նոր պաշտոնում նշանակվելուց հետո ով է նշանակվելու ճանապարհային ոստիկանության պետ, առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե արդյոք Օհանյանի համար փոխոստիկանապետի նո՞ր հաստիք է բացվելու, թե՞ գործող փոխոստիկանապետերից մեկը պետք է ազատվի աշխատանքից:

Պետական պաշտոնյան բիզնեսն աղջկա անունով է գրանցել

Սերժ Սարգսյանի գործերի կառավարչի տեղակալ Վարուժան Գրիգորյանը, Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որպես վկա հանդես գալով, մի շարք ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել: ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ 2009-ի մայիսին մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրվող Գագիկ Մաթեւոսյանը եւ եւս 5 անձինք մեղադրվում են նաեւ «Փեթակ» տոնավաճառի տիրոջ տունը թալանելու փորձ կատարելու մեջ: Այս գործով սեպտեմբերի 10-ի դատական նիստում, որպես «Փեթակի» տեր, ցուցմունք է տվել հենց Վարուժան Գրիգորյանը: Սակայն, երբ դատավոր Գագիկ Ավետիսյանը նրան հարցրել է, թե ի՞նչ կապ ունի «Փեթակի» հետ, Գրիգորյանը պատասխանել է. «Դե, երբ պետական պաշտոնի պիտի նշանակվեի, տոնավաճառը գրեցինք աղջկաս անունով, որովհետեւ ինձ չէր կարելի բիզնեսով զբաղվել, բայց դե տերը ես եմ»: Ի դեպ, Գրիգորյանն ի պաշտոնե զբաղված է նախագահականի նյութական մատակարարմամբ:

Ռուսական վարկի «ատկատը»

Բանից պարզվում է` անցյալ տարի Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլար վարկից 40 միլիոնը տրամադրվել է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը: Խեղճ «ՀայՌուսգազարդի» գործերն իսկապես ահավոր վատ են: Այդ ընկերությունը Ռուսաստանից գազը բերում է 180 դոլարով եւ բնակչության վրա վաճառում ավելի քան 2 անգամ թանկ` 366 դոլարով, էլ որտեղի՞ց շահույթ ունենա: Որիշ բան` մեկին երեք գնով վաճառեր, բայց ընդամենը կրկնակի է վաճառում, չէ՞: Եվ, բնականաբար, Հայաստանի կատավարությունը պետք է պատշաճ հոգածություն ցուցաբերի «հազիվ ծայրը ծայրին հասցնող» նման ընկերությունների նկատմամբ: Մանավանդ, որ համ Ռուսաստանն է Հայաստանի «ռազմավարական գործընկերը», համ էլ Կարեն Կարապետյանը` Սերժ Սարգսյանի: Ի դեպ, այդ գումարը «ՀայՌուսգազարդին» պարտքով են տվել, այն էլ` տոկոսով: Իսկ որտեղի՞ց պիտի «ՀայՌուսգազարդը» վերադարձնի այդ պարտքը: Ճիշտ է, վարկի մարման գումարը կներառվի (արդեն ներառվել է) գազի սակագնի մեջ: Ահա եւ ստացվում է, որ իրենք իրենց պարտքով փող են տալիս, իսկ վճարողը միշտ լինում է ժողովուրդը: կարեւորը, որ այդ ամենը կոչվի «հակաճգնաժամային ծրագիր»:

Wednesday, September 22, 2010

Սադիստին ձերբակալել են

Ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը: Հայտարարություն է տարածել. «17.09.2010թ. ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինտերնետում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու և խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլիսին N զորամասի տարածքում: Նույն զորամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայելի Գալստյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի և ծաղրուծանակի է ենթարկել զորամասի ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գարիկ Նորայրի Հարությունյանին և շարքային Բակուր Ռոբերտի Եղիկյանին: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Գարիկ Նորայրի Հարությունյանը և Բակուր Ռոբերտի Եղիկյանը քրեական գործով ճանաչվել են որպես տուժողներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Սասուն Միքայելի Գալստյանին 18.09.2010թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առգրավվել է բջջային հեռախոսը, որով տեսանկարահանվել են նշված գործողությունները: Կատարվում են տեսանկարահանող զինծառայողի, նրա հոր և եղբոր հարցաքննությունները: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Monday, September 20, 2010

