Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, November 3, 2010

Վանաջորում կրակում են

Նոյեմբերի 2-ին, ժամը 16։00–ի սահմաններում հերթական կրակոցներն են հնչել Վանաձորում։ Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Օազիս» սրճարանի առջև ինքնությունը չպարզված անձը ապօրինի և դեռևս մակնիշը չպարզված հրազենից երկու անգամ կրակել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1983 թվականին ծնված Արսեն Փերիխանյանի վրա ու դիմել փախուստի։ Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2– րդ մասի 9-րդ կետով և 235 հոդվածի առաջին մասով։ Նախաքննություն է ընթանում։ Հանցագործին փնտրում են, առայժմ նրա ինքնությունը պարզված չէ։ Ոստիկանությունից մեզ նաև հայտնեցին, որ տուժող Արսեն Փերիխանյանը տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, սակայն ժամը 21:00-ի սահմաններում, երբ մենք այցելեցինք հիվանդանոց, տուժողին արդեն տեղափոխել էին Երևան, իսկ նրա առողջական վիճակի մասին հիվանդանոցի վիրաբույժ Տիգրան Արզոյանը մեզ տեղեկություններ չտրամադրեց, ասելով, որ ինքը ոչինչ չունի ասելու, մանավանդ, որ «դա դատական դեպք ա»։ Մենք միայն տեղեկացանք, որ գնդակը դիպել է տուժողի ազդրին և նրա կյանքին վտանգ չի սպառնում։

No comments:

Post a Comment