Արևիկ Պետրոսյանը հրաժարական տվեց

ՀՀ Աժ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արեւիկ Պետրոսյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել: Այդ մասիին հայտնել է ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նրա փոխարեն առաջարկվելու է «Բարգավաճ Հայաստանի» մեկ այլ ներկայացուցչի թեկնածությունը: Խաչիկ Գալստյանը, սակայն, դժվարացել է ասել, թե ո?ւմ են առաջադրելու: Նրա խոսքով, դա պարզ կլինի հոկտեմբերին: Նա նաեւ դժվարացավ նշել, թե ո?րն է Արևիկ Պետրոսյանի հրաժարականի պատճառը: Մենք նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ու Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել են, թե մտադիր չեն զբաղեցնել խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը: Այդ պաշտոնին, ըստ թերթին մոտ կանգնած ԲՀԿ-ական աղբյուրերի, կառաջադրվի նախկին ՕԵԿ-ական, վերջերս` ԲՀԿ-ին անդամակցած. <Գյումրի> գարեջրատեր Սամվել Բալասանյանի թեկնածությունն, ով ոչ վաղ անցյալում ասում էր, թե ճակատին <Օրինաց երկիր> է գրած, սակայն այն ժամանակ բարձրացավ մինչև խմբակցության ղեկավարի պաշտանին: Իսկ ճակատին <Բարգավաճ Հայաստան> գրելը պարզվում է ավելի բարձր պաշտոն ապահովեց Սամվել Բալասանյանի համար: Փաստորեն` Գագիկ Ծառույանը` ռոբերտ Քոչարյանի հորդորով ու առաջնորդությամբ լրջորեն է նախապատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Լուժկովի հրաժարականի մասին

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը 2008թ. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն երկրի ղեկավարը չի ընդունել այն: Այս մասին The New Times անսագրին տված հարցազրույցում պատմել է Լուժկովի կինը՝ «Ինտեկո» ընկերության նախագահ Ելենա Բատուրինան: Հրաժարականի դիմում Լուժկովը ներկայացրել էր այն բանից հետո, երբ 2008թ. նոյեմբերին Կրեմլը քննադատել էր քաղաքագլխին՝ նահանգապետերի ընտրովի լինելու կարգին վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարության համար: Լուժկովն իր հայտարարությունն արել էր Առաջին ալիքի եթերում, ինչից հետո նախագահի մամուլի ծառայությունը մեկնաբանություն էր տարածել, որում նշվում էր. «Դժգոհ նահանգապետերը կարող են հրաժարական տալ»: Բատուրինան պատմել է, որ դրանից հետո Լուժկովը հավաքել է իր ամբողջ ընտանիքը և ասել, որ դա իր համար պատվի հարց է և որ ինքը հետ չի կանգնի նահանգապետերի ընտրովի համակարգին անցնելու անհրաժեշտության վերաբերյալ իր տեսակետից: «Քաղաքապետը գնաց նախագահի մոտ դիմումով, ինչին ի պատասխան Մեդվեդևն ասաց, որ ինքը նկատի ուներ բոլորովին այլ մարդկանց, և որ ինքը դժգոհություն չունի քաղաքապետից, թող հանգիստ աշխատի»,- նշել է Բատուրինան: Ամսագրին հարցազրույցը Բատուրինան տվել է Ավստրիայում Skype-ով: Ավստրիայում է նաև Լուժկովը, որն արձակուրդում սեպտեմբերի 21-ին կնշի իր ծննդյան 74-ամյակը:

Sunday, September 19, 2010

Ո՞ւր են գնում

Tert.am–ը Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի վերջին հանրահավաքի, նրա առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթում հնչած մտքերի վերաբերյալ զրուցել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ:
- ՀՀՇ համագումարում առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հնչեցրած այն մտքից, թե Հայաստանը չի կարող զարգանալ՝ առանց ԼՂ խնդրի կարգավորման, Դուք դժգոհություն եք հայտնել: Հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանն իր ելույթում «ստիպված լրացուցիչ պարզաբանեց», որ ինքը հիշյալ հայտարարությունն անելով՝ նկատի չուներ ԼՂ–ն զիջել, այլ նկատի ուներ, որ Հայաստանը չի կարող զարգանալ՝ առանց ԼՂ խնդրի լուծման: Ի՞նչ կասեք այս մասին:
- Լևոն Տեր–Պետրոսյանը երեկ ասաց. «Ո՞վ է Ձեզ ստիպում որևէ բան զիջել, ո՞վ է պահանջում տարածքներ վերադարձնել, ո՞վ ուրախ չի լինի, եթե ապահովեք լուծում՝ առանց զիջումների»: Այս հարցադրումներով Տեր–Պետրոսյանի արտահայտած միտքը, վստահ եմ, մեր ժողովրդի զգալի մասի համար նորություն էր, սակայն ինձ համար նորություն չէ, որովհետև նույնանման արտահայտություն նրա շուրթերից ես լսել եմ 2008թ. ընդդիմադիր ներկայացուցիչների դահլիճային փակ հավաքի քննարկման ժամանակ: Եվ այս իմաստով նա տարբերվում է Քոչարյանից ու Սերժից նրանով, որ Լևոնը կողմ է լուծման՝ հանուն շուտափույթ լուծման, վերջին երկուսը կողմ են լուծման՝ հանուն նրանց աթոռի, իշխանության պահպանման: Եվ պետք է ազնիվ լինենք և չանտեսենք այն փաստը, որ Տեր–Պետրոսյանն ապացուցել է, որ ինքն այն գործիչը չէ, որ ամեն գնով կառչողն է իր աթոռից, իշխանությունից: Համամիտ չլինելով շուտափույթ լուծման նրա հիմնավորումներին՝ ստանում ենք մի պատկեր, որ լուծումը դառնում է ինքնանպատակ, սակայն շատ ավելի լավ կլիներ սույն թվականի հուլիսի 17–ի ՀՀՇ–ի համագումարում նրա ելույթից հետո նա շատ ավելի կարճ ժամանակ հետո հանդես գար հայտարարությամբ, որպեսզի այդպիսի թյուրընկալումներ չլինեին, քան 2 ամիս սպասեր ու հերթական հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես գար, որովհետև մեր ժողովուրդը հանրահավաքների բեմերից այլ բովանդակությամբ ելույթների է կարոտ։ Փորձեմ մեկ անգամ ևս իմ տարակարծությունը հայտնել՝ նշելով, որ հայկական կողմն Արցախի խնդիրը վաղուց է լուծել և պատերազմի վտանգի հավանականությունը մեծանում է այն դեպքում, երբ խախտվում է այսօրվա ստատուս քվոն:
- Ակնկալիքներ ունեի՞ք ՀԱԿ–ի հանրահավաքից:
- Ես դեռ հանրահավաքից առաջ էի ասել, որ ոչ մի ակնկալիք չունեմ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից, և ես մնում եմ իմ կարծիքին: Այո, իմ համոզմամբ, ՀԱԿ–ը չի լսում մեր հորդորները, որ մենք ասում ենք, որ երբեք հույս չպետք է փայփայել, թե ընտրություններով ի նպաստ ժողովրդի փոփոխություններ կլինեն: Դժբախտաբար, նրանք չլսելով մեր հորդորը, շարունակում են այն ուղին, որ գնում են դեպի հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
- Ո՞րն է ստեղծված իրավիճակի լուծման հարցում ՀԱԿ–ի և «Սարդարապատի» մոտեցումների տարբերությունը:
- Մենք տարբերություն չենք դնում հերթականի և արտահերթի, մենք կարծում ենք, որ կեղեքող համակարգի առկայության դեպքում ընտրությունների միջոցով հնարավոր չէ որևէ արդյունքի հասնել, որը օգուտ կբերի մեր ժողովրդին: Սա է մեր տեսակետը, և մենք կարող ենք հիմնավորել մեր տեսակետը, որ արտահերթի կամ հերթականի միջև որևէ տարբերություն չկա, որովհետև այդ ամենը կատարվելու է իշխող համակարգի առկայության դեպքում: Իմ համոզումն այն է, որ ՀԱԿ–ը, չլսելով մեր հորդորները, գնում է հերթական կամ արտահերթ ընտրությունների, այս դեպքում, ես նույնիսկ կարող եմ վստահաբար ասել, որ հերթական, այսինքն՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններին է գնում: Խոսքս չի վերաբերում միայն ՀԱԿ–ին, այլև «Ժառանգությանն» է վերաբերում: Լավագույն դեպքում նրանք ստանալու են 7–8–ական տեղ խորհրդարանում, և ի՞նչ է փոխվելու մեր ժողովրդի համար՝ ո՞ւր են գնում նրանք, ո՞ր խորհրդարանը, ինչպիսի՞ խորհրդարան, հովիկաբրահամյանների՞ խորհրդարան, մականունավորների՞ խորհրդարան: Մեր ասածն այն է, որ նախ պետք է համակարգը փոխել, հետո, այո, անպայման, ընտրություններով ձևավորել ժողովրդի իշխանությունը: